Գլխավոր տեղեկություն
Համար
N 20
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.08/20(433)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
10.07.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2012

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության 

ֆինանսների նախարար

_____________ Վ. Գաբրիելյան

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

 _____________ Գ. Խաչատրյան

10 հուլիսի 2012 թ.

N 20

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՏՐՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155, այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի համապատասխան հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի և օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է:

Օրենքի 7-րդ հոդվածին համապատասախան համախառն եկամուտը հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարն է` անկախ դրանց ստացման աղբյուրներից: Օրենքի իմաստով եկամուտ է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների ներհոսքը, աճը կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը:

Օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով: Օրենքի իմաստով ծախս է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների արտահոսքը, նվազումը կամ պարտավորությունների աճը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի նվազեցման: Միաժամանակ, ըստ օրենքի 16-րդ հոդվածի անհատույց տրամադրած ակտիվները չեն նվազեցվում համախառն եկամտից:

Համախառն եկամտից ծախսերի գծով նվազեցումները իրականացվում են օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան:

Օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում նաև սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները:

ՀՀ կառավարության 24.12.2003 թ. N 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգի 3-րդ կետին համապատասխան սուբսիդիան` պետության հանձնարարությամբ և որոշած գնով կազմակերպության կողմից որպես նվազագույն շահավետ գնից ցածր գնով ապրանքների արտադրության, արտահանման, ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման արդյունքում այդ կազմակերպության կրած վնասի կամ դրա մի մասի փոխհատուցումն է: Սուբսիդիան ուղղված չէ կազմակերպության համար կապիտալ ակտիվների ձեռքբերմանն ու հիմնական ֆոնդերի կամ դրամագլխի ավելացմանը և կազմակերպության ընթացիկ գործունեության արդյունքում գոյացող եկամուտների հավելում է:

Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Հաշվի առնելով, որ սուբսիդիան դա` պետության հանձնարարությամբ և որոշած գնով կազմակերպության կողմից որպես նվազագույն շահավետ գնից ցածր գնով ապրանքների արտադրության, արտահանման, ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման արդյունքում այդ կազմակերպության կրած վնասի կամ դրա մի մասի փոխհատուցումն է, այլ ոչ թե այդ աշխատանքների (ծառայությունների) մի մասի անհատույց տրամադրման դիմաց չստացած արժեքի փոխհատուցումն է, ապա դրանց մասով անմիջականորեն կապված և վարչական (իրացման) ծախսերի գծով նվազեցումները իրականացվում են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածին, ինչպես նաև «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 5.12-րդ կետին համապատասխան` առանց որևէ համամասնության: