Գլխավոր տեղեկություն
Համար
N 606
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.30/24(122)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.09.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2000 թվականի N 606

քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արվեստանոցների մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել պետական արվեստանոցների մասնավորեցման (սեփականաշնորհման) կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
սեպտեմբերի 30-ի N 606 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

պետական արվեստանոցների մասնավորեցման (սեփականաշնորհման)

 

1. Սույն կարգով կարգավորվում է պետական բնակարանային ֆոնդին պատկանող տարածքներում գտնվող` նկարիչներին, քանդակագործներին, ճարտարապետներին և այլ ստեղծագործողներին (այսուհետև` արվեստագետներ) վարձակալությամբ տրված տարածքների (այսուհետև` արվեստանոցներ) մասնավորեցման (սեփականաշնորհման) գործընթացը:

2. Պետական բնակարանային ֆոնդին պատկանող տարածքներում գտնվող պետական արվեստանոցները մինչև 2000 թվականի մայիսի 1-ը վարձակալության հիմունքներով օգտագործող արվեստագետները (նրանց լիազոր ներկայացուցիչները) մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը այդ արվեստանոցներն իրենց անհատույց մասնավորեցնելու (սեփականաշնորհելու) մասին դիմումը ներկայացնում են` մարզերում` համապատասխան մարզպետներին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետին: Դիմումի հետ միասին ներկայացնում են նաև պետական արվեստանոցները նախկինում վարձակալության հիմունքներով իրենց հատկացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ (օրդեր, վարձակալության պայմանագիր, վարձակալական գրքույկ), ինչպես նաև ստեղծագործական միությունների կողմից տրված երաշխավորությունը:

3. Դիմումը և համապատասխան փաստաթղթերը ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում, մարզերում` համապատասխան մարզպետը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետն ստուգում են այդ փաստաթղթերի օրինականությունը և ընդունում որոշում պետական արվեստանոցները դիմողին անհատույց մասնավորեցնելու (սեփականաշնորհելու) մասին:

4. Պետական արվեստանոցների անհատույց մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին որոշման ընդունումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է նշված արվեստանոցների անհատույց մասնավորեցման (սեփականաշնորհման) պայմանագիր: Պետական արվեստանոցների անհատույց մասնավորեցման (սեփականաշնորհման) պայմանագիրը ենթակա է վավերացման` նոտարական կարգով, իսկ սեփականության իրավունքը` պետական գրանցման: