Գլխավոր տեղեկություն
Համար
N 11
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.04.02/9(422)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
01.03.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2012

Համաձայնեցված է

 ՀՀ ֆինանսների նախարարության հետ

 __________________ Վ. Գաբրիելյան
14 մարտի 2012 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ
____________________
Գ. Խաչատրյան
 1 մարտի 2012 թ.

N 11

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ԻՐԱՑՎՈՂ՝ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-175-Ն օրենքով «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում կատարված լրացմամբ սահմանվեց, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների (բացառությամբ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաների) համար վճարը հաշվարկում է ներմուծողը` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների իրացման շրջանառությունից և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող ապրանքների համար օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափից: Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարը պակասեցվում է իրացված ապրանքների ներմուծման համար մաքսային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով` հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարի գումարից: Հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված վճարից չպակասեցված վճարները վճարողի առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:

Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործվել են Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ, ապա նույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարը պակասեցվում է՝

1) իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` Հայաստանի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար մաքսային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքի համար նույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարից.

2) իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` Հայաստանի Հանրապետություն մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և մատակարարներին վճարված բնապահպանական վճարների չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքի համար նույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարից:

Հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված վճարից չպակասեցված` իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարները վճարողի առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-175-Ն օրենքը (որով նախատեսված չէ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվելու նորմ) ուժի մեջ է մտել 2011 թվականի հոկտեմբերի 1-ից:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների, բացառությամբ նրա առանձին մասերը վերացված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչելու դեպքերի, գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, եթե նույն օրենքով կամ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Առկա իրավիճակում տարաբնույթ են ընկալվում մինչև «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 23-ի ՀՕ-175-Ն օրենքն ուժի մտնելուց հետո հաշվարկված բնապահպանական վճարներից՝

1) մինչև 2011 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար մաքսային հայտարարագրերում առանձնացված ու պետական բյուջե վճարված և (կամ) Հայաստանի Հանրապետություն մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և մատակարարներին վճարված բնապահպանական վճարների պակասեցման հարցերը,

2) իրացված ապրանքների արտադրությունում անմիջականորեն չօգտագործված, սակայն նույն հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար մաքսային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված և (կամ) Հայաստանի Հանրապետության մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և մատակարարներին վճարված բնապահպանական վճարների պակասեցման հարցերը:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով վերոնշյալը, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար 2011 թվականի չորրորդ եռամսյակի և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների հաշվարկված բնապահպանական վճարներից պակասեցման ենթակա չեն մինչև 2011 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար մաքսային հայտարարագրերում առանձնացված ու պետական բյուջե վճարված և (կամ) մինչև 2011 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետություն մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և մատակարարներին վճարված բնապահպանական վճարները:

2. Հայաստանի Հանրապետություն ներմուծված և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար 2011 թվականի չորրորդ եռամսյակի և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների հաշվարկված բնապահպանական վճարներից պակասեցման ենթակա չեն մինչև 2011 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար մաքսային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված վճարները:

3. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար 2011 թվականի չորրորդ եռամսյակի և դրան հաջորդող յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկված վճարներից ենթակա են պակասեցման շրջակա միջավայրին վնաս պատճառող իրացված ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործված, 2011 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Հայաստանի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար մաքսային հայտարարագրերում առանձնացված ու պետական բյուջե վճարված և (կամ) Հայաստանի Հանրապետության մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և մատակարարներին վճարված բնապահպանական վճարները, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքի համար օրենքին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան