Գլխավոր տեղեկություն
Համար
N 379
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.07.19/16(114)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2000 թվականի N 379
քաղ. Երևան

 

ՄԵՂՐՈՒ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև կնքված «Հայաստանի Հանրապետության Մեղրու շրջանի և Իրանի Իսլամական Հանրապետության Մարանդի գավառի միջև սահմանամերձ առևտրի մասին» համաձայնագրի դրույթներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` Մեղրու սահմանային անցումային կետի շրջակայքում հաստատված մաքսային հսկողության գոտու տարածքում, Արաքս գետի կամրջի աջ կողմում գտնվող Կարճևանի գյուղական համայնքի վարչական տարածքի արդյունաբերության, տրանսպորտի, կապի, պաշտպանության և այլ նշանակության կատեգորիայի հողերից 4000 քառակուսի մետր տարածք հատկացնել սույն որոշման 4-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված մրցույթում հաղթող կազմակերպությանը` սահմանամերձ առևտրի շուկայի գործունեությունը կազմակերպելու համար:

2. Հաստատել`

ա) Մեղրու սահմանամերձ առևտրի շուկա ներմուծվող և այդ տարածքից արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպումների կարգը (կցվում է).

բ) Մեղրու սահմանամերձ առևտրի շուկա ներմուծման և արտահանման համար արգելվող ապրանքների ցանկը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` Մեղրու սահմանամերձ առևտրի շուկան վերագործարկելու նպատակով մեկամսյա ժամկետում Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան պետական մարմինների հետ կազմակերպել քննարկումներ:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`

ա) 15-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ձեռնարկությունների պետական ռեգիստրի Մեղրու տարածքային բաժնում գրանցված կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից` Մեղրու սահմանամերձ առևտրի շուկայում առևտուր իրականացնելու նպատակով 40 կազմակերպություն և անհատ ձեռնարկատիրոջ ընտրելու համար կազմակերպվող մրցույթի անցկացման կարգը և պայմանները.

բ) 15-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքն առևտրի կազմակերպման նպատակով առևտրային կազմակերպության հանձնելու համար կազմակերպվող մրցույթի անցկացման կարգը և պայմանները.

գ) մեկամսյա ժամկետում անցկացնել սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված մրցույթը և հրապարակել այն 40 կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ ցանկը, որոնց համար պետք է ստեղծվեն պայմաններ` Մեղրու սահմանամերձ առևտրի շուկայում առևտուր իրականացնելու համար.

դ) մեկամսյա ժամկետում անցկացնել սույն որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում նշված մրցույթը և որոշել այն կազմակերպությունը, որի օգտագործմանը պետք է հանձնվի Մեղրու սահմանամերձ առևտրի շուկայի համար նախատեսված տարածքը:

5. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետում նշված մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարվա մայիս ամսին, իսկ «դ» ենթակետում նշված մրցույթը` յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, մայիս ամսին:

6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում ապահովել անհրաժեշտ պայմաններ` սույն որոշման 4-րդ կետում նշված ցանկում ընդգրկվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից Մեղրու սահմանամերձ առևտրի շուկայի տարածք ներմուծվող ու արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպումները և մաքսային հսկողությունը Մեղրու մաքսային կետում իրականացնելու համար.

բ) քաղաքացիների կողմից Մեղրու սահմանամերձ առևտրի շուկայի տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքների համար օրենքով սահմանված արտոնությունների չարաշահումները կանխելու նպատակով մեկամսյա ժամկետում մշակել համակարգչային ծրագիր` նշված շուկայի տարածք քաղաքացիների մուտքը հաշվառելու համար:

7. Սահմանել, որ Մեղրու սահմանամերձ առևտրի շուկայի աշխատաժամերին արգելվում են տրանսպորտային միջոցների մուտքը շուկայի տարածք և ելքը շուկայի տարածքից, բացառությամբ շուկայի աշխատանքները կազմակերպող կազմակերպության տրանսպորտային միջոցների:

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության Մեղրու շրջանում սահմանամերձ առևտրի կազմակերպման մասին» N 57 որոշման 3-րդ և 7-րդ կետերը, 1994 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Մեղրու շրջանի սահմանամերձ առևտրի տարածքը մաքսային հսկողության գոտի սահմանելու և այդ տարածքում մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների ժամանակավոր կարգ հաստատելու մասին» N 288 որոշումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 11-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հուլիսի 11-ի N 379 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

Մեղրու սահմանամերձ առեվտրի շուկա ներմուծվող ԵՎ այդ տարածքից արտահանվող ապրանքների մաքսային ձեվակերպումների

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված «Հայաստանի Հանրապետության Մեղրու շրջանի և Իրանի Իսլամական Հանրապետության Մարանդի գավառի միջև սահմանամերձ առևտրի մասին» համաձայնագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում սահմանամերձ առևտուրն իրականացվում է Մեղրու սահմանային անցումային կետի շրջակայքում հաստատված մաքսային հսկողության գոտու տարածքում, Արաքս գետի կամրջի աջ կողմում, սահմանամերձ առևտրի նպատակով հատկացված տարածքում:

2. Մեղրու սահմանամերձ առևտրի շուկա (այսուհետև` շուկա) ապրանքներ ներմուծելու և շուկայից ապրանքներ արտահանելու իրավունք ունեն միայն սույն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված մրցույթում ընտրված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

3. Շուկայից օգտվելու (շուկայի տարածք մուտք գործելու և շուկայից ապրանքներ գնելու) իրավունք ունեն սույն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված մրցույթում ընտրված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետև` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), նախկին Մեղրու շրջանի համայնքներում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նախկին Մեղրու շրջանի համայնքներում մշտապես կամ առավելապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

4. Հայաստանի Հանրապետության տարածքից շուկայի տարածք մեկնող և շուկայի տարածքից վերադարձող քաղաքացիների նկատմամբ մաքսային հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Շուկայի տարածքում մաքսային հսկողությունն իրականացվում է մաքսային մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան:

 

II. Հայաստանի Հանրապետության տարածքից շուկայի տարածք ապրանքների արտահանման եվ այդ տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման կարգը

 

6. Սույն կարգի 3-րդ կետում նշված անձանց կողմից շուկա արտահանվող և շուկայի տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների հայտարարագրումն ու մաքսային ձևակերպումները (այդ թվում` զննումը, հաշվառումը) իրականացվում է Մեղրու մաքսային կետում:

7. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից շուկայի տարածք ապրանքներ արտահանելիս այդ ապրանքների համար իրականացվում է նախնական հայտարարագրում` «Արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով: Նախնական հայտարարագրման օրվանից հետո մինչև հաջորդ յուրաքանչյուր չորեքշաբթի օրը շուկայում իրացված ապրանքները մաս-մաս հայտարարագրվում են «Արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով` համաձայն գործող օրենսդրության, և համարվում են Հայաստանի Հանրապետությունից արտահանված:

8. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը մաքսային մարմիններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից հաստատված ձևով հաշվետվություն նրանց կողմից նախնական հայտարարագրերով արտահանված, հետագայում իրացված, հայտարարագրված և շուկայի տարածքում փաստացի առկա ապրանքների վերաբերյալ:

9. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը շուկայում ապրանքներն իրականացնում են միայն հաշիվ-ապրանքագրերի հիման վրա: Հաշիվ-ապրանքագրերի ձևը, ինչպես նաև շուկայում ապրանքների իրացման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը:

10. Եթե կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից չեն պահպանվում սույն կարգի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի պահանջները, ապա այդ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից շուկա արտահանված ապրանքները` սույն կարգի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի պահանջները խախտելու մասով, համարվում են Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված, և այդ ապրանքները շուկայի տարածք արտահանողներից գանձվում են Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց իրացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ պարտադիր վճարներ: Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից սույն կարգի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի պահանջները մեկից ավելի անգամ չպահպանելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից այդ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին շուկայում առևտուր իրականացնելու իրավունքը վաղաժամկետ դադարեցվում է:

11. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը նախնական հայտարարագրերի հիման վրա շուկայի տարածք ներմուծած ապրանքների չիրացված մասը կարող են հետ ներմուծել Հայաստանի Հանրապետության տարածք: Այդ ապրանքները հաշվառվում և զննվում են Մեղրու մաքսային կետում, դրանց քանակն ստուգվում և համեմատվում է նախապես ներմուծված և իրացման արդյունքում ներկայացված հայտարարագրերում նշված ապրանքների քանակի հետ:

12. Շուկայի տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծել թույլատրվում է միայն «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով:

13. Շուկայի տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքները, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված ապրանքների, ենթակա են հայտարարագրման, ձևակերպման և մաքսային հսկողության` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով, Մեղրու մաքսային կետում:

14. Քաղաքացիների կողմից շուկայի տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքները ենթակա են հայտարարագրման, ձևակերպման և մաքսային հսկողության` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով, Մեղրու մաքսային կետում:

15. Շուկայի տարածքում առևտուրը կարող է իրականացվել կանխիկ դրամով, արտարժույթով, ճանապարհորդության համար նախատեսված չեկերով և վճարային քարտերով:

16. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրականացնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված հաշվառում և հարկային մարմիններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունները, հաշվարկները և այլն:

17. Շուկայի` Մեղրու անցումային կետին հարող տարածքում մաքսանենգություն, մաքսային կանոնների խախտում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավախախտումներ թույլ տված քաղաքացիները, կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը ենթարկվում են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հուլիսի 11-ի N 379 որոշմամբ

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

Մեղրու սահմանամերձ առեվտրի շուկա ներմուծման եվ արտահանման համար արգելվող ապրանքների

 

1. Բոլոր տեսակի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմական տեխնիկա և դրանց արտադրության համար անհրաժեշտ համալրող մանրամասեր, ռազմական հանդերձանք

 

2. Թմրադեղեր, թմրանյութեր, հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութեր և դեղեր, դրանց օգտագործման համար անհրաժեշտ սարքեր, դեղամիջոցներ

 

3. Այնպիսի փաստաթղթեր, կինոժապավեններ, տեսագրություններ, էլեկտրահաշվիչ մեքենաների տեղեկատվության մագնիսական կրիչներ, տպագրված նյութեր, որոնց դուրսբերումը կարող է վնասել պետության կամ քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը

 

4. Միջուկային նյութեր

 

5. Մշակութային արժեքներ

 

6. Վտանգավոր հատկություններ ունեցող երկրորդային հումք, ռադիոակտիվ թափոններ, մարդու առողջության և շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող թափոններ

 

7. Պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութեր

 

8. Բոլոր տեսակի էներգակիրներ, բացառությամբ հեղուկ գազի, որի մատակարարման և իրացման գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` անվտանգության սահմանված կանոնների պահպանմամբ

 

9. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ

 

10. Հրավառության նպատակով օգտագործվող զվարճալիքներ, պայթուցիկ մատիտներ և հրթիռներ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան