Գլխավոր տեղեկություն
Համար
N 78
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.10.17/24(407)
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
06.10.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

  6 հոկտեմբերի 2011 թ.
ք. Երևան

 N 78

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 50-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ուսումնասիրելով քաղաքացի Ռուբեն Թորոսյանի 26.09.2011թ. թիվ 2408 կից գրությամբ ներկայացված 26.09.2011թ. «Նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կապակցությամբ պարզաբանում ստանալու մասին» թիվ 2403 դիմումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզեց.

1. Դիմումատուի իրավական դիրքորոշումը և ներկայացված պահանջը

Քաղաքացի Ռուբեն Թորոսյանի 26.09.2011թ. թիվ 2408 կից գրությամբ ներկայացրել է թիվ 2403 դիմումը` «Նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կապակցությամբ պարզաբանում ստանալու մասին»։

Ներկայացված դիմումում նշել է.

Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ կետում սահմանված է` կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով… տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները…, ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Սակայն, նույն օրենսգրքի 50-րդ հոդվածը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համար, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ որոշում ընդունելու լիազորություն չի սահմանում, որի հետևանքով այն երբևէ չի իրականացվում։

Այսպիսով, ակնհայտ հակասություն կա ԸՕ 75-րդ հոդվածի 6-րդ կետով և ԸՕ 50-րդ հոդվածով սահմանված դրույթների միջև և անհրաժեշտություն կա այդ խնդրի պաշտոնական պարզաբանման համար։

Այդ կապակցությամբ, ներկայացնում է սույն խնդրով ԸՕ 50-րդ հոդվածով սահմանված դրույթների (որպես լրացում) իր պարզաբանման տարբերակը`

6.1. որոշում է ընդունում տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ։

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներով, խնդրում է սույն խնդրով տալ պաշտոնական պարզաբանում։

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունները) և եզրահանգումը

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածը սահմանում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները։

Նշված իրավանորմի 1-12 կետերով հստակորեն սահմանված են այն գործառույթները, որոնք իրականացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը։ Միաժամանակ իրավանորմը նշված լիազորությունները չի համարում սպառիչ, քանզի նույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կարող է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ։

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 74-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն.

«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը, հիմք ընդունելով ընտրատարածքում քվեարկության արդյունքների արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընդունած որոշումը, ամփոփում է ընտրատարածքում քվեարկության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ»։

Նշված իրավանորմը, ըստ էության, սահմանում է այն կարգը, որին համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պետք է ամփոփի ընտրատարածքում քվեարկության արդյունքները և ընդունի որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասն էլ սահմանում է, որ.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ»։

Վերոհիշյալ իրավակարգավորումներից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգին համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների առկայության դեպքում, դրանց վերաբերյալ ընդունում է որոշումներ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը նախատեսել է լիազորություն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների համար կայացնելու վերոհիշյալ որոշումները։

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն.

«Իրավական ակտի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման, իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին կամ նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում, իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետի որոշման, իրավաբանական ուժ ունենալու հարցերի պարզաբանման, ինչպես նաև իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման նպատակով տրվում է իրավական ակտի պարզաբանում»։

Նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն. «Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով»։

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները։

Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»։

Վերոգրյալով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածը և 75-րդ հոդվածի 6-րդ մասը, որպես նույն իրավական ակտի տարբեր դրույթների, հակասություն չեն պարունակում։ Նշված դրույթները հստակ են և չեն հանգեցնում որևէ տարաբնույթ ընկալման։

Ավելին, քննարկվող դիմումով որպես դիմումատուի ներկայացրած պարզաբանման տարբերակ, ներկայացվել է.

«…սույն խնդրով ԸՕ 50-րդ հոդվածով սահմանված դրույթների (որպես լրացում) իմ պարզաբանման տարբերակը`

6.1. որոշում է ընդունում տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ»։

Ներկայացվածով, ինչպես ինքը` դիմումատու Թորոսյանն է նշում, առաջարկվում է, ըստ էության լրացում կատարել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածում, ինչը ոչ միայն չի բխում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջներից, այլև դիմումով ներկայացված պահանջը հանդիսանում է հակասահմանադրական պահանջ, քանզի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն. «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն էլ` Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը»։

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջներով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է.

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածը և 75-րդ հոդվածի 6-րդ մասը, որպես նույն իրավական ակտի տարբեր դրույթների, հակասություն չեն պարունակում։ Նշված դրույթները հստակ են և չեն հանգեցնում որևէ տարաբնույթ ընկալման:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան