Գլխավոր տեղեկություն
Համար
N 590
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2001-10.06.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.07.23/23(155) Հոդ.531
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.06.2007

040.0590.02.07.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2001 թվականի N 590

քաղ. Երևան

 

ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 25-ի «Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները հարկման օբյեկտում հաշվի առնելու կարգի սահմանման մասին» N 234 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հուլիսի 2-ի N 590 որոշմամբ


Կ Ա Ր Գ

 

ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այդ թվում` հարկային գործակալների), ինչպես նաև այլ անձանց կողմից ֆիզիկական անձանց բնամթերային (ոչ դրամական) ձևով վճարված եկամուտների վրա:

3. Բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները կարող են լինել`

ա) գույք (բացառությամբ դրամական միջոցների),

բ) աշխատանք, ծառայություն,

գ) մտավոր սեփականություն:

4. Գույքը (բացառությամբ դրամական միջոցների), աշխատանքները, ծառայությունները և մտավոր սեփականությունը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի են առնվում ազատ (շուկայական) գներով`

ա) կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից (այդ թվում` հարկային գործակալներից) ստանալու դեպքում`

եկամուտ վճարողի կողմից եկամտի վճարման ամսում այլ անձանց` դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),

այդպիսի գների բացակայության դեպքում` եկամուտ վճարողի կողմից վճարմանը նախորդող ամսում այլ անձանց` դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),

այդպիսի գների բացակայության դեպքում` եկամուտ վճարողի մոտ դրանց ինքնարժեքի (սկզբնական (ձեռքբերման) արժեքի) և դրա նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարով.

բ) այլ աղբյուրներից ստանալու դեպքում`

այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացման ամսվան վերաբերող հրապարակված վիճակագրական գները,

դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը նախորդող ամսվան վերաբերող հրապարակված վիճակագրական միջին գները,

դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը նախորդող 12 ամսվան վերաբերող հրապարակված վիճակագրական միջին գները, իսկ դրանց բացակայության դեպքում` այդ 12 ամսվան նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերող հրապարակված վիճակագրական միջին գները: