Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.07.02/17(430)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.06.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 հունիսի 2012 թ.

 թիվ 5

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԿԱՄ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ֆինանսական կազմակերպությունները և կարգավորվող շուկայի օպերատորը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են դիմել բարձրացնելով հետևյալ հարցը՝

կարո՞ղ են արդյոք թողարկվել Հայաստանի Հանրապետությունում կարգավորվող շուկային թույլատրված կամ թույլատրման ենթակա արտարժույթով արտահայտված պարտատոմսեր, ինչպես նաև դրանց դիմաց արտարժույթով իրականացվել վճարումներ:

1. Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) նախ անհրաժեշտ է համարում քննարկել պարտատոմսերի տեղաբաշխման գործառնության բովանդակային կողմը, որը կարող է նշանակություն ունենալ բարձրացված հարցի պարզաբանման համար:

Բովանդակային առումով Խորհուրդը գտնում է, որ պարտատոմսերի տեղաբաշխումն իրենից ներկայացնում է փոխառության ներգրավման ձև: Այս եզրահանգման համար Խորհրդի համար ի թիվս այլոց կողմնորոշիչ են հանդիսանում պետական պարտատոմսերի հետ կապված օրենսդրական կարգավորումները: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 885-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական փոխառության պայմանագիրը կնքվում է փոխառուի թողարկած պետական այն պարտատոմսերը կամ պետական այլ արժեթղթերը փոխատուի կողմից ձեռք բերելու միջոցով, որոնք հավաստում են դրամական միջոցները, այլ գույքը, սահմանված տոկոսները կամ այլ գույքային իրավունքները փոխառության թողարկման պայմաններով նախատեսված ժամկետներում փոխառուից ստանալու փոխատուի իրավունքը: Այսինքն՝ նշված հոդվածի կարգավորումից ակնհայտ է դառնում, որ պետության կողմից պարտատոմսերի տեղաբաշխումը հանդիսանում է հասարակությունից փոխառության ներգրավման ձևերից մեկը:

Անդրադառնալով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ՝ Օրենք)՝ Խորհուրդը կարևորում է Օրենքի 7-րդ հոդվածի 51-րդ մասը, որի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաև արտարժույթով:

Այս առումով Խորհուրդը արժութային կարգավորման տեսանկյունից տարբերություն չի դնում պարտատոմսերի և փոխառությունների միջև և պարտատոմսերի համար կիրառելի է համարում Օրենքով փոխառությունների համար նախատեսված կարգավորումները:

2. Բարձրացված խնդրի տեսանկյունից Խորհրդի կողմից կարևորվող հաջորդ հարցը վերաբերում է պարտատոմսերի թողարկման կարգին:

Այս տեսանկյունից Խորհուրդը պետք է նկատի ունենա, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են նաև փոխառություններն արտարժույթով տրամադրելու որոշ սահմանափակումներ: Մասնավորապես՝ սպառողական փոխառությունների մասով, որոնց վերաբերյալ հարցին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն անդրադարձել է իր 2007 թվականի փետրվարի 7-ի «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5.1 և 8.1 մասերի վերաբերյալ» թիվ 1 պաշտոնական պարզաբանմամբ:

Վերոնշյալի հաշվառմամբ, ինչպես նաև նկատի ունենալով, որ պարտատոմսերը շրջանառելի են և հանդիսանում են հասարակության լայն զանգվածներից փոխառությունների ներգրավման միջոց՝ քաղաքացիաիրավական շրջանառության մեջ արտարժույթով արտահայտված պարտատոմսերի ներդրման տեսանկյունից ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը գիտակցում է նաև՝

 հասարակության լայն զանգվածների մոտ արտարժույթով արտահայտված ակտիվների ու պարտավորությունների ռիսկերի պատշաճ կառավարման անհրաժեշտությունը,

 արտարժույթով արտահայտված պարտատոմսերում ներդրողների (փոխատուների) մոտ իրենց առաջարկված գործիքի վերաբերյալ բավարար տեղեկացվածության ապահովման կառուցակարգերի կիրառման անհրաժեշտությունը,

 փոխառությունների տրամադրման և ներգրավման նպատակայնությունից կախված Օրենքով սահմանված սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի վերը նշված հոդվածները, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պաշտոնապես պարզաբանում է.

1. Միայն կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված կամ ազդագրի («Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն ազդագրի հրապարակման պահանջից բացառությունների և/կամ ոչ հրապարակային թողարկման դեպքում՝ թողարկման պայմանների) համաձայն՝ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրման ենթակա պարտատոմսերի արտահայտումը արտարժույթով (ներառյալ՝ անվանական արժեքի նախատեսումը), այդ պարտատոմսերի ձեռքբերման ժամանակ վճարումները և այդ պարտատոմսերի մարումը կարող են կատարվել արտարժույթով:

2. Սույն պարզաբանման 1-ին կետով նախատեսված արտարժույթով արտահայտված պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության և մարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են փոխառությունների (վարկերի) համար Օրենքով նախատեսված կանոնները:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. հունիսի 20

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան