Գլխավոր տեղեկություն
Համար
N 538
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.02.04/7(306)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
27 նոյեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 1997 թվականի N 538
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 99 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունները, պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորելու լիազորությունները, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին, Երևանի քաղաքապետին, մարզպետներին, որոնք հարցի շուրջ խորհրդակցում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին ենթակա ձեռնարկությունների մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարին:

2. Հաստատել պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորվող պետական ձեռնարկությունների կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) մեծության որոշման կարգը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ մինչև 1997 թվականի դեկտեմբերի 15-ըուղղ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ձեռնարկությունները պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորելու և դրանց պետական գրանցման ուղղությամբ:

4. Սահմանել, որ պետական ձեռնարկությունների դուստր ձեռնարկությունները վերակազմավորվում են պետական բաժնետիրական ընկերությունների դուստր ընկերությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 3-օրյա ժամկետում հաստատել պետական բաժնետիրական ընկերությունների օրինակելի կանոնադրությունը:

6. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների վերակազմավորման վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը` ապահովել վերակազմավորված պետական բաժնետիրական ընկերությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
նոյեմբերի 27-ի N 538 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորվող պետական ձեռնարկությունների կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) մեծության որոշման

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորվող պետական ձեռնարկությունների կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) մեծության որոշման կարգը:

2. Պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորվող պետական ձեռնարկությունների կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) մեծությունը որոշվում է վերակազմավորման եռամսյակի առաջին ամսվա 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1996 թվականի օգոստոսի 2-ի N 303 հրամանով հաստատված «Հաշվապահական հաշվեկշիռ» N 1 ձևի 520-րդ տողի` «Կանոնադրական կապիտալ (85)», 530-րդ տողի` «Պահուստային կապիտալ (86)», 540-րդ տողի` «Լրացուցիչ կապիտալ (87)», 560-րդ տողի` «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր (96)», 600-րդ տողի` «Չբաշխված շահույթ (88)», հանրագումարով: