Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարարության հետ
_________________ Վ. Գաբրիելյան
10 հունիսի 2011 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
3 հունիսի 2011 թ. |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՄԻՆՉԵՎ 180 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն «վերաարտահանում» մաքսային ռեժիմի շրջանակներում «մինչև 180 օրվա ընթացքում «ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմով ներմուծված ապրանքների` Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վերադարձվում են նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների գումարները, բացառությամբ մաքսավճարի, բնապահպանական և ճանապարհային վճարների»: Նշված կետով նախատեսված կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման դեպքում նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների վերադարձման կարգը հաստատելու մասին» N 1929-Ն որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1929-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն` մաքսային վճարների վերադարձի համար մաքսային վճար վճարողը ներկայացնում է, մասնավորապես` հարկային մարմնի կողմից տրամադրված տեղեկանք Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունների և մաքսային մարմիններում վճարված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվին գոյացած դեբետային մնացորդի վերաբերյալ: Նույն կարգի 5-րդ կետի համաձայն` «ավելացված արժեքի հարկի գծով վերադարձվող գումարները չեն կարող գերազանցել տեղեկանքում (N 6 ձև) նշված` մաքսային մարմիններում վճարված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվին գոյացած դեբետային մնացորդի չափը»:
2009 թվականի հունվարի 1-ից գործող` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով (բացառությամբ` «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ «Վերաարտահանում» ռեժիմի կիրառման դեպքերի) ապրանքների արտահանման գործարքները ավելացված արժեքի հարկով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում):
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում՝ մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն, մասնավորապես` օրենքի 7 հոդվածի համաձայն հարկվող օբյեկտ չհամարվող գործարքների մասով: Միաժամանակ նույն կետի համաձայն` «հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքներին ուղղակիորեն վերաբերող ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման և պետք է միացվեն ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին»:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով՝ պաշտոնապես պարզաբանում եմ.
2009 թվականի հունվարի 1-ից հետո իրականացրած` Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով (բացառությամբ` «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ «Վերաարտահանում» ռեժիմի կիրառման դեպքերի) ապրանքների արտահանման գործարքների իրականացման համար ձեռք բերված (այդ թվում՝ ներմուծված) ապրանքների մատակարարների հարկային հաշիվներում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները պակասեցվում են հաշվանցվող ԱԱՀ-ի գումարներից` «վերաարտահանում» մաքսային ռեժիմով ապրանքների արտահանման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված (ներկայացման ենթակա) ԱԱՀ-ի հաշվարկով:
Հաշվի առնելով, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների կատարման (հաշվանցվող ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպման) դեպքում մաքսային մարմիններում վճարված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվին գոյացած դեբետային մնացորդ 2009 թ. հունվարի 1-ից հետո չի առաջանում, մինչև 180 օրվա ընթացքում «ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմով ներմուծված ապրանքների` Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման դեպքում մաքսային մարմինների կողմից ԱԱՀ-ի գումարների վերադարձ կարող է իրականացվել, եթե մաքսային մարմիններում վճարված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվին գոյացած դեբետային մնացորդի բացակայությունը վկայող տեղեկանքի հետ միաժամանակ հարկ վճարողը մաքսային մարմիններին է ներկայացնում գրավոր հավաստում առ այն, որ իր կողմից կատարվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը և ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարը պակասեցվել է «վերաարտահանում» մաքսային ռեժիմով ապրանքների արտահանման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկով (այդ թվում` ճշգրտված հաշվարկով): Սույն պարբերությանը համապատասխան ԱԱՀ-ի գումարների վերադարձ կարող է իրականացվել մինչև ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1929-Ն որոշման մեջ սույն պարզաբանման հրապարակման պահից հետո դրա դրույթները «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 26-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխանեցնելու նպատակով փոփոխությունների կատարումը:
Այն անձինք, ովքեր ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1929-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան 2009 թ. հունվարի 1-ից հետո մինչև 180 օրվա ընթացքում «ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմով ներմուծված ապրանքների` Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման գործարքների մասով հարկային մարմնից ստացված տեղեկանքով հետ են ստացել (ներառյալ` հարկ վճարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցել են) ապրանքների ներմուծման ժամանակ վճարած ԱԱՀ-ի գումարները, սակայն ապրանքների վերաարտահանման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկով նախկինում հաշվանցված ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպում չեն կատարել` պարտավոր են այդ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացնել ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ և պակասեցնել հաշվանցվող գումարները: Պակասեցումը պետք է իրականացվի ԱԱՀ-ի հաշվարկի 16.2 տողի «[Բ] (պակասեցում)» վանդակում:
«Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններին վճարված և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա այդ ապրանքների վերաարտահանման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկով (այդ թվում` ճշգրտված հաշվարկով) վերահաշվարկված (նախկինում հաշվանցված ավելացված արժեքի հարկի գումարներից պակասեցված) ավելացված արժեքի հարկի գումարները շահութահարկով (եկամտահարկով) հարկման նպատակով արտադրության և (կամ) շրջանառության ծախսերին չեն միացվում, քանի որ մաքսային մարմինների կողմից վերադարձի դեպքում դրանք այլևս չեն կարող համարվել որպես չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկի գումարներ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|