«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2000 թվականի N 110
քաղ. Երևան
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետին և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել մի շարք բաժնետիրական ընկերություններ (ձեռնարկություններ)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկությունների) լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 5-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, լուծարվող բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը տնօրինող համապատասխան պետական կառավարման մարմինների (ձեռնարկությունների դեպքում` համապատասխան վերադաս պետական կառավարման մարմինների), այդ ընկերությունների (ձեռնարկությունների) գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:
3. Սահմանել, որ սույն որոշման համաձայն լուծարվող բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկությունների) լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ ընկերությունների (ձեռնարկությունների) դեբիտորական պարտքերը և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
4. Բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկությունների) լուծարումից հետո մնացած գույքը 20-օրյա ժամկետում հանձնել սույն որոշման հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության տնօրինությանը:
5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` սույն որոշման 4-րդ կետում նշված գույքի հանձնման աշխատանքներն իրականացվելուց հետո, երկամսյա ժամկետում, լուծարված բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը տնօրինող համապատասխան պետական կառավարման մարմնի (ձեռնարկությունների դեպքում` համապատասխան վերադաս պետական կառավարման մարմնի) հետ համատեղ քննարկել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկությունների) լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:
6. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի N 255 և հուլիսի 28-ի N 305 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 437 որոշման 12.1-ին կետը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման մասին» N 550 որոշման 11.1-ին կետը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման մասին» N 554 որոշման 4.1-ին կետը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 13-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
լուծարվող բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկությունների)
ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն
1. «Բերդ հյուրանոց» ՊՓԲԸ
2. «Սորտսերմբանջար» ՓԲԸ
3. «Հայառտեխնիկա» ՓԲԸ
4. «Ստեփանավանի պտուղ-բանջարեղենի և կարտոֆիլի մթերման, իրացման և մանրածախ առևտրի գրասենյակ» ՊՁ
5. ՀՀ կառավարությանն առընթեր «Հայավտոսերվիս» ՊՁ-ի «Մարալիկի ավտոտեխսպասարկում» ԴՁ
6. «Հայավտոսերվիս» փակ բաժնետիրական ընկերության «Ալավերդու ավտոտեխսպասարկում» ԴՁ
ՀՀ տարածքային կառավարման եվ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարություն
1. «Գուգարք-1» ՊՓԲԸ
2. «Քաջարանշին-4» ՓԲԸ
3. «Սանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի «Սպիտակի N 6» ԴՁ
ՀՀ արդյունաբերության եվ առեվտրի նախարարություն
1. «Արդաուդիտ» ՊՁ
2. Մայիսյանի մեխանիկական նորոգման ՓԲԸ
3. «Կառնուտ» ՓԲԸ
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
Շ. Կարամանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|