040.0024.16.01.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2001 թվականի N 24
քաղ. Երևան
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բարձրագույն և միջին մասնագիտական կրթության պետական ընդհանուր չափորոշիչները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`
ա) ապահովել բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի համապատասխանեցումը բարձրագույն և միջին մասնագիտական կրթության պետական չափորոշիչներին.
բ) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն մասնագիտական առարկայական չափորոշիչների մշակման և հաստատման կարգի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
Բարձրագույն մասնագիտական կրթության պետական ընդհանուր չափորոշիչը
I. Հիմնական դրույթներ
1. Բարձրագույն մասնագիտական կրթության (այսուհետև` բարձրագույն կրթություն) պետական ընդհանուր չափորոշիչը (այսուհետև` չափորոշիչ) սահմանում է`
ա) բարձրագույն կրթության ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը.
բ) բարձրագույն ուսումնական հաստատության (այսուհետև` ուսումնական հաստատություն) սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը.
գ) բարձրագույն կրթությամբ շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները:
2. Չափորոշչի պահանջների պահպանումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ուսումնական հաստատությունների համար:
II. Բարձրագույն կրթության ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը եվ ուսուցման ժամկետները
3. Բարձրագույն կրթության շրջանակներում իրականացվում են հիմնական կրթական ծրագրեր, որոնք ապահովում են «բակալավր», «դիպլոմավորված մասնագետ» և «մագիստրոս» որակավորմամբ մասնագետների պատրաստումը:
«Բակալավր» որակավորմամբ մասնագետի պատրաստման հիմնական կրթական ծրագիրն ընդգրկում է ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական, մաթեմատիկական ու բնագիտական, ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական դասընթացներ ու պրակտիկա:
Ուսուցման ժամկետն առնվազն 4 տարի է:
Ծրագիրն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ «բակալավր» (բակալավր-մանկավարժ, բակալավր-տնտեսագետ, բակալավր-իրավաբան և այլն) որակավորման շնորհմամբ և դիպլոմի հանձնումով:
«Դիպլոմավորված մասնագետ» որակավորմամբ մասնագետի պատրաստման հիմնական կրթական ծրագիրն ընդգրկում է ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական, մաթեմատիկական ու բնագիտական, ընդհանուր մասնագիտական դասընթացներ, ինչպես նաև շրջանավարտներին տարբեր տեսակի մասնագիտական գործունեության նախապատրաստող մասնագիտական և մասնագիտացման տեսական դասընթացներ ու պրակտիկա:
Ուսուցման ժամկետն առնվազն 5 տարի է, իսկ բժշկական մասնագիտությունների համար` 5-6 տարի:
Ծրագիրն ավարտվում է ատեստավորմամբ, ներառյալ դիպլոմային աշխատանքը, «դիպլոմավորված մասնագետ» (ուսուցիչ, տնտեսագետ, ճարտարագետ, գյուղատնտես և այլն) որակավորման շնորհմամբ և դիպլոմի հանձնումով:
«Մագիստրոս» որակավորմամբ մասնագետի պատրաստման հիմնական կրթական ծրագիրն ընդգրկում է «բակալավր» որակավորմամբ մասնագետի առնվազն 2 տարվա խորացված ուսուցում` ներառյալ շրջանավարտների գիտահետազոտական կամ գիտամանկավարժական գործունեության պրակտիկան:
Ծրագիրն ավարտվում է ատեստավորմամբ, ներառյալ ավարտական աշխատանքը, «մագիստրոս» (մագիստրոս-մանկավարժ, մագիստրոս-տնտեսագետ, մագիստրոս-իրավաբան և այլն) որակավորման շնորհմամբ և դիպլոմի հանձնումով:
4. Հիմնական կրթական ծրագիրը սահմանում է ուսումնասիրվող առարկաների (դրանց բաժինների, հատուկ թեմաների, դասընթացների) անվանացանկը և սովորողների ուսուցման տեսակները (դասախոսություն, սեմինար պարապմունք, գործնական աշխատանք, ինքնուրույն աշխատանք, ուսումնական և արտադրական պրակտիկաներ և այլն):
5. Հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնով ապահովվում է մասնագիտական առարկայական չափորոշիչներով նախատեսված`
ա) համաշխարհային մակարդակին համարժեք ընդհանուր և մասնագիտական գիտելիքներով օժտված անձի ձևավորումը,
բ) սովորողների կողմից ազգային և համամարդկային մշակութային արժեքների յուրացումը,
գ) հասարակության կատարելագործումը և ազգի զարգացման նոր մակարդակ ապահովող հայ անհատի ու քաղաքացու ձևավորումը,
դ) հասարակության մտավոր ներուժի և աշխատուժի վերարտադրությունն ու զարգացումը:
6. Հիմնական կրթական ծրագիրն ընդգրկում է հետևյալ պարտադիր դասընթացները`
ա) ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական,
բ) մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական (այդ թվում` էկոլոգիական),
գ) ընդհանուր մասնագիտական,
դ) հատուկ մասնագիտական:
7. Հիմնական կրթական ծրագիրը պարտադիր դասընթացներից բացի կարող է ներառել նաև սովորողի ընտրությամբ (նախասիրական) դասընթացներ և ֆակուլտատիվ դասընթացներ:
8. Ուսումնական հաստատությունն իրավունք ունի հիմնական կրթական ծրագրում ընդգրկված 4 պարտադիր դասընթացներում կատարելու մինչև 15 տոկոսի չափով դասընթացային և մինչև 15 տոկոսի չափով բովանդակային փոփոխություններ:
III. Ուսումնական հաստատության սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը
9. Ուսումնական տարին, որպես կանոն, սկսվում է սեպտեմբերի 1-ին: Ուսումնական տարվա տևողությունը 34 շաբաթ է: Ուսումնական հաստատության, բացառությամբ արվեստի բուհերի, սովորողի ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքների բոլոր տեսակները (լսարանային` մինչև 36 ժամ):
10. Առկա (ստացիոնար) կրթության ձևի դեպքում պարտադիր լսարանային պարապմունքների առավելագույն ծավալը սահմանափակվում է պետական չափորոշչով, սահմանված բարձրագույն կրթության բովանդակության նվազագույնով:
Հեռակա կրթության ձևի դեպքում դասախոսի հետ սովորողի պարապմունքները չպետք է պակաս լինեն տարեկան 160 ժամից:
11. Ուսումնական տարվա ընթացքում սովորողների արձակուրդները պետք է կազմեն 7-10 շաբաթ, այդ թվում` ձմռանը` 2 շաբաթից ոչ պակաս:
IV. Բարձրագույն կրթությամբ շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները
12. Բարձրագույն կրթությամբ շրջանավարտներին ներկայացվում են հետևյալ որակական պահանջները`
ա) բակալավրի ծրագրով կրթված շրջանավարտը պետք է ունենա հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական ու բնագիտական առարկաների, ազգային և համաշխարհային պատմության ու մշակույթի անհրաժեշտ իմացություն, ընդհանուր և հատուկ մասնագիտական տեսական ու գործնական հիմնարար գիտելիքներ, ստացած գիտելիքները փոփոխվող իրադրություններում կիրառելու ունակություն, մշակութային, իրավական, բարոյագիտական, գեղագիտական և էկոլոգիական գիտելիքների որոշակի պաշար.
բ) դիպլոմավորված մասնագետի ծրագրով կրթված շրջանավարտը պետք է ունենա հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական ու բնագիտական առարկաների, ազգային ու համաշխարհային պատմության և մշակույթի անհրաժեշտ իմացություն (բակալավրի ծրագրից ոչ պակաս ծավալով), մասնագիտական խորը գիտելիքներ, արտադրությունը կազմակերպելու, մասնագիտության մեջ ինքնուրույնաբար կատարելագործվելու համար անհրաժեշտ կարողություններ և հմտություն, իրավական, բարոյագիտական, գեղագիտական և էկոլոգիական գիտելիքների որոշակի պաշար.
գ) մագիստրոսի ծրագրով կրթված շրջանավարտը պետք է ունենա մասնագիտական հիմնարար պատրաստություն, գիտահետազոտական և գիտամանկավարժական աշխատանքի, կառավարման, մասնագիտության մեջ ինքնուրույնաբար կատարելագործվելու համար անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություն:
V. Չափորոշչի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը
13. Չափորոշչի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Միջին մասնագիտական կրթության պետական ընդհանուր չափորոշիչը
I. Հիմնական դրույթներ
1. Միջին մասնագիտական կրթության պետական ընդհանուր չափորոշիչը (այսուհետև` չափորոշիչ) սահմանում է`
ա) միջին մասնագիտական կրթության ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը.
բ) միջին մասնագիտական ուսումնական հաստատության (այսուհետև` ուսումնական հաստատություն) սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը.
գ) միջին մասնագիտական կրթության շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները:
2. Չափորոշչի պահանջների պահպանումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների համար:
II. Միջին մասնագիտական կրթության ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը եվ ուսուցման ժամկետները
3. Միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերով:
4. Հիմնական միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է կրտսեր մասնագետի պատրաստումն ապահովող հիմնական մասնագիտական կրթական ծրագրով, որը պետք է ներառի ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական, մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական, ընդհանուր մասնագիտական (մասնագիտությունների տվյալ խմբի համար), հատուկ մասնագիտական դասընթացները և արտադրական (մասնագիտական) պրակտիկան:
5. Միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագիրը պետք է ներառի պարտադիր դասընթացներ, այդ թվում` հաստատության ընտրությամբ, և նախասիրական առարկաներ` սովորողի ընտրությամբ:
6. Հաստատությունն իրավունք ունի հիմնական մասնագիտական կրթական ծրագրում ներառված պարտադիր դասընթացներից յուրաքանչյուրում կատարելու մինչև 15 տոկոսի չափով բովանդակային փոփոխություններ:
7. Միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրով ուսուցումը թույլատրվում է իրականացնել ուսուցման կրճատ ժամկետներում` հաշվի առնելով սովորողների նախկինում ստացած կրթությունը:
Հիմնական ընդհանուր կրթության հիմքով առկա ուսուցման տևողությունը պետք է լինի 3 տարվանից ոչ պակաս: Առանձին մասնագիտությունների գծով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են սահմանվել այլ ժամկետներ:
Այս ծրագիրն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ` ներառյալ ավարտական որակավորման աշխատանքը, և շրջանավարտին մասնագետի համապատասխան որակավորման շնորհմամբ:
8. Միջին մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագիրը կրտսեր մասնագետի մասնագիտական որակավորման բարձրացման ծրագիրն է: Վերջինիս ուսուցման տևողությունը չպետք է մեկ տարվանից ավելի լինի: Ծրագիրը ներառում է արտադրական (մասնագիտական) պրակտիկան, առանձին և (կամ) մի շարք ուսումնական առարկաների ուղղությամբ խորացված և (կամ) գործնական պատրաստումը:
Այս ծրագիրն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ` ներառյալ ավարտական որակավորման աշխատանքը, և շրջանավարտին մասնագետի համապատասխան որակավորման շնորհմամբ:
III. Ուսումնական հաստատության սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը
9. Սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքների բոլոր տեսակները:
10. Հեռակա ձևով ուսուցման դեպքում ուսումնական տարվա ընթացքում սովորողների պարապմունքների ծավալը դասախոսների հետ պետք է կազմի ոչ պակաս, քան 160 ժամ:
11. Ուսումնական տարվա ընթացքում արձակուրդային ժամանակի ընդհանուր ծավալը պետք է կազմի 8-11 շաբաթ, այդ թվում` ձմռան ժամանակահատվածում 2 շաբաթից ոչ պակաս:
IV. Միջին մասնագիտական կրթությամբ շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները
12. Միջին մասնագիտական կրթությամբ շրջանավարտը պետք է ունենա կրտսեր մասնագետի որակավորմանը համապատասխան մասնագիտական, տեսական ու գործնական գիտելիքներ, հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և բնագիտական առարկաների, ազգային ու համաշխարհային պատմության և մշակույթի որոշակի իմացություն:
V. Չափորոշչի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը
13. Չափորոշչի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.08.2001, N 732 | 10.08.2001, N 24 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|