Գլխավոր տեղեկություն
Համար
N 72
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.02.28/3(101)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 փետրվարի 2000 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2000 թվականի N 72
քաղ. Երևան

 

«ՀՈՎՏԱՇԱՏԻ ԿԱԹՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին» N 395 որոշմամբ լուծարվող «Հովտաշատի կաթնային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության և «Նոյեմբերյանի ավտոտրանսպորտային ճանապարհներ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի ամբողջականությունը պահպանելու և պարտատերերի պահանջները բավարարելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Հովտաշատի կաթնային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռային մեթոդով 78653 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը` 94384 հազ. դրամ) գնահատված հիմնական միջոցները և ապրանքանյութական պաշարներն օտարել որպես գույքային համալիր` մրցույթով:

1.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ օտարման ենթակա գույքի (այսուհետև` գույք), մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.3. Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 47200 հազ. դրամ:

1.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) գույքի համար առաջարկվող գինը.

բ) ներդրումների չափը:

1.5. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.6. Մրցույթի հաղթողը գույքի ձեռքբերման համար առաջարկված գնի չափով գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 15-օրյա ժամկետում:

1.7. Մրցույթի հաղթողը (բացառությամբ իրավաբանական անձի) պարտավոր է մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկամսյա ժամկետում գնված գույքի ներդրմամբ ստեղծել ընկերություն:

1.8. Լուծարման հանձնաժողովին`

ա) «Հովտաշատի կաթնային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության գույքի վաճառքից ստացված միջոցներից 10-օրյա ժամկետում մարել ընկերության կրեդիտորական պարտավորությունները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70 հոդվածով սահմանված կարգով.

բ) կրեդիտորական պարտավորությունները մարելուց հետո, 15-օրյա ժամկետում, գույքի վաճառքից ստացված գումարից մնացած մասի 20 տոկոսը բաշխել ընկերության ոչ պետական բաժնետերերի միջև` ընկերությունում ունեցած նրանց բաժնետոմսերին համապատասխան.

գ) հաստատել և մամուլում հրապարակել աշխատավորական կոլեկտիվին պատկանող բաժնետոմսերի լուծարային արժեքի չափով գումարի վճարման կարգը` դրանում նախատեսելով, որ յուրաքանչյուր բաժնետեր իր բաժնետոմսի լուծարային արժեքի չափով գումարը կարող է ստանալ ընկերության կրեդիտորական պարտավորությունները մարելուց հետո 15-օրյա ժամկետում: Նշված ժամկետում գումարը չստանալու դեպքում բաժնետերն այն կարող է ստանալ լուծարման հանձնաժողովի կողմից` «Հայխնայբանկ» պետական փակ բաժնետիրական ընկերության Մասիսի մասնաճյուղում իր անվամբ բացված ցպահանջ ավանդային հաշվից.

դ) ընկերության աշխատավորական կոլեկտիվին պատկանող բաժնետոմսերի լուծարային արժեքի չափով գումարը վճարելուց հետո մնացած գումարը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին:

2.1. «Նոյեմբերյանի ավտոտրանսպորտային ճանապարհներ» պետական փակ բաժնետիրական ընկերության գլխամասի (քաղ. Նոյեմբերյան) և ասֆալտ-բետոնի գործարանի (գ. Այրում) հաշվեկշռային մեթոդով 22176,0 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը` 27612,0 հազ. դրամ) գնահատված գույքը (այսուհետև` գույք) օտարել որպես մեկ գույքային համալիր` հոլանդական աճուրդով:

2.2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ օտարման ենթակա գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը:

2.3. Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել 13306,0 հազ. դրամ:

2.4. Աճուրդին մասնակցելու կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Աճուրդի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.5. Աճուրդի հաղթողը գույքի ձեռքբերման համար առաջարկված գնի չափով գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 15-օրյա ժամկետում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 19-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան