040.0559.04.09.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
7 սեպտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 1999 թվականի N 562
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 20-րդ կետն ու 39 հոդվածը, ինչպես նաև մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ուղղակիորեն կարգավորված չլինելու դեպքում օտարերկրյա պետությունների, միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա ու Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ` բարեգործական), կրոնական և համանման ոչ պետական այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը կարող են որակվել որպես`
ա) մարդասիրական օգնություն, եթե այն նպատակաուղղված է բնակչության ֆիզիկական ու հոգևոր պահանջմունքների բավարարմանը և, մասնավորապես, սննդի, առողջության, կրթության, բնակարանային կամ կենցաղային պայմանների բարելավմանը, աշխատանքային հմտությունների և ունակությունների զարգացմանը.
բ) բարեգործական գործունեություն, եթե նշված ապրանքները մատակարարվում կամ ծառայությունները մատուցվում են բժշկական, դաստիարակչական հիմնարկներին, սոցիալական պաշտպանության ու համանման այլ հաստատություններին, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատություններին, հիմնադրամներին, մշակութային ու մարզական հաստատություններին, հասարակական ու կրոնական կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետության համայնքներին:
Մարդասիրական օգնության կամ բարեգործական գործունեության առարկա կարող են լինել`
գույքի, այդ թվում` դրամական միջոցների, մտավոր սեփականության օբյեկտների, սեփականության իրավունքի փոխանցումը.
սեփականության ցանկացած օբյեկտի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքներով օժտելը.
աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը:
Մարդասիրական օգնությունը կամ բարեգործական գործունեությունն իրականացվում է անշահախնդրորեն (անհատույց կամ արտոնյալ պայմաններով) և առանց ստացողի համար գույքի կամ իրավունքի հանդիպական հանձնման կամ հանդիպական պարտավորության առաջացման:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված «մարդասիրական օգնություն» և «բարեգործական գործունեություն» սահմանումները վերաբերում են միայն Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային օրենսդրությամբ նշված գործունեության համար նախատեսված արտոնությունների կիրառման շրջանակին և չեն կարող մեկնաբանվել որպես այլ հարաբերություններ կարգավորող սահմանումներ:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված պայմանները բավարարող ծրագրերը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական կամ դրանց հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագրեր կարող են որակվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, եթե`
ա) նախատեսվում է մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների ներմուծում դրանց դրամայնացման (մոնետիզացման) նպատակով.
բ) այդ ծրագրերով նախատեսվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծում կամ մատակարարում.
գ) դրանք իրականացվում են օտարերկրյա պետությունների, միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցված ծրագրերի շրջանակներում:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ծրագրերը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական կամ դրանց հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագրեր որակվելու դեպքում կարող են սահմանվել դրանց իրականացման հատուկ պայմանները:
5. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված դեպքերից բացի, բոլոր այլ ծրագրերը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական կամ դրանց հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագրեր կարող են որակվել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կողմից:
6. Սահմանել, որ մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները`
ա) մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում կամ այդ նպատակով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի հետ կնքում են համապատասխան պայմանագրեր և այդ պայմանագրերի պատճենները` դրանց կնքման պահից 5-օրյա ժամկետում ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողով.
բ) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի սահմանած ձևով հանձնաժողով են ներկայացնում տեղեկություններ եռամսյակի ընթացքում մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում կազմակերպության կողմից, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում սահմանել ու Հայաստանի Հանրապետությունում մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին տրամադրել`
ա) սույն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետով նախատեսվող տեղեկությունների ձևը.
բ) ծրագրերը որպես մարդասիրական օգնության և բարեգործական որակելու համար հանձնաժողովին տրամադրվող տեղեկությունների բովանդակությանը ներկայացվող չափանիշները:
8. Սահմանել, որ սույն որոշման պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովը և նրա աշխատակազմը` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում ներգրավելով Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների ու գերատեսչությունների համապատասխան մասնագետների:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |