Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարար __________________ Վ. Գաբրիելյան |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ _____________________ Գ. Խաչատրյան 21 հունիսի 2012 թ. N 18 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 24.1-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԵՎ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 40.1-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՆՇՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ կառավարության 19.12.2002թ. «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրս գրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) 14-րդ կետի «ա» ենթակետի համաձայն, դեբիտորական պարտքը ճանաչվում է անհուսալի` կետանցված դառնալու 366-րդ օրվանից` եթե դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը կազմակերպությանը չի գերազանցում 100,0 հազ. դրամը, կամ` դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու վերաբերյալ դատարանի համապատասխան վճռի առկայության դեպքում, եթե տվյալ դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը կազմակերպությանը գերազանցում է 100,0 հազ. դրամը: Կարգի 21-րդ կետի համաձայն կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու 366-րդ օրվանից համարվում է անհուսալի: Կարգի 8-րդ կետի «ա» ենթակետի համաձայն Կարգի դրույթները չեն տարածվում պետական կամ համայնքների բյուջեների նկատմամբ հարկային պարտավորությունների, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով առաջացած դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի վրա:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 24.1-րդ հոդվածի համաձայն, մինչև 01.01.2009թ. բնակչությանը, ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց խմելու ջրի մատակարարման գործարքների, կեղտաջրերի հեռացման ծառայությունների, ինչպես նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման, իսկ մինչև 01.01.2011թ.` ոռոգման ջրի մատակարարման գործարքների մասով ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) վճարման պարտավորության ծագման պահը որոշվում է ձեռք բերված ու մատակարարված ապրանքների և մատուցված ու ստացված ծառայությունների դիմաց վճարման պահով:
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 40.1-րդ հոդվածի համաձայն, մինչև 01.01.2009թ. իրականացված` խմելու ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացման և մաքրման, իսկ մինչև 01.01.2011թ.` ոռոգման ջրի մատակարարման գծով բնակչությանը, ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց մատուցվող ծառայությունների (գործարքների), ինչպես նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև 01.01.2009թ. բնակչությանը, ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց խմելու ջրի մատակարարման գործարքների, կեղտաջրերի հեռացման ծառայությունների, ինչպես նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման, իսկ մինչև 01.01.2011թ.` ոռոգման ջրի մատակարարման գործարքների մասով առաջացած պարտքերը անհուսալի ճանաչելիս և դուրս գրելիս առաջանում են տարաբնույթ մեկնաբանություններ, Կարգի դրույթների կիրառության հստակեցման նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Այն դեպքում, երբ դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը (ներառյալ` ԱԱՀ-ը) չի գերազանցում 100,0 հազ. դրամը, դեբիտորական պարտքը (ներառյալ` ԱԱՀ-ը) ճանաչվում է անհուսալի` կետանցված դառնալու 366-րդ օրվանից:
2. Այն դեպքում, երբ դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը (ներառյալ` ԱԱՀ-ը) գերազանցում է 100,0 հազ. դրամը, դեբիտորական պարտքը (ներառյալ` ԱԱՀ-ը) ճանաչվում է անհուսալի` կետանցված դառնալու 366-րդ օրվանից` դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու վերաբերյալ դատարանի համապատասխան վճռի առկայության դեպքում: Ընդ որում, Կարգի կիրառման իմաստով, դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու վերաբերյալ դատարանի համապատասխան վճիռ է համարվում`
1) իրավասու դատարանի կողմից դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու հիմքով դատարան ներկայացված հայցադիմումի հիման վրա կայացված ցանկացած վճիռը (բացառությամբ` դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի), կամ`
2) իրավասու դատարանի կողմից ցանկացած այլ հիմքով դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու վերաբերյալ կայացված վճիռը:
3. Կրեդիտորական պարտքը (ներառյալ` ԱԱՀ-ը) կետանցված դառնալու 366-րդ օրվանից համարվում է անհուսալի:
4. ԱԱՀ-ի և (կամ) շահութահարկի գծով գործարքից առաջացող (առաջացած) հարկային պարտավորությունները (կամ հաշվանցվող) գումարները` որպես պետական բյուջեի նկատմամբ կրեդիտորական (կամ դեբիտորական) պարտքեր, անհուսալի չեն ճանաչվում և դրանց մասով կազմակերպության հաշվետու տարվա համախառն եկամուտը չի ավելացվում կամ չի պակասեցվում:
5. Անհուսալի ճանաչվող դեբիտորական պարտքի մեջ ներառվում է նաև գնորդից կամ ծառայություն ստացողից ստացման ենթակա ԱԱՀ-ը (առկայության դեպքում), իսկ անհուսալի ճանաչվող կրեդիտորական պարտքի մեջ ներառվում է նաև վաճառողից կամ ծառայություն մատուցողից վճարման ենթակա ԱԱՀ-ը (առկայության դեպքում):
6. Եթե կազմակերպության կողմից իրականացված գործարքի գծով ԱԱՀ-ի և շահութահարկի գծով հարկային պարտավորությունները առաջնային հաշվառման հաշվեգրման սկզբունքով` առանց հարկի հաշվարկման կամ վճարման հետաձգման, ապա սույն պաշտոնական պարզաբանման 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում ձևակերպումների հերթականությունից ելնելով.
1) դեբիտորական պարտքը ճանաչվում է որպես իրացումից հասույթի և ԱԱՀ-ի հանրագումար (օրինակ` 100+20=120 միավոր), իրացման հետ կապված ուղղակի ծախսումները ձևակերպվում են ծախսերով և դրանց գծով ԱԱՀ-ի գումարները դեբետագրվում (դեբետագրվել) են ընդհանուր կարգով (70+14=84 միավոր), իրացումից հասույթից հանած ծախսերը ձևավորվում է հարկվող շահույթը (100-70=30 միավոր) և շահութահարկը (30x20%=6 միավոր).
2) դուրսգրված դեբիտորական պարտքը ձևակերպվում է այլ նվազեցումներով ամբողջ գումարով (120 միավոր), իսկ գործարքից առաջացած և դեռևս չկատարված հարկային պարտավորությունները (ԱԱՀ, շահութահարկ) անհուսալի չեն ճանաչվում և դրանց մասով կազմակերպության հաշվետու տարվա համախառն եկամուտը չի ավելացվում.
3) դուրսգրված դեբիտորական պարտքի մարման դեպքում (մասնակի) մարված գումարները (այդ թվում՝ ԱԱՀ-ի գումարները) ձևակերպվում են այլ եկամուտներով (120 միավոր):
7. Եթե կազմակերպության կողմից իրականացված գործարքի գծով ԱԱՀ-ի պարտավորությունները առաջանում են հաշվառման դրամարկղային սկզբունքով և շահութահարկի պարտավորությունները առաջանում են հաշվառման հաշվեգրման եղանակով՝ շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնության կիրառմամբ, ապա սույն պաշտոնական պարզաբանման 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում ձևակերպումների հերթականությունից ելնելով.
1) դեբիտորական պարտքը ճանաչվում է որպես իրացումից հասույթի և ԱԱՀ-ի հետագայում առաջացող կրեդիտի հանրագումար (100+20=120 միավոր), իրացման հետ կապված ուղղակի ծախսումները ձևակերպվում են ծախսերով և դրանց գծով ԱԱՀ-ի գումարները դեբետագրվում (դեբետագրվել) են ընդհանուր կարգով (70+14=84 միավոր), իրացումից հասույթից հանած ծախսերը ձևավորվում է հարկվող շահույթը (100-70=30 միավոր) և հետաձգված շահութահարկը (30x20%=6 միավոր).
2) դուրսգրված դեբիտորական պարտքը ձևակերպվում է այլ նվազեցումներով ամբողջ գումարով (120 միավոր), հետագայում առաջացող հարկի (ԱԱՀ) և հետաձգված հարկի (շահութահարկ) գումարները անհուսալի չեն ճանաչվում և դրանց մասով կազմակերպության հաշվետու տարվա համախառն եկամուտը չի ավելացվում.
3) դուրսգրված դեբիտորական պարտքի (մասնակի) մարման դեպքում (մասնակի) մարված գումարները (այդ թվում՝ հետագայում առաջացող ԱԱՀ-ի գումարները) ձևակերպվում են այլ եկամուտներով (120 միավոր), հետագայում առաջացող ԱԱՀ-ի կրեդիտի գումարները ձևակերպվում են ԱԱՀ-ի կրեդիտով (20 միավոր), իսկ հետաձգված շահութահարկը ձևակերպվում է որպես վճարման ենթակա (6 միավոր):