Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.04.02/9(422)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
12.01.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
12.01.2012

Համաձայնեցված է

 ՀՀ ֆինանսների նախարար

 

 __________________ Վ. Գաբրիելյան

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի
ժամանակավոր պաշտոնակատար
____________________ Ա. Աֆրիկյան

12 հունվարի 2012 թ.

N 1

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՎԱԶԴՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ (ԳՐԱԶՆԵՐԻ) ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում դրամական (փողային) շահումները կարող են գովազդվել և տրվել միայն ՀՀ դրամով: Օրենքի իմաստով «Հայաստանի Հանրապետության տարածք» հասկացությունը համապատասխանում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով տրված հասկացությանը (այդ մասին պարզաբանվել է ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 11.10.2005թ. «Հայաստանի Հանրապետությունում արժութային արժեքներով գործարքների իրականացման վերաբերյալ» N 3 պաշտոնական պարզաբանմամբ /2-րդ կետ/):

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն ՀՀ տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման և աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են ՀՀ դրամով (բացառությամբ` Օրենքով նախատեսված դեպքերի): ՀՀ տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները, ներառյալ` ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները և իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները, ընդունվում են և իրականացվում են ՀՀ դրամով (բացառությամբ` Օրենքով նախատեսված դեպքերի): Ըստ էության, խաղադրույքների (գրազների) իրականացումը չի ներառվում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով թվարկված գործարքների մեջ:

Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառման համար կարևոր է, որ դրամական (փողային) շահումները գովազդվեն կամ տրամադրվեն ՀՀ տարածքում: Այս տեսանկյունից ինտերնետային կայքերում (ինտերնետ միջավայրում) փողային շահումների արտարժույթով գովազդելը չի դիտվում որպես Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, եթե գովազդի մեջ միաժամանակ նշվում է դրամային համարժեքը:

2. Եթե ՀՀ տարածքում չգտնվող հաշվից դրամական (փողային) շահումները փոխանցվում են ՀՀ տարածքում չգտնվող համակարգերի միջոցով, ապա այդ ընթացակարգերով վճարումները չեն համարվում ՀՀ տարածքում կատարված:

3. Խաղադրույքների (գրազների) արտարժույթով իրականացման դեպքում չեն կիրառվում Օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումները:

4. Սույն պաշտոնական պարզաբանումը վերաբերում է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ինտերնետ տոտալիզատորների կազմակերպիչների կողմից խաղադրույքների (գրազների) և դրամական (փողային) շահումների իրականացմանը, ինչպես նաև ինտերնետային կայքերում (ինտերնետ միջավայրում) նրանց կողմից կազմակերպվող ինտերնետ տոտալիզատորներին վերաբերող փողային շահումները գովազդելուն: