Գլխավոր տեղեկություն
Համար
N 780
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.15/40(172)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 նոյեմբերի 2000 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2000 թվականի N 780

քաղ. Երևան

 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ե» ենթակետի և 25 հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մասնավորեցվող պետական գույքի գնահատման մեթոդների ընտրության կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ մասնավորեցվող պետական գույքի գնահատման մեթոդների, դրանց ընտրության համար անհրաժեշտ ելակետային տվյալների մասին տեղեկանքների, ինչպես նաև մասնավորեցվող պետական գույքի գնահատման արդյունքների ձևակերպման ակտերի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
նոյեմբերի 27-ի N 780 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

մասնավորեցվող պետական գույքի գնահատման մեթոդների ընտրության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում է մասնավորեցվող պետական գույքի գնահատման մեթոդների ընտրության կարգը:

2. Մասնավորեցվող «փոքր» օբյեկտների գները հաշվարկվում են` ելնելով դրանց գույքի և զբաղեցրած տարածքի արժեքից` «փոքր» օբյեկտների գնահատման համար սահմանված կարգով:

3. Անավարտ շինարարության օբյեկտների և գույքի առանձին տարրերը գնահատվում են հաշվեկշռային մեթոդով, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

4. Մասնավորեցվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (այսուհետև` ընկերություն) գույքը գնահատվում է հաշվեկշռային, կանխիկ հոսքերի ընթացիկ արժեքի որոշման, համանման ձեռնարկությունների կամ գույքի շուկայական գնի (այսուհետև` համանման ձեռնարկությունների գին) և եկամուտների (շահույթի) բազմապատկչի մեթոդներից որևէ մեկով կամ դրանց զուգակցմամբ:

 

II. Ընկերությունների գույքի գնահատման մեթոդների ընտրության համար օգտագործվող ցուցանիշները

 

5. Ընկերությունների գույքի գնահատման մեթոդն ընտրվում է` ելնելով հետևյալ ցուցանիշներից`

ա) ընկերության կանոնադրական կապիտալի չափը.

բ) ընկերության պարտավորությունները.

գ) ընկերության արտադրանքի (ծառայության) արտահանման ծավալը.

դ) վերջին 2 տարվա ընթացքում արտադրված արտադրանքի ծավալը.

ե) վերջին 2 տարվա ընթացքում իրացված արտադրանքի ծավալը.

զ) վերջին 2 տարվա ընթացքում ընկերության զուտ շահույթը.

է) վերջին 2 տարվա ընթացքում ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքը.

ը) մասնագիտացված կազմակերպության կողմից հաստատված` ընկերության հեռանկարային (առնվազն 5 տարվա կտրվածքով) զարգացման ծրագրի (գործարար ծրագիր) առկայությունը.

թ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշմամբ հաստատված կարգով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման գործակիցը:

 

III. Ընկերությունների գույքի գնահատման մեթոդների ընտրությունը

 

6. Եկամուտների (շահույթի) բազմապատկչի և (կամ) կանխիկ հոսքերի ընթացիկ արժեքի որոշման մեթոդով (մեթոդներով) ընկերության գույքը գնահատվում է, եթե`

ա) առկա է ընկերության հեռանկարային զարգացման ծրագիրը.

բ) ընկերության շահութաբերության մակարդակը (որը հաշվարկվում է ընկերության վերջին երկու տարվա ընթացքում միջին զուտ շահույթը հարաբերելով ակտիվների միջին հաշվեկշռային արժեքին) վերջին 2 տարվա արդյունքներով կազմել է առնվազն 3 տոկոս.

գ) գնահատման պահի դրությամբ ընկերության ժամկետանց կրեդիտորական պարտավորությունները փոքր են ընկերության կանոնադրական կապիտալի 20 տոկոսից.

դ) վերջին հաշվետու տարում ընկերության արտադրանքի իրացման ծավալը արտադրված պատրաստի արտադրանքի 60 տոկոսից ավելի է.

ե) վերջին հաշվետու տարվա արդյունքներով տեղի է ունեցել իրացման ծավալի առնվազն 5 տոկոսի աճ, որը հաշվարկվում է գնահատման պահի դրությամբ ընկերության կողմից իրացված արտադրանքի արժեքը հարաբերելով նախորդ տարում իրացված արտադրանքի արժեքին.

զ) արտահանված արտադրանքի իրացման ծավալը 95 տոկոսից ավելի է:

7. Ընկերության գույքը կանխիկ հոսքերի ընթացիկ արժեքի որոշման մեթոդով գնահատելու համար անհրաժեշտ է սույն կարգի 6-րդ կետի «ա» և «գ» ենթակետերի (պարտադիր), իսկ «բ», «դ», «ե», «զ» ենթակետերից` առնվազն երկուսի առկայությունը:

8. Ընկերության գույքը եկամուտների (շահույթի) բազմապատկչի մեթոդով գնահատելու համար անհրաժեշտ է սույն կարգի 6-րդ կետի «ա», «բ», «գ» ենթակետերի (պարտադիր), իսկ «դ», «ե», «զ» ենթակետերից` առնվազն մեկի առկայությունը:

9. Եթե ընկերության գույքի գնահատման մեթոդի ընտրության ժամանակ ներկայացված ցուցանիշների հիման վրա ընկերությունը համապատասխանում է սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին, ապա որպես ընկերության գույքի գին ընդունվում է եկամուտների (շահույթի) բազմապատկչի և կանխիկ հոսքերի ընթացիկ արժեքի որոշման մեթոդներով հաշվարկված ամենամեծ արժեքը:

10. Համանման ձեռնարկությունների գնահատման և (կամ) հաշվեկշռային մեթոդներով գնահատվում է այն ընկերությունների գույքը, որոնք չեն բավարարում սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերի պահանջները:

11. Համանման ձեռնարկությունների գնահատման մեթոդով գնահատվում է այն ընկերությունների գույքը, որոնց համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» N 73 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված հիմնական միջոցների վերագնահատման գործակիցը փոքր է 10-ից:

12. Սույն կարգի 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերի պահանջների չբավարարելու, ինչպես նաև համանմանության բազայի բացակայության դեպքում ընկերության գույքը գնահատվում է հաշվեկշռային մեթոդով: