Գլխավոր տեղեկություն
Համար
N 432
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2000-23.10.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.08/18(116)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.01.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2000 թվականի N 432
քաղ. Երևան

 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ՆԵՐԴՐԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի «Բնակշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկ կատարելու կարգը հաստատելու մասին» N 110 որոշման 2-րդ կետի (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի N 199 որոշման խմբագրությամբ) կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի ներդրած միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի ձևակերպման, սպասարկման և փոխհատուցման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը մինչև 2001 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել`

ա) անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերին փոխհատուցվող գումարների հատկացումների վերաբերյալ ժամանակացույց.

բ) անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների միջև կատարվող փոխհաշվարկների լուսաբանման և դրանց հետ վերջնական հաշվարկների իրականացման մեխանիզմի վերաբերյալ առաջարկություն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի «Բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկ կատարելու կարգը հաստատելու մասին» N 110 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի N 199 որոշման խմբագրությամբ) շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«7. Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունները մինչև 2000 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում իրենց հաշվեկշռում գտնվող անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների շինարարության կատարողական ակտերը, անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների առանձին փայատերերի հաշվին կատարված ֆինանսական հատկացումների վերաբերյալ համապատասխան բանկի տեղեկանքը և փոխադարձ հաշվարկների փաստաթղթերը (պատվիրատու և կապալառու կազմակերպությունների ակտեր) անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի պահանջած գումարի վերջնական չափը որոշելու համար»:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին մեկամսյա ժամկետում համատեղ մշակել անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների սպասարկմանը վերաբերող փաստաթղթերի պահպանման կարգը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
օգոստոսի 2-ի N 432 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի ներդրած միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի ձեվակերպման, սպասարկման եվ փոխհատուցման

 

1. Սույն կարգով սահմանվում է անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների (այսուհետև` կոոպերատիվների վարչություն) և փայատերերի ներդրած միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի ձևակերպումը, սպասարկումը և փոխհատուցումը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը կոոպերատիվների վարչության կողմից ներկայացված առանձին անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի (այսուհետև` փայատերեր) ներդրած միջոցների չափի մասին համապատասխան բանկի տեղեկանքի և անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների շինարարության փաստացի կատարողական ակտերի հիման վրա փայատերերի չօգտագործված միջոցների չափը ճշտելուց հետո այն ճանաչում է որպես պետական պարտք: Նշված պարտքը մարվում է անավարտ բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների շինարարության գումարների փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված միջոցների հաշվին:

3. Փայատերերին փոխհատուցվող գումարները, որպես պետական պարտք ճանաչվելուց հետո, որոշվում են հետևյալ բանաձևով`

 

Պետական պարտքի չափը =

(ԿxԳ1)-Ա 
5,54

x Գ2, որտեղ`

 

Կ-ն փայատերերի ներդրած միջոցներն են, ամեն մի պահի (օրվա) մուծված գումարի համար կատարվում է առանձին հաշվարկ, որոնց գումարով և որոշվում է փոխհատուցման ընդհանուր չափը.

Գ1-ը 1984 թվականին պաշտոնապես գործող 1 ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի և փայատերերի միջոցների ներդրման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (պետական բանկի) կողմից հայտարարված 1 ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքի հարաբերությունն է (մինչև 1991 թվականի հունվարի 1-ը Գ1-ը հավասար է 1-ի).

Ա-ն անավարտ շինարարության փաստացի կատարողականն է` 1984 թվականին գործող գներով.

5,54-ը 1990 թվականի նոյեմբերի դրությամբ ոչ առևտրային գործարքների համար ֆիզիկական անձանց օգտագործած 1 ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքն է.

Գ2-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության կողմից մշակվող շինարարության արժեքի փոփոխման ինդեքսն է հաշվարկման պահին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը յուրաքանչյուր փայատիրոջ նկատմամբ պետական պարտքի գումարը հաշվարկելուց հետո այն փոխանցում է համապատասխան գանձապետական բաժանմունքում այդ նպատակի համար բացված հաշվին կամ Հայխնայբանկի բաժանմունք` քաղաքացու ցանկությամբ նրա անվամբ ավանդ ձևակերպելու համար:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը փայատիրոջ անվամբ կազմում է պետական պարտքի փոխհատուցման ցուցակ երեք օրինակից` հաստատված նախարարի կողմից, որի մեկ օրինակը տրվում է համապատասխան գանձապետական բաժանմունք` գումարը վճարելու կամ Հայխնայբանկի բաժանմունք` խնայգրքույկ բացելու և ավանդ ձևակերպելու համար (դրա մասին տեղեկացնելով փայատիրոջը), մեկ օրինակը` կոոպերատիվների վարչություն, իսկ մեկ օրինակը մնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում:

6. Փայատերերին վճարում կատարելիս առաջնահերթությունը տրվում է հիմք ընդունելով փայատերերի հանդեպ պարտավորությունների առաջացման պահը (տարին), նույն տարում վճարումների առաջնահերթությունը որոշվում է ելնելով անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տան պատրաստվածության ավելի բարձր աստիճանից:

7. Սույն կարգով սահմանված պետական պարտքի փոխհատուցման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան