Գլխավոր տեղեկություն
Համար
N 867
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.1999-14.06.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.03.15/6(72)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.1999

040.0867.31.12.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի 1998 թվականի N 867
քաղ. Երևան

 

ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը սույն կարգին համապատասխան կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների կատարման համար:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել համայնքների ղեկավարներին սույն կարգով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարել, վարձակալության հանձնել կամ պետական պահուստային ֆոնդի հողերին միացնել այն հողատարածությունները, որոնք կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառվել են որպես անշարժ գույքի նկատմամբ հաստատող փաստաթղթերում նշված չափերից, սեփականատերերի, օգտագործողների կողմից ավելի օգտագործվող հողատարածություններ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 31-ի N 867 որոշմամբ

 

 Կ Ա Ր Գ

 

կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման

 

1. Սույն կարգով սահմանվում է կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում պետական գրանցման նոր համակարգում անշարժ գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման իրավունքների, հիփոթեքի, սերվիտուտների, այլ գույքային իրավունքների առաջին պետական գրանցման կարգը:

2. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերի և կադաստրային քարտեզների հիման վրա:

3. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթեր են հանդիսանում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովների որոշումները` կնքված համապատասխան համայնքների ղեկավարների կողմից, հողի սեփականության իրավունքի ժամանակավոր վկայականները, հողի սեփականության իրավունքի պետական ակտերը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականները, շենքերի սեփականության վկայագրերը, այգեգործների անդամատոմսերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերի ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը և հողամասերի հատակագծերը` տրված իրավասու պետական մարմինների կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված օտարման, սեփականաշնորհման, վարձակալության մասին պայմանագրերը, անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ վճիռներն ու դատավճիռները, կտակի, ըստ օրենքի իրավահաջորդության կամ ժառանգման վերաբերյալ փաստաթղթերը, գյուղական բնակավայրերում տնտեսությունների գրքերից (ծխամատյաններից) քաղվածքները, անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր:

4. Կադաստրային քարտեզագրումն իրականացվում է հողամասի յուրաքանչյուր միավորի համար առանձին սահմանված մասշտաբներով, լիցենզիա ստացած իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից, որում նշվում է անշարժ գույքը` հողի և հողին ամրակայված գույքի յուրաքանչյուր միավորը` ըստ սեփականության ձևերի, նպատակային նշանակության, հողատեսքերի, տեղադրության, սահմանները, վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցության ցանցը և անշարժ գույքի վերաբերյալ այլ տվյալներ:

Անշարժ գույքի յուրաքանչյուր միավորը կապակցվում է 1942 թվականին ընդունված կոորդինատային համակարգում գտնվող պետական գեոդեզիական ցանցին` օգտագործելով համապատասխան բանալի: Անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի սահմանագծի և անկյունագծի կոորդինատները լրացվում են անշարժ գույքի պետական միասնական կադաստրի կոորդինատային ժողովածուի մեջ:

5. Կադաստրային քարտեզագրման արդյունքում հայտնաբերված, անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում, սեփականատերերի, օգտագործողների կողմից նշված չափից մինչև 20 տոկոս ավելի յուրաքանչյուր միավոր հողակտորի փաստացի ավելի օգտագործման դեպքում` նշված հողատարածության նկատմամբ ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը, եթե`

ա) համայնքի հողերի օգտագործման սխեմայով կամ բնակավայրի գլխավոր հատակագծով տվյալ հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործման համար.

բ) չի խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը.

գ) չի ընդգրկում ինժեներատրանսպորտային կառույցների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, ջրանցքներ) օտարման գոտիները և սպասարկման համար նախատեսված տարածքները, հնագիտական ու պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիները, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերը.

դ) չի առաջացնում սերվիտուտ:

6. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում նշված չափից 20 տոկոսից ավելի հողատարածություն օգտագործելու դեպքում, փաստացի օգտագործողին համայնքի ղեկավարն առաջարկում է գնել, վարձակալել ավելի օգտագործվող ամբողջ հողատարածությունը, եթե այն համապատասխանում է սույն կարգի 5-րդ կետում նշված պայմաններին:

Փաստացի օգտագործողի անհամաձայնության դեպքում նշված հողատարածությունը հետ է վերցվում և միացվում պետական սեփականություն հանդիսացող հողերին ու գրանցվում է որպես պետական սեփականություն:

7. Կադաստրային քարտեզագրման արդյունքում հայտնաբերված, անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում նշված չափից պակաս հողատարածություն սեփականատերերի, օգտագործողների կողմից օգտագործվելու դեպքում վերջիններիս համաձայնությամբ հիմք է ընդունվում փաստացի օգտագործվող հողատարածքի չափը:

8. Կադաստրային քարտեզագրման արդյունքում կազմվում է քարտեզագրված տարածքի հողային հաշվեկշիռը` ըստ սեփականության սուբյեկտների, նպատակային նշանակության, տեսքերի, որը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի N 465 որոշման, տրամադրվում է համապատասխան մարզպետին և համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու նպատակով:

9. Կադաստրային քարտեզագրման աշխատանքների ավարտից հետո համապատասխան համայնքի ղեկավարի հետ կազմվում է արձանագրություն տվյալ համայնքում կադաստրային քարտեզագրման աշխատանքների ավարտման վերաբերյալ:

10. Կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում նշված և փաստացի օգտագործվող չափերի միջև (բացի սույն կարգի 5-7-րդ կետերով նախատեսված դեպքերից) տարբերությունների, ապօրինի զբաղեցված հողատարածությունների, շենքերի, շինությունների նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերի բացակայության, ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների առկայության դեպքում դրանց մասին տվյալները լրացվում են ինքնակամ կառույցների, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի հաշվառման մատյանում` մինչև տվյալ անշարժ գույքի միավորի կարգավիճակը որոշելը:

11. Պետական գրանցման հիմնական փաստաթղթերի (անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյան, կադաստրային քարտեզներ) ստեղծումից հետո անշարժ գույքի պետական միասնական կադաստրի հանրապետական մարմնի ղեկավարը համապատասխան տարածքային ստորաբաժանմանը տալիս է հավաստագիր` կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման նոր համակարգին անցնելու համար:

12. Պետական գրանցման նոր համակարգի աշխատանքների հրապարակայնությունն ապահովելու նպատակով կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում անշարժ գույքի սեփականատերերի (անկախ սեփականության ձևից) ցուցակները և սեփականության, օգտագործման իրավունքով նրանց պատկանող հողամասերի, շենքերի, շինությունների չափագրման փաստացի տվյալները մինչև պետական գրանցման աշխատանքներն սկսելը 10 օրով փակցվում են համապատասխան համայնքի վարչական շենքի տեսանելի մասում: Նշված 10-օրյա ժամկետից հետո մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում սեփականատերերը, օգտագործողները փակցված ցուցակների, քարտեզագրման տվյալների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրանք գրավոր ներկայացնում են համայնքի ղեկավարին: Վերջինս 10-օրյա ժամկետում քննարկում է դրանք և սույն կարգի 5-7-րդ կետերին համապատասխան ընդունում որոշում:

Առարկություններ ներկայացնելու ժամկետների և քննարկման կարգի մասին ծանոթագրության կարգով նշվում է փակցված ցուցակների ներքին մասում:

Ընդունված որոշումների, փակցված ցուցակների և քարտեզագրման տվյալների հիման վրա սկսվում են պետական գրանցման աշխատանքները, որոնց վերաբերյալ առարկությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են գրավոր, և 15-օրյա ժամկետում քննարկվում անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող հանրապետական մարմնում:

Հարցը վերջնական լուծում չստանալու դեպքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման հետ կապված վեճերը ենթակա են լուծման` դատական կարգով:

13. Սույն կարգով սահմանված դրույթներին համապատասխանության դեպքերում անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմվում է կադաստրային գործ, անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար լրացվում է անշարժ գույքի գրանցման թերթիկ (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թվայնացման և ծածկագրման աշխատանքների ավարտից հետո) և պետական գրանցումից հետո տրվում է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) իրականացման մասին» 465 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

14. Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում, հողակտորների սահմանները սեփականատիրոջ, օգտագործողի միջոցների հաշվին տեղանքում ամրացվում են սահմանանիշերով` օգտագործողների կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ:

15. Մինչև անշարժ գույքի կադաստրային քարտեզների ստեղծումը` անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացված պետական գրանցումներն ունեն իրավաբանական ուժ և ենթակա չեն վերագրանցման մինչև պետական գրանցման սուբյեկտների կողմից գործարքների իրականացումը:

16. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ` անկախ առաջին պետական գրանցումից, սակայն ապահովված չեն պետական երաշխիքով հետևյալ դեպքերում`

ա) մինչև սույն կարգի հաստատումը հասարակական կարիքների համար գծային և ինժեներատրանսպորտային կառույցների (էլեկտրահաղորդակցության, ռադիոհեռախոսակապի, ջրագծերի, ջրանցքների, երկաթգծի, ավտոճանապարհների և այլն), շինությունների սպասարկման և պահպանման նպատակով մուտքի իրավունք.

բ) ամուսինների, երեխաների և խնամքի տակ գտնվող այլ անձանց իրավունքները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, եթե նույնիսկ դրանք առանձին չեն գրանցվել.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ընդհանուր կանոն և արգելք հանդիսացող սահմանափակումները (առողջապահական, պաշտպանական, շրջակա միջավայրի պահպանման և այլն):

17. Պետական գրանցման նոր համակարգում կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները կատարվում են անվճար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

18. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցումից հետո անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքների հետագա պետական գրանցումները կատարվում են սեփականատերերի, օգտագործողների հաշվին:

19. Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 10-ի N 155 որոշմամբ հաստատված անշարժ գույքի տեղեկատվության տրամադրման կարգին համապատասխան: