Գլխավոր տեղեկություն
Համար
N 25
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.08.03/46(849)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
01.06.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2011

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների նախարարության հետ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ


  ___________________ Վ. Գաբրիելյան

 

___________________ Գ. Խաչատրյան

28 հունիսի 2011 թ.

 

1 հունիսի 2011 թ.

N 25

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`

«6.1-րդ հոդվածի առաջին մասում նշված ապրանքները մինչև նույն մասով սահմանված ժամկետների լրանալն օտարվելու կամ օգտագործման իրավունքով այլ անձանց հանձնելու (բացառությամբ վերակազմակերպման դեպքերի) դեպքում վճարումը հետաձգված` հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված այդ ապրանքների համար ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը ենթակա են վճարման պետական բյուջե` որպես մաքսային մարմինների կողմից գանձվող` ներմուծված ապրանքներից ԱԱՀ-ի վճարներ»:

Օրենքի 6.1-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`

«Եթե մինչև սույն հոդվածի առաջին մասով սահմանված համապատասխան ժամկետի ավարտը նույն ժամանակաշրջանի ընթացքում առաջացած` հարկ վճարողի պետական բյուջեի հանդեպ ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված գումարը պակաս է ներմուծված ապրանքների համար ԱԱՀ-ի հետաձգված պարտավորությունների գումարից, ապա տարբերությունը հարկ վճարողի կողմից այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում ենթակա է վճարման պետական բյուջե` որպես մաքսային մարմինների կողմից գանձվող` ներմուծված ապրանքներից ԱԱՀ-ի գումար:»:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի համաձայն առաջացող պարտավորությունները հարկ վճարողների կողմից կատարվել են տարբեր կերպ (հարկ վճարողների մի մասը պարտավորության գումարները վճարել են որպես մաքսային մարմինների կողմից գանձվող գումարներ, իսկ մյուս մասը` որպես հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող գումարներ)` պաշտոնապես պարզաբանում եմ.

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի համաձայն առաջացող պարտավորության գումարները վճարվում են պետական բյուջե` որպես մաքսային մարմինների կողմից գանձվող` ներմուծված ապրանքներից ԱԱՀ-ի գումար` համապատասխան գանձապետական հաշվին:

2. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի համաձայն առաջացող պարտավորության այն գումարները, որոնք վճարվել են պետական բյուջե որպես մաքսային մարմինների կողմից գանձվող գումարներ` հաշվանցվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով, դեպքերում և չափերով: Օրենքով սահմանված կարգով հաշվարկված հարկի գումարի հաշվանցումը արտացոլվում է վճարման հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկում` որպես ԱԱՀ-ի դեբետի ավելացում:

3. Այն անձինք, որոնք մինչև սույն պարզաբանման հրապարակվելը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասով առաջացող պարտավորությունը չեն կատարել (հետաձգված ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե են վճարել` որպես հարկային մարմինների կողմից հավաքագրվող ԱԱՀ-ի գումար, կամ հետաձգված ԱԱՀ-ի գումարն ընդհանրապես պետական բյուջե չեն վճարել) և մինչև հետաձգման ժամկետի ավարտը ապրանքների օտարման գործարքի մասով առաջացած` ԱԱՀ-ի գծով պարտավորությունը արտացոլել են հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկում` ԱԱՀ-ի գումարների վերահաշվարկներ կարող են չկատարել, եթե օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտավորությունը կատարելու դեպքում մաքսային մարմիններին վճարվող ԱԱՀ-ի ամբողջ գումարը կլիներ հաշվանցման ենթակա: Այս դեպքում օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան հետաձգված ԱԱՀ-ի գումարի նկատմամբ տույժեր առաջանալու դեպքում դրանք ենթակա են վճարման պետական բյուջե` որպես մաքսային մարմինների կողմից հավաքագրվող ԱԱՀ-ի գումարներ:

4. Այն անձինք, որոնք մինչև սույն պարզաբանման հրապարակվելը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասով առաջացող պարտավորությունը չեն կատարել (հետաձգված ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե են վճարել` որպես հարկային մարմինների կողմից հավաքագրվող ԱԱՀ-ի գումար, կամ հետաձգված ԱԱՀ-ի գումարն ընդհանրապես պետական բյուջե չեն վճարել) և մինչև հետաձգման ժամկետի ավարտը օտարված ապրանքների մասով առաջացած` ԱԱՀ-ի գծով պարտավորությունը արտացոլել են հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկում, սակայն այդ անձինք օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտավորությունը կատարելու դեպքում իրավունք չէին ունենա հաշվանցելու մաքսային մարմինների միջոցով պետական բյուջե վճարվող ԱԱՀ-ի ամբողջ գումարը կամ դրա մի մասը` հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ, որում հետաձգված ԱԱՀ-ի գումարի այն մասը, որը օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` պարտավորությունը կատարելու դեպքում ենթակա չէր լինի հաշվանցման, արտացոլում են ԱԱՀ-ի հաշվարկի ԱԱՀ-ի դեբետի պակասեցում տողում:

Այս դեպքում օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան հետաձգված ԱԱՀ-ի գումարի նկատմամբ տույժեր առաջանալու դեպքում դրանք ենթակա են վճարման պետական բյուջե` որպես մաքսային մարմինների կողմից հավաքագրվող ԱԱՀ-ի գումարներ:

5. Սույն պարզաբանման 3-րդ կետում նշված դեպքում, ինչպես նաև 4-րդ կետին համապատասխան ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ ներկայացնելու դեպքում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված ԱԱՀ-ի գումարի մասով պարտավորությունը կհամարվի մարված: Սույն կետում նշված դեպքերում հարկ վճարողը հարկային կամ մաքսային մարմիններ չի դիմում, իսկ կատարված հաշվարկների համապատասխանությունը սույն պարզաբանմանը արձանագրվում է հարկային մարմնի կողմից անցկացված ստուգման կամ մաքսային մարմինների կողմից անցկացված հետբացթողումային հսկողության ընթացքում:

6. Սույն պարզաբանման 4-րդ կետին համապատասխան ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ չներկայացնելու դեպքում ապրանքների ներմուծման մասով օրենքով սահմանված կարգով որոշվող պարտավորությունների (այդ թվում` ապրանքների ներմուծման գործարքի մասով ԱԱՀ-ի գումարի, օրենքով սահմանված տույժերի) հաշվարկը կատարում են մաքսային մարմինները` հարկային մարմնի կողմից կատարված ստուգման կամ մաքսային մարմինների կողմից անցկացված հետբացթողումային հսկողության արդյունքներով արձանագրված տվյալների հիման վրա:

7. Եթե հարկ վճարողի կողմից Օրենքի 6.1 հոդվածի 2-րդ մասով առաջացած պարտավորության գումարները վճարվել են պետական բյուջե` որպես հարկային մարմինների կողմից գանձվող ԱԱՀ-ի վճարներ և ներմուծված ապրանքի օտարման կամ օգտագործման իրավունքով այլ անձի հանձնելու օրվա դրությամբ հարկ վճարողն ունեցել է հետաձգված ԱԱՀ-ի գումարի և հաշվարկված տույժերի հանրագումարը գերազանցող գումարով գերավճարի մնացորդ, ապա այդ դեպքերում Օրենքի 6.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված տույժերը չեն հաշվարկվում:

8. Եթե հարկ վճարողի կողմից Օրենքի 6.1 հոդվածի 4-րդ մասով առաջացած պարտավորության գումարները նույն մասով սահմանված տասնօրյա ժամկետում վճարվել են պետական բյուջե` որպես հարկային մարմինների կողմից գանձվող ԱԱՀ-ի վճարներ, ապա այդ (տասնօրյա) ժամկետի ավարտից հետո տույժեր չեն հաշվարկվում:

9. Օրենքի 6.1 հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով առաջացած պարտավորության գումարները, որոնք վճարվել են պետական բյուջե` որպես հարկային մարմինների կողմից գանձվող ԱԱՀ-ի վճարներ`

ա) օրենքով սահմանված ընդհանուր կարգով, դեպքերում և չափերով հաշվանցվում են, եթե վճարման արդյունքում առաջացած գերավճարները, հարկային մարմի կողմից կազմված եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետական հաշիվներով վերաձևակերպվել են որպես մաքսային մարմինների կողմից գանձվող` ներմուծված ապրանքներից ԱԱՀ-ի պարտավորության գումարներ: Այս դեպքում հաշվանցումը սահմանված կարգով կատարվում է այդ գումարների վերաձևակերպման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով,

բ) օրենքով սահմանված ընդհանուր կարգով, դեպքերում և չափերով կարող են հաշվանցվել նաև այդ գումարները հարկային մարմիններին վճարելու օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով, եթե ԱԱՀ-ի վճարումը հաստատող փաստաթղթերով նշված է, որ այդ վճարումները Օրենքի 6.1 հոդվածին համապատասխան հետաձգված ԱԱՀ-ի վճարումներ են և հարկ վճարողը հարկային մարմնին ներկայացրել է դիմում հարկային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարը մաքսային մարմինների կողմից գանձվող` ներմուծված ապրանքներից ԱԱՀ-ի հետաձգված պարտավորության մարմանը ուղղելու համար (այս դեպքում նույնպես հարկային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարները հարկային մարմինների կողմից կազմվող եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետական հաշիվներով վերաձևակերպվում են որպես մաքսային մարմինների կողմից գանձվող` ներմուծված ապրանքներից ԱԱՀ-ի պարտավորության գումարներ):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան