«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 2000 թվականի N 580
քաղ. Երևան
ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ականավոր պետական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծառայությունները հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Արարատի մարզային ենթակայության` Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան` պետական հիմնարկի կարգավիճակով, Արարատի մարզի Արարատ գյուղի Գարեգին Նժդեհի N 7 տանը:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին`
ա) հաստատել Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան պետական հիմնարկի կանոնադրությունը.
բ) 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան պետական հիմնարկի պահպանման ծախսերի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 266 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման N 1 հավելվածի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «Արարատ գ.» տողը լրացնել «Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 20-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |