Գլխավոր տեղեկություն
Համար
N 669
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.1998-16.07.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.01.11/3(178)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.07.2006

040.0669.29.10.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 1998 թվականի N 669
քաղ. Երևան

 

ՄՐՑՈՒՅԹՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ) ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «զ» ենթակետին և 17 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 29-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մրցույթով վաճառքի ընդհանուր կարգը հաստատելու մասին» N 391 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 29-ի N 669 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՄՐՑՈՒՅԹՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ) ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) (այսուհետև` մրցույթ) պետական գույքի մասնավորեցման կարգը:

2. Մրցույթով պետական գույքի վաճառքին մասնակցելու իրավունք ունեն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետև` օրենք) մասնավորեցման սուբյեկտ ճանաչված անձինք:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը մրցույթի իրականացման նպատակով կարող է մրցույթի նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներում ընդգրկել մասնագիտացված կազմակերպություններ:

4. Մրցույթը կարող է անցկացվել մրցույթի մասնակիցների նախնական որակավորումից հետո, որի պայմանները որոշում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը (այսուհետև` նախարարություն), եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:

 

II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՆՐԱ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մրցութային հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով) չստեղծվելու դեպքում նախարարությունն ստեղծում է հանձնաժողով, որն իր գործունեությունն իրականացնում է նախարարության կողմից սահմանված կանոնակարգի համաձայն:

6. Հանձնաժողովն ապահովում է մրցույթի, դրա պայմանների և մասնավորեցվող օբյեկտի մասին տեղեկատվության հրապարակումը մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Տեղեկատվությունը հրապարակվում է մրցույթի անցկացումից առնվազն 30 օր առաջ:

7. Հանձնաժողովը`

ա) նախապատրաստում է մրցույթը, ընդունում մրցութային առաջարկները, գնահատում դրանք, որոշում մրցույթի հաղթողին.

բ) իրավասու է`

փոփոխելու մրցույթի անցկացման ժամկետները.

ընդունելու որոշում մրցույթի նախապատրաստման և մինչև 10 մլն դրամի չափով կազմակերպման ծախսերի վերաբերյալ:

8. Հանձնաժողովին մրցույթի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, առանց մրցույթի մասնակիցների համաձայնության, ենթակա չեն հայտարարման:

9. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է (են) մասնավորեցվող օբյեկտի պետական բաժնեմասը տնօրինող պետական կառավարման մարմնի (մարմինների) ներկայացուցիչը (ներկայացուցիչները):

10. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼԸ

 

11. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածով սահմանված մասնավորեցման այն սուբյեկտները, որոնք մրցույթի մասին հրապարակված տեղեկատվության մեջ նշված ժամկետում հանձնաժողովին են ներկայացրել մրցութային առաջարկ, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը`

ա) հայտ (ձևը սահմանում է նախարարությունը).

բ) գրավոր առաջարկ մրցույթի հաղթողին որոշելու պայմանների վերաբերյալ.

գ) մրցույթի նախավճարի կատարման իսկությունը հաստատող վճարային փաստաթղթերի պատճենները.

դ) գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող մրցույթի մասնակիցների համար.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված լիազորագիր` մրցույթի մասնակից ընկերության (ձեռնարկության) կամ քաղաքացիների խմբի կողմից լիազորված անձի համար.

զ) գործարար ծրագիր:

12. Մրցույթի մասնակիցների ներկայացրած մրցութային առաջարկները քննարկվում են մրցույթի անցկացման օրը և ժամին` հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովն ստուգում է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և կազմում արձանագրություն, որում գրանցվում են բոլոր մրցութային առաջարկները, և դրանց համապատասխանությունը մրցույթի պահանջներին: Համապատասխանության դեպքում մրցութային առաջարկ ներկայացրած սուբյեկտը ձեռք է բերում մրցույթի մասնակցի կարգավիճակ, իսկ անհամապատասխանության դեպքում մրցույթի մասնակցի կարգավիճակ չի տրվում, և մրցութային առաջարկը հանվում է հետագա քննարկումից` համապատասխան նշում կատարելով արձանագրության մեջ:

13. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն անձը, որի ներկայացրած մրցութային առաջարկն առավելագույն չափով է բավարարում մրցույթի պայմանները:

14. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

ա) հանձնաժողովը սահմանված ժամկետում ոչ մի մրցութային առաջարկ չի ստացել.

բ) ստացված բոլոր մրցութային առաջարկները չեն համապատասխանում մրցույթի անցկացման պահանջներին.

գ) մրցույթը դադարեցվում է առանց մրցույթի հաղթողին որոշելու.

դ) մրցույթի հաղթողը հրաժարվում է իր մրցութային առաջարկում նշված պարտավորությունների հետագա կատարումից.

ե) մրցույթն անցկացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով:

 

IV. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Նախարարությունը, համաձայն մասնավորեցման պայմանագրով նախատեսված ժամկետների կամ տարեկան առնվազն մեկ անգամ, ստուգում է մրցութային պարտավորությունների կատարման ընթացքը և դրա արդյունքների մասին կազմում արձանագրություն:

16. Խախտումներ արձանագրվելու դեպքում մրցույթի հաղթողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.04.2006, N 820-Ն 16.07.2006, N 669
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան