Գլխավոր տեղեկություն
Համար
N 5
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.03.01/6(419)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
03.02.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2012

Համաձայնեցված է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ նախարարության հետ

 

_________________ Վ. Գաբրիելյան

 

13 փետրվարի 2012 թ.

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

_________________ Գ. Խաչատրյան

 

 3 փետրվարի 2012 թ.

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ  N 5

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Բ» ԵՆԹԱԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն`

«Անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ԱԱՀ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) գերազանցող մասի համար»:

Նույն հոդվածի երրորդ մասի «բ» կետի համաձայն` օրենքի 3-րդ հոդվածի առաջին պարբերության դրույթները չեն կիրառվում «լիցենզավորման ենթակա այն գործունեություն իրականացնող կամ լիցենզիա ունեցող անձի նկատմամբ, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը սահմանված է 100 հազար դրամ կամ ավելի:

2. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2010 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-242-Ն օրենքով փոփոխվել են քաղաքաշինության բնագավառի գործունեության մասով պետական տուրքի դրույքաչափերը, իսկ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-231-Ն օրենքով քաղաքաշինության բնագավառի գործունեության մասով սահմանվել են պետական տուրքի դրույքաչափեր յուրաքանչյուր ներդիրի համար:

Հաշվի առնելով վերը նշվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Քաղաքաշինական բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող այն անձինք, որոնք բավարարում են ավելացված արժեքի հարկի շեմի կիրառության համար «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված մյուս պահանջներին և որոնց լիցենզիայի` ստացված ներդիրներին համապատասխանող գործունեության բոլոր տեսակների համար պետական տուրքի ընդհանուր գումարը փոքր է 100 հազար դրամից` 2011 թվականի ընթացքում կարող են.

1) համարվել ԱԱՀ վճարող, եթե այդ անձինք իրենց ԱԱՀ վճարող են համարել հաշվի առնելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2010 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-242-Ն օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը,

2) որևէ ամսաթվից մինչև 2011 թվականի ավարտը չհամարվել ԱԱՀ վճարող, եթե այդ անձինք իրենց ԱԱՀ վճարող չեն համարում` հաշվի առնելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-231-Ն օրենքը,

3) չհամարվել ԱԱՀ վճարող, եթե այդ անձինք 2011 թվականի տարեսկզբից իրենց ԱԱՀ վճարող չեն համարել լիցենզիայի վերաձևակերպման համար օրենքով ժամկետ սահմանված լինելու, պետական տուրքի վճարման ժամկետը լրացած չլինելու, իսկ հետագայում` հաշվի առնելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-231-Ն օրենքը:

2. Անկախ սույն պարզաբանման 1-ին և 2-րդ կետերի դրույթներից, քաղաքաշինական բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող այն անձինք, որոնք 2011 թվականին ներկայացրել են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված` ԱԱՀ վճարող համարելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևի գրավոր հայտարարություն` համարվում են ԱԱՀ վճարող` օրենքով սահմանված օրվանից:

3. Քաղաքաշինական բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից 2011 թվականի ընթացքում դուրս գրված հարկային հաշիվները չեն կարող անվավեր ճանաչվել, եթե հարկային հաշիվները անվավեր են ճանաչվում կապված ԱԱՀ-ի շեմից օգտվելու հանգամանքի հետ: Քաղաքաշինական բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող և իրենց ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվող անձանց կողմից 2011 թվականի ընթացքում դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

4. 2012 թվականի հունվարի 1-ից քաղաքաշինական և(կամ) այլ բնագավառներում գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ ԱԱՀ-ի շեմը կիրառելի չէ, եթե տվյալ գործունեության ստացված լիցենզիայի համար պետական տուրքի, իսկ օրենքով լիցենզիայի ներդիրի համար պետական տուրք սահմանված լինելու դեպքում` ստացված ներդիրներով նախատեսված գործունեության բոլոր տեսակների համար պետական տուրքի ընդհանուր գումարը կազմում է 100 հազար դրամ կամ ավելի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան