«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 1998 թվականի N 752
քաղ. Երևան
1996 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ` ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական համակարգի միջոցով կազմակերպելու մասին» N 533 որոշմանը համապատասխան 1996 թվականին հանրապետական բյուջե մուտքագրված` բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվների մնացորդները տնօրինելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) 1996 թվականին հանրապետական բյուջե մուտքագրված բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվների մնացորդները վերադարձնել, եթե տվյալ բյուջետային հիմնարկին օրենքով սահմանված կարգով թույլատրված է ունենալ բանկային (արտաբյուջետային) հաշիվներ.
բ) բյուջետային հիմնարկներին, որոնց Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի սեպտեմբերի 7-ի «Բյուջետային հիմնարկների վերակազմակերպման գործընթացի մասին» N 532 որոշմանը համապատասխան առաջարկվել է վերակազմավորվել, 1996 թվականին հանրապետական բյուջե մուտքագրված բանկային (արտաբյուջետային) հաշիվների մնացորդները տրամադրել վերակազմավորումից հետո.
գ) 1996 թվականին հանրապետական բյուջե մուտքագրված` արտաբյուջետային հաշիվների մնացորդները չվերադարձնել այն բյուջետային հիմնարկներին, որոնց` օրենքով սահմանված կարգով թույլատրված չէ ունենալ բանկային (արտաբյուջետային) հաշիվներ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 27-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |