Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 63106/12
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 06.03.2021
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.10.2020
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2021

Ներմուծեք նկարագրությունը_15382

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՆՈՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 63106/12)

 

Վ Ճ Ի Ռ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

22 հոկտեմբերի 2020 թ.

 

5-րդ հոդվածի 5-րդ կետ • Հատուցում • Դիմումատուի արդարացումից հետո կալանավորման համար ոչ նյութական վնասի հատուցում չտրամադրելը • 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը, որը հիմնավորվել է դիմումատուի կալանավորումը ներպետական իրավունքով որպես անօրինական դասակարգելու արդյունքում՝ 5-րդ հոդվածի 5-րդ կետը դարձնելով կիրառելի • Ներպետական իրավունքով ոչ նյութական վնասի հատուցումը չճանաչելը՝ ի հակադրություն Դատարանի նախադեպային իրավունքին

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Նորիկ Պողոսյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Քսենյա Տուրկովիչ [Ksenija Turković]՝ Նախագահ,

Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek],

Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos],

Ալեշ Պեյխալ [Aleš Pejchal],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo],

Թիմ Այքը [Tim Eicke]՝ դատավորներ,

և Աբել Կամպոս [Abel Campos]՝ Բաժանմունքի քարտուղար,

hաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Նորիկ Պողոսյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2012 թվականի սեպտեմբերի 18-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 63106/12),

ներպետական իրավունքով ոչ նյութական վնասի հատուցման՝ օրենքով ամրագրված իրավունքի բացակայության վերաբերյալ բողոքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատի մնացած մասն անընդունելի հայտարարելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

2020 թվականի սեպտեմբերի 22-ին և 29-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին օրը.

 

ներածություն

 

1. Սույն գործը վերաբերում է փոխհատուցման՝ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված իրավունքի հասանելիությանը՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներին համապատասխան:

 

Փաստերը

 

2. Դիմումատուն ծնվել է 1983 թվականին և ապրում է Մեծավան գյուղում։ Դիմումատուին ներկայացրել է Վանաձորում գործող իրավաբան պրն Կ. Թումանյանը։

3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը։

4. Գործով փաստերը, որոնք ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփել հետևյալ կերպ:

5. 2008 թվականի սեպտեմբերի 29-ին դիմումատուի և մի շարք այլ անձանց նկատմամբ առաջադրվել է մեղադրանք՝ թմրանյութերի հետ կապված հանցագործության մասով:

6. 2008 թվականի հոկտեմբերի 17-ին Լոռու մարզային դատարանը դիմումատուին կալանավորելու որոշում է կայացրել։ Ինչպես երևում է, դիմումատուն այդ որոշումը չի բողոքարկել։

7. 2009 թվականի հոկտեմբերի 12-ին Լոռու մարզային դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և նրան դատապարտել երեք տարի ժամկետով ազատազրկման։

8. Դիմումատուի կողմից վերաքննիչ բողոք ներկայացվելուց հետո՝ 2009 թվականի դեկտեմբերի 22-ին, Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է մեղադրական դատավճիռը թողնել անփոփոխ, սակայն պատժի ժամկետը կրճատել է մինչև մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման։

9. Դիմումատուի կողմից հետագա բողոքարկման արդյունքում 2010 թվականի մարտի 26-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել բեկանել այդ դատավճիռները և գործն ուղարկել նոր քննության: Վճռաբեկ դատարանը գտել է, որ խախտվել է դիմումատուի պաշտպանության իրավունքը, և որ նրա դատապարտումը հիմնված է եղել այդ իրավունքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների վրա: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ քննության սկզբնական փուլում, որի ընթացքում դիմումատուն ներգրավվել է որպես վկա, նա, ըստ էության, արդեն համարվել է կասկածյալ և պետք է կարողանար օգտվել քրեական գործով վարույթում կասկածյալի իրավունքներից, ներառյալ՝ իր վերաբերյալ ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելու և պաշտպան ունենալու իրավունքը: Այնուամենայնիվ, նա հարցաքննվել է միայն որպես վկա, և նրան հենց սկզբում փաստաբան չի տրամադրվել, և այն էլ այնպիսի իրավիճակում, երբ փաստաբանի մասնակցությունը պարտադիր էր: Այսպիսով, տվյալ ապացույցները ձեռք են բերվել դիմումատուի պաշտպանության իրավունքի խախտմամբ կատարված քննչական միջոցառումների արդյունքում, ներառյալ՝ որպես վկա նրա հարցաքննությունը և նրա ու մեկ այլ կասկածյալի միջև կատարված առերեսումը:

10. Պատիժը կրելուց հետո դիմումատուն 2010 թվականի ապրիլի 17-ին բանտից ազատ է արձակվել:

11. 2010 թվականի հոկտեմբերի 5-ին Լոռու մարզային դատարանը կրկին քննել է գործը և դիմումատուին արդարացրել: Դրանով Մարզային դատարանը վերը նշված ապացույցները ճանաչել է անընդունելի և գտել, որ մնացած ապացույցները չեն եղել հավաստի և բավարար՝ դիմումատուի մեղքը հիմնավորելու համար: Դատախազի կողմից բողոքարկումներից հետո երկու ավելի բարձր ատյանների դատարանները դատավճիռը թողել են անփոփոխ, և այն դարձել է վերջնական:

12. 2011 թվականի հուլիսի 21-ին դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել Լոռու մարզային դատարան ընդդեմ պետության` պահանջելով փոխհատուցում ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական վնասի համար` վերջինս գնահատելով 6 500 736 ՀՀ դրամ: Նրա պնդմամբ ինքն ուներ փոխհատուցման իրավունք, քանի որ իր նկատմամբ կայացված արդարացման դատավճռով անօրինական էր համարվել այն ժամանակահատվածը, որն ինքն անցկացրել էր կալանքի տակ: Նա հիմնվել է, inter alia (ի թիվս այլնի), Քաղաքացիական օրենսգրքի (ՔՕ) 17-րդ և 1064-րդ հոդվածների, Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 66-րդ հոդվածի և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի վրա:

13. 2011 թվականի դեկտեմբերի 23-ին Լոռու մարզային դատարանը կայացրել է վճիռ՝ դիմումատուի քաղաքացիական հայցի վերաբերյալ: Այն նշել է, որ դիմումատուն ազատությունից զրկված է եղել 2008 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2010 թվականի ապրիլի 17-ը, և որ նա արդարացվել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին: Օրենքով սահմանվում էին ազատությունից անօրինական զրկելու արդյունքում պատճառված վնասի հատուցման հիմքերը և կարգը: Մասնավորապես, ՔԴՕ-ի 66-րդ հոդվածով արդարացվածն իրավունք ուներ պահանջելու անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված գույքային վնասի հատուցում (ներառյալ՝ բաց թողնված օգուտները և դատական ծախսերը): ՔՕ-ի 1064-րդ հոդվածի համաձայն՝ պատճառված վնասը լրիվ ծավալով հատուցում է պետությունը: Հատուցումը պետք է տրամադրվեր, եթե հաստատվեր, որ հայցվորը կրել էր այդպիսի վնաս, պատասխանողը գործել էր ապօրինի, և վնասի ու անօրինական վարքագծի միջև առկա էր պատճառահետևանքային կապ: Պարզելով, որ պատասխանողի կողմից կատարված ապօրինի գործողությունների արդյունքում դիմումատուն անօրինական կերպով դատապարտվել էր և կրել նյութական վնաս, մասնավորապես՝ եկամտի կորուստ և դատական ծախսեր, Մարզային դատարանը որոշել է մասամբ բավարարել նրա պահանջը՝ նյութական վնասի փոխհատուցման մասով: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի փոխհատուցման մասով դիմումատուի պահանջին, ապա Մարզային դատարանը որոշել է վարույթն այդ մասով կարճել այն հիմքով, որ օրենքով այդ տեսակի փոխհատուցում չէր նախատեսվում: Իր եզրակացությունները կատարելիս Մարզային դատարանը նաև վկայակոչել է Սահմանադրության 16-րդ հոդվածը, ՔՕ-ի 17-րդ հոդվածը, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետը և Ա. Դավթյանը և «Վանք» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 1-ի որոշումը:

14. 2012 թվականի հունվարի 24-ին դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում, inter alia, պնդել է, որ Մարզային դատարանը ոչ նյութական վնասի փոխհատուցման մասով իր պահանջի վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է ղեկավարվեր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետով, որը գերակայում էր ներպետական իրավունքի նկատմամբ:

15. 2012 թվականի մարտի 28-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը անփոփոխ է թողել Մարզային դատարանի վճիռը դիմումատուի՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասով:

16. 2012 թվականի ապրիլի 12-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ բերելով համանման փաստարկներ։

17. 2012 թվականի մայիսի 23-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի վճռաբեկ բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ դաշտը ԵՎ պրակտիկան

 

I. սահմանադրություն (1995Թ. (2005թ.-ի փոփոխություններով))

18. 16-րդ հոդվածով տվյալ ժամանակահատվածում նախատեսվում էր, որ յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի օրենքով սահմանված հիմքերով և կարգով ստանալու հատուցում իրեն անօրինական կալանավորելու դեպքում:

 

II. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (1999Թ.)

 

19. 66-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ արդարացվածն իրավունք ունի պահանջելու իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները:

 

III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (1999Թ.)

 

Ա. Տվյալ ժամանակահատվածում գործող համապատասխան դրույթները

20. 17-րդ հոդվածով նախատեսվում է, որ այն անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որոնք նա կատարել է կամ պետք է կատարի (i) խախտված իրավունքը վերականգնելու համար, (ii) նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր։

21. 1064-րդ հոդվածով նախատեսվում է, որ ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

 

Բ. 2014 թվականի մայիսի 14-ին կատարված փոփոխությունները

22. 2014 թվականի նոյեմբերի 1-ից 17-րդ հոդվածով ոչ նյութական վնասը ներառվել է քաղաքացիական վնասի այն տեսակների ցանկում, որոնց համար քաղաքացիական գործով վարույթի շրջանակներում կարող է պահանջվել հատուցում: ՔՕ-ն լրացվել է նոր՝ 162.1 և 1087.2 հոդվածներով, որոնցով կարգավորվում է ոչ նյութական վնասի հատուցման պահանջի կարգը: Նախքան 2015 թվականի դեկտեմբերի 30-ին կատարված հետագա փոփոխությունները (որոնք ուժի մեջ են մտել 2016 թվականի հունվարի 1-ին), կարող էր պահանջվել ոչ նյութական վնասի հատուցում, եթե հաստատված էր, որ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 5-րդ հոդվածներով երաշխավորված անձի իրավունքները խախտվել են, ինչպես նաև անարդարացի դատապարտման դեպքերում:

 

IV. վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 1-ի որոշումը ա. դավթյանը եվ «վանք» սպը-ն ընդդեմ հայաստանի հանրապետության գործով (գործ թիվ հՔդ1/0012/02/08)

 

23. Սույն որոշումը վերաբերում էր պրն Ա. Դավթյանի կողմից ընդդեմ պետության ներկայացված հայցին՝ փոխհատուցելու համար այն վնասը, որն ինքը կրել էր, inter alia, իր՝ ենթադրյալ ապօրինի նախնական կալանքի տակ գտնվելու հետևանքով: Պրն Դավթյանը, որն ի վերջո արդարացվել էր, մեղադրվում էր մի քրեական գործով, որի ընթացքում նա երեք անգամ վերցվել էր նախնական կալանքի՝ չորս օրից մինչև մոտավորապես երկու ամիս ժամկետներով: Վճռաբեկ դատարանին դիմել էին, inter alia, ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու դեպքում կիրառելի կանոնները մեկնաբանելու համար: Որոշման համապատասխան մասերը շարադրված են հետևյալ կերպ.

«Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու դեպքում վնասի հատուցման կանոնները:

[Հղումներ Սահմանադրության 16-րդ հոդվածին, Սահմանադրության 18-րդ հոդվածին (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետին և 13-րդ հոդվածին]:

Վերոնշյալ նորմերից հետև ում է, որ պետական մարմինների ապօրինի գործողությունների հետև անքով անձին ազատությունից ապօրինի զրկելու դեպքում վնասի հատուցման իրավունքը սահմանադրական սկզբունք է, որն ամրագրված է նաև միջազգային իրավական ակտերով:

...

Վերոնշյալ սկզբունքի կենսագործումը պետք է դիտարկել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների սկզբունքի լույսի ներքո, հատկապես այն դեպքում, երբ անձը վնաս է կրել պետական մարմինների ապօրինի գործողությունների հետև անքով:

[Հղում 5-րդ հոդվածի 5-րդ կետի վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքի ընդհանուր սկզբունքներին, այդ թվում՝ Ռեհբոկն ընդդեմ Սլովենիայի [Rehbock v. Slovenia], թիվ 29462/95, § 92, ՄԻԵԴ 2000-XII, Ուասսինկն ընդդեմ Նիդեռլանդների [Wassink v. the Netherlands], 1990 թվականի սեպտեմբերի 27, § 38, շարք Ա թիվ 185-Ա, Ն.Ս.-ն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [N.C. v. Italy [GC]], թիվ 24952/94, § 49, ՄԻԵԴ 2002-X, և Սակիկը և այլք ընդդեմ Թուրքիայի [Sakık and Others v. Turkey], 1997 թվականի նոյեմբերի 26, §§ 55-61, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-VII]:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ նորմերի ապահովման նպատակով օրենսդրությունը բավարար որոշակիությամբ սահմանում է ազատությունից ապօրինի զրկման դեպքում պատճառված վնասի հատուցման հիմքերը և կարգը: [Հղումներ ՔԴՕ-ի 66-րդ հոդվածի 3-րդ մասին և ՔՕ-ի 1064-րդ հոդվածին]: Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ելնելով արդարացվածի կարգավիճակի առանձնահատկություններից, վերջինիս իրավական և փաստական վիճակի վերականգնման անհրաժեշտությունից և սահմանադրական և միջազգային իրավական դրույթներից՝ օրենսդիրը սահմանել է ապօրինի կերպով ազատությունից զրկված արդարացվածին հասցված վնասների ամբողջ ծավալով հատուցման կանոնը: Ընդ որում, հատուցվում են այն վնասները, որոնք ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու հետևանք են»:

Վճռաբեկ դատարանն այնուհետև թվարկել է վնասի այն տեսակները, որոնք ենթակա են հատուցման, ներառյալ՝ բաց թողնված աշխատավարձը, կենսաթոշակը, նպաստները, դատական ծախսերը, փաստաբանին վճարված գումարները և հնարավոր բաց թողնված օգուտները, որից հետո սկսել է ուսումնասիրել, թե արդյոք պրն Դավթյանն ապացույցներով հիմնավորել է պահանջվող նյութական վնասը:

 

իրավունքը

 

I. կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի ենթադրյալ խախտումը

24. Դիմումատուն բողոքել է, որ իրեն զրկել են ապօրինի կալանավորման հետև անքով իր կողմից կրած ոչ նյութական վնասի հատուցումից։ Նա վկայակոչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետը, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման»:

 

Ա. Ընդունելիությունը

25. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ նա բողոք չի ներկայացրել իրեն կալանքի տակ պահելու վերաբերյալ Լոռու մարզային դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 17-ի որոշման դեմ և այդպիսով չի վիճարկել իր կալանքի ենթադրյալ անօրինականությունը:

26. Դիմումատուն նշել է, որ ինքը վիճարկել է իրեն ազատությունից զրկելն ընդհանուր առմամբ՝ իր դատապարտման վերաբերյալ վերաքննիչ բողոք ներկայացնելով:

27. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու կանոնով պահանջվում է, որ այն անձինք, որոնք ցանկանում են պետության դեմ գործ հարուցել որևէ միջազգային դատական ատյանում, առաջին հերթին օգտվեն ներպետական իրավական համակարգով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից՝ դրանով իսկ պետությանը զերծ պահելով միջազգային ատյանի առջև պատասխան տալուց այնպիսի գործողությունների համար, որոնք նա հնարավորություն չի ունեցել կարգավորելու իր սեփական իրավական համակարգի միջոցով։ Իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու պարտավորությունը պահանջում է, որ դիմումատուն պետք է օգտվի իրավական պաշտպանության սովորաբար կիրառվող միջոցներից, որոնք հասանելի են և բավարար Կոնվենցիայի մասով իր բողոքների առնչությամբ (տե՛ս Վուչկովիչը և այլք ընդդեմ Սերբիայի (նախնական առարկություն) [ՄՊ] [Vučković and Others v. Serbia (preliminary objection) [GC]], թիվ 17153/11 և եւս 29-ը, §§ 70-71, 2014 թվականի մարտի 25): Սույն գործով Դատարանը նշում է, որ դիմումատուի բողոքները վերաբերում են ոչ թե նրա կալանքի օրինականության խնդրին, այլ այն փաստին, որ ներպետական օրենսդրությամբ նրան չի տրվել ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ իր ենթադրյալ ապօրինի կալանավորման համար: Հետևաբար Դատարանը մերժում է իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ Կառավարության առարկությունը:

28. Դատարանը նշում է, որ գանգատն ակնհայտ անհիմն չէ և ոչ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում թվարկված որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

29. Դիմումատուն նշել է, որ Հայաստանի իրավունքի, մասնավորապես՝ ՔԴՕ-ի 66-րդ հոդվածի համաձայն՝ արդարացվածն իրավունք ունի պահանջելու իրեն անօրինական եղանակով ազատությունից զրկելու հետևանքով պատճառված վնասի հատուցում ամբողջ ծավալով։ Նա թե՛ ապօրինի դատապարտվել է և թե՛ ապօրինի կալանավորվել տասնութ ամիս ժամկետով, ինչը ճանաչվել է ներպետական դատարանների կողմից: Բավարարելով նյութական վնասի հատուցման մասով նրա պահանջը՝ ներպետական դատարանները ղեկավարվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետով և ընդունել, որ տեղի է ունեցել այդ դրույթի խախտում: Այսպիսով, նրա գործի պարագայում կիրառելի է եղել 5-րդ հոդվածի 5-րդ կետը, իսկ այն փաստը, որ ներպետական օրենսդրության համաձայն ոչ նյութական վնասի հատուցում իրեն հասանելի չի եղել, խախտել է այդ հոդվածի երաշխիքները:

30. Կառավարությունը պնդել է, որ 5-րդ հոդվածի 5-րդ կետը կիրառելի չէր, քանի որ դիմումատուի գործով դրա մյուս չորս կետերի առնչությամբ որևէ խախտում տեղի չի ունեցել: Բացի այդ, նրա կալանավորումը ներպետական դատարանների կողմից երբևէ անօրինական չի համարվել: Դիմումատուի արդարացման պարզ փաստը նրա նկատմամբ կիրառված նախնական կալանքն անօրինական չի դարձրել, և նա 5-րդ հոդվածի 5-րդ կետի իմաստով փոխհատուցման իրավունք չի ունեցել: Դատարանները, քննելով նրա քաղաքացիական գործը, նրա արդարացման լույսի ներքո շնորհել են նրան հատուցում միայն բաց թողնված օգուտի մասով՝ հաշվի առնելով այն փաստը, որ ներպետական իրավունքն արդարացված անձանց համար նախատեսում էր այդպիսի հատուցում: Այնուամենայնիվ, այդ դատարանները չեն անդրադարձել դիմումատուի կալանավորման օրինականության խնդրին և դա անելու հնարավորություն չեն ունեցել: Ամեն դեպքում դիմումատուն ներպետական մակարդակով ստացել է լիարժեք հատուցում բաց թողնված օգուտի մասով այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա զրկված է եղել իր վաստակից ուստի փոխհատուցման բացակայության վերաբերյալ նրա բողոքն անհիմն էր:

 

2. Դատարանի գնահատականը

31. Դատարանը հենց սկզբում վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետով փոխհատուցում ստանալու իրավունքը ծագում է այն դեպքում, երբ ուղղակիորեն կամ ըստ էության Դատարանի կամ ներպետական դատարանների կողմից հաստատվում է, որ տեղի է ունեցել դրա մյուս չորս կետերից որևէ մեկի խախտում (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, վերև ում հիշատակված ՆՍ.-ի (N.C.) գործը, § 49, Ստայկովն ընդդեմ Բուլղարիայի [Staykov v. Bulgaria], թիվ 49438/99, § 107, 2006 թվականի հոկտեմբերի 12, և Ստանևն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Stanev v. Bulgaria [GC]], թիվ 36760/06, § 182, ՄԻԵԴ 2012 թվական): Սույն գործով Դատարանից չի պահանջվել պարզել, թե արդյոք տեղի է ունեցել այդ դրույթներից որևէ մեկի խախտում: Հետևաբար անհրաժեշտ է պարզել, թե արդյոք դիմումատուի գործով հայտնաբերվել է այդպիսի խախտում ներպետական դատարանների կողմից:

32. Դիմումատուն պնդել է, որ 5-րդ հոդվածի 5-րդ կետը կիրառելի էր, քանի որ իր արդարացման արդյունքում իր կալանավորումը համարվել էր «անօրինական»՝ ներպետական իրավունքի համաձայն: Դատարանն այս առումով կրկին նշում է, որ Կոնվենցիայի մարմինները հետևողականորեն հրաժարվել են բավարարել հանցագործությունների համար դատապարտված անձանց դիմումները, որոնք բողոքում են, որ իրենց դատապարտումները կամ դատավճիռները վերաքննիչ դատարանների կողմից համարվել են փաստի կամ իրավունքի սխալների վրա հիմնված (տե՛ս Բենհամն ընդդեմ Միացյալ Թագավորության [Benham v. the United Kingdom], 1996 թվականի հունիսի 10, § 42, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996-III))։ Նույն կերպ կալանավորման ժամկետը սկզբունքորեն «օրինական է», եթե այն հիմնված է դատարանի որոշման վրա: Բարձրագույն ներպետական դատարանի հետագա եզրակացությունն այն մասին, որ ստորադաս դատարանը որոշում կայացնելիս ներպետական իրավունքով սխալ է թույլ տվել, պարտադիր չէ, որ հետադարձ կերպով ազդի կալանքի ժամկետի վավերության վրա (տե՛ս Մուրենն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Mooren v. Germany [GC]], թիվ. 11364/03, § 74, 2009 թվականի հուլիսի 9): Ավելին, քրեական գործով վարույթի շրջանակներում ներպետական իրավունքի նյութաիրավական դրույթների խախտման արդյունքում կայացված վճիռն ինքնըստինքյան կալանավորումն այդ վճռի ուժով չի դարձնում անօրինական (տե՛ս Գրուբերն ընդդեմ Գերմանիայի (որոշում) [Gruber v. Germany (dec.)], թիվ 45198/04, 2007 թվականի նոյեմբերի 7): Այնուամենայնիվ, Դատարանը վճռել է, որ պարզապես սխալները պետք է տարբերակել արդարադատության կտրուկ մերժումից, որը խաթարում է ոչ միայն անձի դատավարության արդարությունը, այլ նաև կալանավորման օրինականությունը, և որ, որպես հետևանք, այդպիսի հանգամանքներում 5-րդ հոդվածի 5-րդ կետը կկիրառվի միայն այն դեպքում, երբ կալանքը հետևել է ակնհայտ անարդար վարույթի արդյունքում կայացված դատապարտմանը, որը հավասարազոր է արդարադատության բացահայտ մերժման՝ ինքնաբերաբար ենթադրելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում (տե՛ս Շուլգինն ընդդեմ Ուկրաինայի [Shulgin v. Ukraine], թիվ 29912/05, §§ 49-58, 2011 թվականի դեկտեմբերի 8, և Վասիլևսկին և Բոգդանովն ընդդեմ Ռուսաստանի [Vasilevskiy and Bogdanov v. Russia], թիվ 52241/14 և 74222/14, § 19, 2018 թվականի հուլիսի 10

33. Սույն գործով Դատարանը կցանկանար ուշադրություն դարձնել Հայաստանի ներպետական իրավական համակարգի առանձնահատկությանը, մասնավորապես՝ ՔԴՕ-ի 66-րդ հոդվածի 3-րդ մասին և ՔՕ-ի 1064-րդ հոդվածին, որոնք արդարացվածին տրամադրում են ազատությունից ապօրինի զրկելու հետևանքով փոխհատուցում ստանալու իրավունք: Այդ դրույթները Վճռաբեկ դատարանի կողմից մեկնաբանվել են իր 2011 թվականի հուլիսի 1-ի որոշման մեջ՝ իրավունք տալով արդարացվածին ստանալու լրիվ ծավալով հատուցում «ապօրինի կերպով նրան ազատությունից զրկելու հետև անքով» իրեն պատճառված նյութական վնասի համար (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը): Հետևաբար համապատասխան կանոնները գործում են այն ուժով, որ հետագայում արդարացված անձի ցանկացած կալանավորում օրենքի ուժով համարվում է անօրինական: Դրանք շարադրված են ոչ երկիմաստ եզրույթներով, և դրանց մեկնաբանությունը և կիրառման ձևը, ինչպես նշվել է վերևում, հաստատվել են պատասխանող պետության բարձրագույն դատական մարմնի կողմից (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը)։

34. Դատարանը նշում է, որ եթե ներպետական իրավունքով նախատեսվում է, որ ամբաստանյալը վերջնական արդարացման դեպքում իրավունք ունի ստանալու հատուցում՝ նախորդող վարույթի ընթացքում իր կալանավորման համար, ապա չի կարելի համարել, որ հատուցման այդպիսի «ավտոմատ» իրավունքն ինքնին ենթադրում է, որ տվյալ կալանավորումը պետք է որակել որպես «անօրինական»: Ավելին, չնայած չի կարելի ասել, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետով փոխհատուցման այդպիսի «ավտոմատ» իրավունք է սահմանվում բացառապես այն հիմքով, որ քրեական գործով վարույթն ավարտվել է արդարացմամբ, սակայն այդ դրույթի պահանջներին համապատասխանելու իրավական լուծումների ընտրությունը շարունակում է մնալ քաղաքականության ընտրություն, որը պետք է սահմանվի ներպետական իրավունքով: Այդ կապակցությամբ Դատարանը չի կարող չնշել, որ Հայաստանի իրավունքով դիմումատուն ոչ միայն իրավունք ուներ ստանալու փոխհատուցում իր արդարացման հետևանքով, այլ նաև նրա կալանավորումը նույնպես ներպետական իրավունքի իմաստով համարվել է «անօրինական»:

35. Դիմումատուի գործով կայացրած իրենց վճիռներում Լոռու մարզային դատարանը և Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հիմնվել են վերոհիշյալ դրույթների, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 1-ի որոշման վրա և դիմումատուին շնորհել հատուցում այն նյութական վնասի համար, որը նրան պատճառվել է նրա «անօրինական» կալանավորման հետև անքով՝ հղում կատարելով նրա կողմից կալանքի տակ անցկացրած ամբողջ ժամանակահատվածին, այն է՝ 2008 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2010 թվականի ապրիլի 17-ը (տե՛ս վերևում՝ 13-րդ և 15-րդ պարբերությունները):

36. Դատարանն այդ կապակցությամբ վերահաստատում է, որ ազգային իշխանությունների, մասնավորապես՝ դատարանների համար առաջնային է ներպետական իրավունքը մեկնաբանելը և կիրառելը (տե՛ս Պարադիսոն և Կամպանելլին ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Paradiso and Campanelli v. Italy [GC]], թիվ 25358/12, § 169, 2017 թվականի հունվարի 24)։ Ավելին, այն մասով, թե արդյոք կալանավորումը «օրինական է», ներառյալ՝ արդյոք այն համապատասխանում է «օրենքով սահմանված ընթացակարգին», Կոնվենցիայում, ըստ էության, հղում է կատարվում ազգային իրավունքին, և սահմանվում է դրա նյութաիրավական և դատավարական կանոններին համապատասխանելու պարտավորությունը, իսկ այդ իրավունքին չհետևելը ենթադրում է Կոնվենցիայի խախտում (տե՛ս Օկալանն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Öcalan v. Turkey [GC]], թիվ. 46221/99, § 83, ՄԻԵԴ 2005‑IV, և Մերաբիշվիլին ընդդեմ Վրաստանի [ՄՊ] [Merabishvili v. Georgia [GC]], թիվ 72508/13, § 191, 2017 թվականի նոյեմբերի 28)։ Այսպիսով, հաշվի առնելով այն փաստը, որ դիմումատուի կալանավորումն իր արդարացումից հետո ներպետական իրավունքի իմաստով ճանաչվել է անօրինական և այդպիսին է համարվել ներպետական դատարանների կողմից, Դատարանը եզրակացնում է, որ գործի կոնկրետ հանգամանքներում 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված երաշխիքների խախտումը, ըստ էության, հաստատվել է ներպետական մակարդակում, և որ համապատասխանաբար 5-րդ հոդվածի 5-րդ կետը դիմումատուի գործի նկատմամբ կիրառելի է։

37. Դատարանը վերահաստատում է, որ 5-րդ հոդվածի 5-րդ կետը պահպանվում է այն դեպքում, երբ հնարավոր է փոխհատուցում պահանջել ազատությունից զրկելու համար, որն իրականացվել է 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերին հակասող պայմաններում (տե՛ս վերև ում հիշատակված Ն.Ս.-ի գործը, § 49): Այլ երկրների վերաբերող մի շարք գործերում Դատարանը դրանց կոնկրետ հանգամանքներում գտել է, որ իրենց արդարացման արդյունքում դիմումատուների պահանջած փոխհատուցումը բավարարում է 5-րդ հոդվածի 5-րդ կետի նպատակները, և հետևաբար չի գտել այդ դրույթի խախտում այն հիմքով, որ այդպիսի փոխհատուցումն անբաժանելի է եղել ցանկացած այնպիսի փոխհատուցումից, որը ստանալու իրավունք նրանք կարող էին ունենալ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` իրենց ազատությունից զրկվելու հետևանքով, ինչը հակասում է 5-րդ հոդվածի մյուս կետերին (տե՛ս վերև ում հիշատակված ՆՍ-ի գործը, §§ 57-58, վերև ում հիշատակված Ստայկովի գործը, §§ 108-110, և, ի հակադրություն դրանց, Վլոշն ընդդեմ Լեհաստանի (թիվ 2) [Włoch v. Poland (no. 2)], թիվ 33475/08, §§ 29-33, 2011 թվականի մայիսի 10):

38. Սույն գործով, այնուամենայնիվ, դիմումատուն, իր արդարացման արդյունքում նյութական բնույթի հատուցում ստանալու իրավունք ունենալով, իր անօրինական կալանավորման հետ կապված ոչ նյութական բնույթի վնասի հատուցում ստանալու հնարավորություն չի ունեցել, քանի որ այդ տեսակի փոխհատուցում ներպետական իրավունքով նախատեսված չի եղել։ Այսպիսով, նրա՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը ներպետական դատարանների կողմից մերժվել է այն հիմքով, որ Հայաստանի իրավունքով «ոչ նյութական վնաս» [-ի փոխհատուցում]-ը որպես փոխհատուցման տեսակ չի նախատեսվել։ Դատարանն այդ կապակցությամբ վերահաստատում է, որ 5-րդ հոդվածի 5-րդ կետը չպետք է դիտարկվի զուտ նյութական վնասի փոխհատուցում ստանալու իրավունքի հնարավորություն նախատեսելու համատեքստում, այլ նաև պետք է փոխհատուցում ստանալու իրավունքի հնարավորություն տրամադրի ցանկացած տագնապի, անհանգստության և հիասթափության համար, որն անձը կարող է զգալ 5-րդ հոդվածի մյուս դրույթների խախտման հետև անքով (տե՛ս Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Khachatryan and Others v. Armenia], թիվ 23978/06, § 157, 2012 թվականի նոյեմբերի 27)։ Այն նշում է, որ ինքն արդեն գտել է, որ Հայաստանի իրավունքով ոչ նյութական բնույթի վնասի հատուցման բացակայությունը համարվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երաշխիքների խախտում (տե՛ս վերև ում հիշատակված՝ Խաչատրյանը և այլք գործը, §§ 158-159, և Սահակյանն ընդդեմ Հայաստանի [Sahakyan v. Armenia], թիվ 66256/11, § 31, 2015 թվականի նոյեմբերի 10): Սույն գործում այդ եզրակացությունից շեղվելու պատճառներ չկան: Դրանից բխում է, որ տվյալ ժամանակահատվածում դիմումատուն օրենքով կամ գործնականում չի օգտվել այդ հոդվածի իմաստով հատուցում ստանալու՝ օրենքով ամրագրված իրավունքից:

39. Դատարանը միևնույն ժամանակ ի գիտություն է ընդունում այն փաստը, որ սույն գործի իրադարձություններից հետո Հայաստանում ոչ նյութական վնասը ներդրվել է որպես հատուցման տեսակ (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը): Դիմումատուն, այնուամենայնիվ, չի կարողացել օգտվել այդ նոր օրենսդրությունից:

40. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում։

 

II. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառումը

 

41. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

 

Ա. Վնասը

42. Դիմումատուն պահանջել է 12 960 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

43. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն արդեն ստացել է փոխհատուցում՝ բաց թողնված օգուտի համար:

44. Դատարանը գտնում է, որ դիմումատուն կրել է ոչ նյութական վնաս, որը խախտումն արձանագրելու արդյունքում չի հատուցվել։ Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, դիմումատուին շնորհում է 6 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

 

Բ. Ծախսերը և ծախքերը

45. Դիմումատուն պահանջել է նաև ընդհանուր առմամբ 7 125 եվրո՝ որպես ներպետական դատարաններում և Դատարանում կրած դատական ծախսերի հատուցում։

46. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ փաստաթղթային ապացույց՝ տվյալ դատական ծախսերի վերաբերյալ։ Ինչպես նաև նա չի հիմնավորել դրանց անհրաժեշտությունը և ողջամտությունը։

47. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործով դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց՝ ենթադրյալ կրած դատական ծախսերի վերաբերյալ։ Դատարանը, հետևաբար, մերժում է դատական ծախսերի մասով դիմումատուի պահանջը։

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

64. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է ներպետական իրավունքով ոչ նյութական բնույթի հատուցում ստանալու՝ օրենքով ամրագրված իրավունքի բացակայության վերաբերյալ բողոքն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում.

3. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում ոչ նյութական վնասի դիմաց պետք է դիմումատուին վճարի 6 000 եվրո (վեց հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2020 թվականի հոկտեմբերի 22-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Աբել Կամպոս՝

Քսենյա Տուրկովիչ՝

Քարտուղար

Նախագահ