Գլխավոր տեղեկություն
Համար
N 436
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.29/20(118)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.08.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
7 օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2000 թվականի N 436
քաղ. Երևան

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽԱՆՑԵԼԻ ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 13-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակների տրամադրման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` երկամսյա ժամկետում ապահովել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված կատարողական թերթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց մուրհակների տրամադրումը:

3. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 500 հազ. դրամ` մրցութային կարգով մուրհակների բլանկների ձեռքբերման և տպագրության ծախսերն իրականացնելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
օգոստոսի 7-ի N 436 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽԱՆՑԵԼԻ ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանված է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 13-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ կետի և 156 հոդվածի հիման վրա:

2. Սույն կարգով սահմանվում են դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակների (այսուհետև` մուրհակ) թողարկման դեպքերը, դրանց տրամադրման ընթացակարգը, տրամադրվող մուրհակների ու դրանց շրջանառության պայմանները, ինչպես նաև հաշվառման ու մարման կարգը:

Մուրհակի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետև` նախարարություն), որում ներառվում են հետևյալ վավերապայմանները`

ա) «Փոխանցելի մուրհակ» բառերը հայերենով և անգլերենով,

բ) որոշակի գումարի վճարման վերաբերյալ հասարակ և որևէ բանով չպայմանավորված առաջարկություն,

գ) մուրհակի անվանական արժեքը և տարեկան տոկոսադրույքի չափը,

դ) համապատասխան դատական ակտի և կատարողական թերթի տվյալները,

ե) թողարկողի անվանումը` Հայաստանի Հանրապետություն, ի դեմս նախարարության,

զ) վճարողի անվանումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, և վճարման աղբյուրը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

է) մուրհակի մարման օրը, ամիսը, տարին,

ը) այն վայրը, որտեղ մուրհակը պետք է ներկայացվի վճարման,

թ) պարտատիրոջ` առաջին մուրհակատիրոջ անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը (անվանումը, պետական գրանցման վկայականի համարը) և բնակության վայրը (գտնվելու վայրը),

ժ) մուրհակի կազմման ամսաթիվը և վայրը,

ժա) նշում այն մասին, որ մուրհակը կարող է առանց թողարկողի համաձայնության փոխանցվել այլ անձի` ցեսիայի պայմանագրի հիման վրա, կամ օրենքի հիման վրա պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու հիմքերով,

ժբ) նշում այն մասին, որ թողարկողը վարում է գրանցամատյան, և մուրհակի յուրաքանչյուր փոխանցում ենթակա է գրանցամատյանում գրանցման:

3. Սույն կարգի համաձայն մուրհակները Հայաստանի Հանրապետության անունից թողարկում, տրամադրում և հաշվառում է նախարարությունը: Նախարարության վերակազմավորման դեպքում մուրհակների տրամադրման գործառույթն իրականացնում է Հայաստանի Հանրապետության անունից վճարային արժեթղթերի թողարկման կանոնադրական գործառույթով օժտված պետական կառավարման մարմինը:

4. Մուրհակի տրամադրման հիմքը Հայաստանի Հանրապետության դատարանի (այսուհետև` դատարան) օրինական ուժի մեջ մտած վճռի, դատավճռի կամ որոշման, Հայաստանի Հանրապետությունում ստեղծված միջնորդ դատարանի վճռի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` օտարերկրյա դատարանի կամ օտարերկրյա միջնորդ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի կամ որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետությունից գումար բռնագանձելու համար դատարանի կողմից տրված կատարողական թերթը և Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետական հիմնարկների դեմ կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն է:

5. Մուրհակը տրամադրման ենթակա չէ, եթե առկա է հետևյալ դեպքերից առնվազն մեկը`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա տվյալ գումարն ամբողջությամբ, որպես բյուջետային ծախս, ուղղակիորեն նախատեսված է տվյալ տարվա (կատարողական թերթը հարկադիր կատարողի կողմից ներկայացվելու տարին) պետական բյուջեի մասին օրենքում (եթե տվյալ գումարի մի մասը, որպես բյուջետային ծախս, նախատեսված է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքում, ապա մուրհակը չի տրամադրվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված գումարի չափով).

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա տվյալ գումարն ամբողջությամբ, որպես բյուջետային ծախս, նախատեսված է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` տվյալ բյուջետային տարում վճարման ենթակա նախորդ բյուջետային տարիների պարտքերի ցանկում, (եթե տվյալ գումարի մի մասը, որպես բյուջետային ծախս, նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տվյալ բյուջետային տարում վճարման ենթակա նախորդ բյուջետային տարիների պարտքերի ցանկում, ապա մուրհակը չի տրամադրվում ցանկում նախատեսված գումարի չափով).

գ) կատարողական թերթը ներկայացնելուց հետո մինչև մուրհակի կազմման նախատեսված օրը պարտատիրոջ կամ վերջինիս իրավահաջորդի (ժառանգի) կողմից (այսուհետև` պարտատեր) հետ է վերցվել կատարողական թերթը,

դ) կատարողական թերթը ներկայացնելուց հետո մինչև մուրհակի կազմման նախատեսված օրը նախարարության հայտարարությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 426 և 427 հոդվածներին համապատասխան կատարվել է միատեսակ հանդիպական պահանջի հաշվանց և Հայաստանի Հանրապետության դրամական պարտավորությունը դադարել է (հաշվանցի արդյունքում Հայաստանի Հանրապետության պարտքը մասնակի դադարելու դեպքում մուրհակը չի տրամադրվում պարտավորության դադարած մասով).

ե) բռնագանձման ենթակա տվյալ գումարը գանձապետական գործառնությունների կանոններին համապատասխան հնարավոր է գանձապետական միասնական հաշվից կամ նախարարության արտաբյուջետային համապատասխան բանկային հաշվից պարտատիրոջը սահմանված կարգով վճարել «բյուջետային եկամուտների վերադարձ» գործառնության միջոցով (եթե այդ գործառնության արդյունքում կարող է վճարվել պարտքի մի մասը, ապա մուրհակը չի տրամադրվում պարտքի` գործառնության արդյունքում վճարման ենթակա մասի չափով).

զ) Հայաստանի Հանրապետության անունից որպես պատասխանող հանդես եկած պետական հիմնարկի կամ սահմանված կարգով բանկային հաշվի բացման թույլտվություն ստացած բյուջետային հիմնարկի արտաբյուջետային հաշվում (բանկային կամ գանձապետական) առկա է արգելանքի վերցված դրամական մնացորդ և տվյալ միջոցների ռեժիմը կարգավորող օրենքով, միջազգային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ արգելված չէ բռնագանձումը տարածել նշված մնացորդի վրա (եթե բռնագանձման ենթակա գումարն ավելի է հաշվի մնացորդից, ապա մուրհակը չի տրամադրվում այդ մնացորդի չափով),

է) մինչև մուրհակի կազմման նախատեսված օրը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսվել է տվյալ գումարը վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացված բյուջետային ծախսերի վերաբաշխման արդյունքում տվյալ գումարը հնարավոր է վճարել տվյալ բյուջետային տարվա համապատասխան ծախսային հոդվածով.

ը) մինչև մուրհակի տրամադրման նախատեսված օրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով կարճվել է կատարողական վարույթը:

6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումարի բռնագանձման համար դատարանի կողմից տրված կատարողական թերթը և հարկադիր կատարողի համապատասխան որոշումը նախարարությունում ուղղակիորեն կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով ստացվելուց հետո սույն կարգի 5-րդ կետում նշված պայմանների բացակայության, ինչպես նաև այն դեպքում, երբ թեև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ուղղակի վճարում նախատեսող սույն կարգի 5-րդ կետում նշված պայմաններն առկա են, սակայն կատարողական թերթի ստացման օրվանից սկսած 20-րդ օրվա դրությամբ բյուջետային ծախսերը կարգավորող օրենքով սահմանված առաջնահերթ ծախսերի իրականացման կապակցությամբ անհնար է կատարել տվյալ վճարումը, նախարարությունը պարտավոր է տվյալ պարտատիրոջ անունով, իսկ կատարողական վարույթի շրջանակներում օրենքով սահմանված կարգով ձևակերպված իրավահաջորդության դեպքում` նոր պարտատիրոջ անունով կազմել համապատասխան գումարի անվանական արժեքով մուրհակ և կատարողական թերթն ստանալու օրվանից սկսած 20 օրացուցային օրվա ընթացքում այն առձեռն կամ պատվիրված փոստով տրամադրել կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարման ծառայության համապատասխան մարզային ստորաբաժանմանը` պարտատիրոջը (մուրհակատեր) հանձնելու համար:

7. Ներառյալ մինչև 50 մլն դրամ պարտքի գումարի (չհաշված տոկոսագումարը) դիմաց ձևակերպվում է մեկ մուրհակ` տվյալ անվանական արժեքով, կազմման օրվանից մինչև 360 օր մարման ժամկետով: Եթե մուրհակով վճարման ենթակա պարտքի գումարի (չհաշված տոկոսագումարը) չափը գերազանցում է 50 մլն դրամը, ապա տրամադրվում են 50 մլն դրամ անվանական արժեքը չգերազանցող երկու կամ ավելի մուրհակներ` մինչև 360 օր մարման ժամկետով, այն հաշվով, որպեսզի դրանցից յուրաքանչյուրի մարման ժամկետը մյուսից տարբերվի առնվազն 5 բանկային օրով և միաժամանակ` մարման օրը համընկնի հաջորդ բյուջետային տարվան:

8. Նախարարությունը վարում է սույն կարգի համաձայն տրամադրված մուրհակների գրանցամատյան (այսուհետև` գրանցամատյան), որում նշվում են պարտատիրոջ անունը (լրիվ անվանումը), բնակության վայրը (իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրը), տրամադրված մուրհակի հերթական համարը և սերիան, անվանական արժեքը, տոկոսադրույքը, մարման օրը, հետագա բոլոր մուրհակատերերի անունները, ազգանունները (անվանումները), բնակության վայրերը (գտնվելու վայրերը), մուրհակի յուրաքանչյուր փոխանցման իրավական հիմքը (ցեսիայի պայմանագրի նույնացնող տվյալները կամ օրենքի հիման վրա պարտատիրոջ իրավունքները տվյալ անձին անցնելու հիմքի (վերակազմավորում, ժառանգություն, դատարանի վճիռ և այլն) տվյալները):

9. Տրամադրվող մուրհակների տոկոսադրույքը սահմանվում է դրանց կազմման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից որպես վերաֆինանսավորման տոկոսադրույքի մեծություն սահմանված տոկոսադրույքի չափով և նշվում է մուրհակի վրա: Տոկոսները հաշվարկվում են մինչև մուրհակում նախատեսված մարման ամսաթվին նախորդող օրը ներառյալ:

10. Սույն կարգի համաձայն տրամադրվող մուրհակները հանդիսանում են անվանական փոխանցելի փաստաթղթային արժեթղթեր, որոնցում որպես վճարող նշվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` մուրհակի մարման ժամկետը լրանալուց հետո մուրհակը տիրապետողի (մուրհակատիրոջ) առաջին իսկ պահանջով նախարարության միասնական գանձապետական հաշվից համապատասխան գումարը գանձելու և մուրհակատիրոջը վճարելու իրավասությամբ:

11. Մուրհակն ստացած պարտատերն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված ցեսիայի պայմանագրի համաձայն մուրհակը փոխանցելու այլ անձի` առանց նախարարության համաձայնության:

12. Մուրհակը գործարքով այլ անձի փոխանցելու դեպքում այն ձեռք բերողը պարտավոր է նախարարությանը ծանուցել կնքված ցեսիայի պայմանագրի մասին` ներկայացնելով սույն կարգի 8-րդ կետում նշված` իրեն վերաբերող տվյալները, դրանք հիմնավորող փաստաթղթերը և ցեսիայի պայմանագրի պատճենը: Ցեսիայի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանելու դեպքում նախարարությունը 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է կողմերին (մուրհակատեր և մուրհակ ձեռք բերող) ցեսիան չընդունելու և մուրհակ ձեռք բերողին որպես մուրհակատեր չճանաչելու մասին, հակառակ դեպքում գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում ցեսիայի կայացման և նոր մուրհակատիրոջ վերաբերյալ` դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով նոր մուրհակատիրոջը:

13. Մուրհակատիրոջից (ներառյալ` պարտատիրոջից) օրենքի հիման վրա պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու հիմքով մուրհակը ձեռք բերած անձը պարտավոր է դրա մասին ծանուցել նախարարությանը` ներկայացնելով մուրհակի ձեռքբերման համապատասխան հիմքերը, որի հիման վրա նախարարությունը գրանցամատյանում կատարում է համապատասխան գրառում նոր մուրհակատիրոջ մասին:

14. Մուրհակը կորցնելու դեպքում մուրհակատերը պարտավոր է դրա մասին հայտնել նախարարությանը: Կորցրած մուրհակը մուրհակատիրոջ դիմումի համաձայն 10 օրվա ընթացքում փոխարինվում է դրա կրկնօրինակով` նախօրոք հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուրհակատիրոջից գանձելով կրկնօրինակի պատրաստման ծախսը (բլանկի արժեքը և տպագրության ծախսը):

15. Մուրհակի մարման ժամկետը լրանալու օրը, ինչպես նաև դրանից հետո մինչև մուրհակի մարման մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ծանուցում ստանալը նախարարությունը յուրաքանչյուր 15 օրը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացնում տեղեկատվություն տվյալ սերիայի և համարի մուրհակի մուրհակատիրոջ մասին ըստ գրանցամատյանի տվյալների:

16. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին վճարման ներկայացված մուրհակի դիմաց վճարումը կատարվում է, եթե մուրհակի փաստացի տիրապետողը և նախարարությունում գրանցված վերջին մուրհակատերը նույն անձն է կամ վերջինիս ներկայացուցիչը, հակառակ դեպքում ենթադրվում է, որ մուրհակի փոխանցումները վավեր չեն, և մուրհակի վճարումը մերժվում է մինչև բանակցությունների արդյունքում կամ դատական կարգով պատշաճ իրավատիրոջը պարզելը: Մուրհակի վճարումը ենթակա է մերժման, եթե այն վճարման է ներկայացվել մարման նախատեսված օրվանից 3 տարի հետո:

17. Մուրհակատերը (վերջինիս ներկայացուցիչը) մուրհակի մարման համար սահմանված ժամկետից ոչ շուտ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացնում գրություն` կցելով մուրհակը (ներկայացուցչի դեպքում` նաև լիազորագիրը), որում նշվում են մուրհակատիրոջն սպասարկող բանկի լրիվ անվանումը, գտնվելու վայրը և մուրհակատիրոջ բանկային հաշվի համարը, իսկ եթե բանկային հաշիվ չունի` մուրհակատիրոջ նախընտրած բանկի (գլխամասային գրասենյակի կամ տարածքային ստորաբաժանման) գտնվելու վայրը: Եթե մուրհակատիրոջ ցանկությամբ վճարումը պետք է կատարվի երրորդ անձին (ներառյալ պետությունը կամ համայնքը` հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների կամ պետության կամ համայնքի նկատմամբ մուրհակատիրոջ այլ պարտավորությունների դիմաց), ապա գրության մեջ նշվում են տվյալ երրորդ անձի բանկային տվյալները և վճարման նպատակը:

18. Սույն կարգի 16-րդ կետում նշված սահմանափակման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարտավոր է մարման նպատակով ստացված մուրհակի դիմաց այն ստանալուց հետո 3 բանկային օրվա ընթացքում վճարումը կատարել նախարարության միասնական գանձապետական հաշվից` դրա մասին ծանուցելով նախարարությանը:

19. Եթե մուրհակի տրամադրումից հետո բեկանվել է համապատասխան դատական ակտը, և բեկանման արդյունքում տվյալ գումարի պահանջն ամբողջությամբ կամ մասամբ վերացել է, ապա նախարարությունը պարտավոր է`

ա) դատական կամ այլ կարգով գումարի գանձման պահանջ ներկայացնել պարտատիրոջը` մուրհակի համապատասխան գումարի (ներառյալ տոկոսագումարի համամասնական մասը) չափով, եթե պարտատերը և գրանցամատյանում տվյալ պահին որպես մուրհակատեր գրանցված անձը նույն անձը չէ, կամ`

բ) եթե պարտատերը և տվյալ պահին գրանցամատյանում գրանցված մուրհակատերը նույն անձն է, չեղյալ հայտարարել տվյալ մուրհակը, դրա մասին նշելով գրանցամատյանում` 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, այլ շահագրգիռ կողմերի ու պետական մարմինների, և գումարի պահանջը մասնակի վերանալու դեպքում մնացած գումարը վճարել կամ դրա դիմաց կազմել ու սույն կարգի համաձայն պարտատիրոջը տրամադրել նոր մուրհակ:

20. Մուրհակի կազմման օրվանից մինչև մուրհակի մարման օրվան հաջորդող 3 տարվա ընթացքում ցանկացած ժամանակ նախարարությունն իրավունք ունի մուրհակատիրոջը ներկայացնելու մուրհակի հետգնման վերաբերյալ առաջարկություն` կողմերի կողմից որոշվող պայմաններով և գնով:

21. Նախարարությունը պարտավոր է յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում սույն կարգի համաձայն տրամադրված մուրհակների անվանական արժեքների և հաշվարկված տոկոսագումարի հանրագումարն առանձին տողով նախատեսել հաջորդ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ծախսային մասում: Տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված այն մուրհակների վճարման գումարը, որոնց մուրհակատերերը տվյալ բյուջետային տարում դրանք չեն ներկայացրել մարման, առանձին տողով նախատեսվում է հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ծախսային մասում:

22. Եթե սույն կարգով սահմանված որևէ գործողության կատարման ժամկետը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա տվյալ գործողությունը ենթակա է կատարման դրան հաջորդող աշխատանքային օրը:

23. Սույն կարգը սահմանված է բացառապես դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումարների բռնագանձման դիմաց մուրհակների տրամադրման ընթացակարգի կարգավորման նպատակով և պետական մարմնի ու քաղաքացիական իրավունքի սուբյեկտ հանդիսացող որևէ անձի կողմից սույն կարգի որևէ նորմ կամ հասկացություն չի կարող մեկնաբանվել, վկայակոչվել կամ կիրառվել որպես Հայաստանի Հանրապետության անունից երբևէ թողարկված բոլոր մուրհակների, այլ արժեթղթերի և դրանց տիրապետողների միջև իրավահարաբերությունները կարգավորող կամ այդ հարաբերություններում իրավունքներ վերապահող կամ սահմանափակող նորմ:

24. Սույն կարգի դրույթները խախտող պաշտոնատար անձինք և ծառայողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան