Գլխավոր տեղեկություն
Համար
N 15
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.07.17/18(431)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.04.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2012

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարար

_____________ Վ. Գաբրիելյան

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

_____________ Գ. Խաչատրյան

16 ապրիլի 2012 թ.

N 15

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 30.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 30.2-րդ հոդվածի համաձայն հարկ վճարողի չկատարած` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմինն իրավունք ունի պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք բերելու հարկ վճարողի պահանջի իրավունքը և ստացված գումարներն ուղղելու հարկ վճարողի պարտավորությունների մարմանը:

Ընդ որում` հարկային մարմնին է անցնում իրավունքի անցման պահին առկա ծավալով պարտավորության (ներառյալ` ապառքը և դրա նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) պահանջի իրավունքը, իսկ պահանջի իրացման պահին, հաշվի առնելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված տույժերի հաշվարկման ժամկետները, կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ:

Որպես հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և հարկ վճարողի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով: Գրավի պայմանագիր կնքվելու դեպքում պարտավորությունները մարելու նպատակով կազմվում է պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց:

Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն հարկային պարտավորությունը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և ՀՀ-ում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը: Հարկային պարտավորությունը դադարում է դրա կատարման, հարկի վերացման, հարկից ազատելու արտոնության սահմանման, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում, իսկ ֆիզիկական անձի համար` նաև նրա մահվան դեպքում, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով հարկային մարմինը ձեռք է բերում հարկ վճարողի պահանջի իրավունքը և ստացված գումարներն ուղղելու պետական բյուջեի հանդեպ հարկ վճարողի պարտավորությունների մարմանը: Պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով հարկ վճարողի պահանջի իրավունքի անցումը հարկային մարմնին չի դադարեցնում հարկ վճարողի նկատմամբ օրենքով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում տույժերի և տուգանքների հաշվարկումը:

2. Պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով հարկային մարմնին անցած պահանջի իրացմանը (մասնակի իրացմանը) համապատասխան պետական բյուջեի գանձապետական հաշիվներին մուտքագրված գումարները դիտվում են որպես նպատակային վճարումներ և դրանց հաշվին առաջնային մարվում են պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողի այն պարտավորությունները, ի կատարումն որոնց կնքվել է պահանջի իրավունքի զիջման պայմանագիրը:

3. Պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով հարկային մարմնին անցած պահանջի իրավունքը համարվում է լրիվ իրացված` իրավունքի անցման պահին պարտապանի կողմից հարկ վճարողի նկատմամբ առկա ամբողջ ծավալով պարտավորությունների մարման դեպքում և (կամ) պահանջի իրավունքի զիջման պայմանագրով հարկ վճարողի կողմից պետական բյուջեի նկատմամբ առկա ամբողջ ծավալով պարտավորությունների մարման դեպքում:

4. Պահանջի իրավունքի զիջման պայմանագրով պարտապանի կողմից` պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողի պարտավորություններից ավելի վճարված գումարները ենթակա են հաշվանցման պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողի այլ պարտավորությունների մարմանը կամ վերադարձման հարկ վճարողին` օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

5. Պահանջի զիջման պայմանագրով պարտապանի կողմից հարկ վճարողի պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների մարմանն ուղղված` համապատասխան գանձապետական հաշիվներին կատարված փոխանցումները (այդ թվում` սույն պաշտոնական պարզաբանման 4-րդ կետում նշված դեպքում) համարվում են նաև բանկի միջոցով (եթե վճարումը կատարվել է բանկի միջոցով) կամ փոստի միջոցով (եթե վճարումը կատարվել է փոստի միջոցով) հարկ վճարողի բանկային հաշվին կատարված վճարումներ: