Գլխավոր տեղեկություն
Համար
N 702
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.1999-11.06.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1999

040.0702.11.11.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան 

11 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 1998 թվականի N 702
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի կանոնադրությունը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության վտանգավոր արդյունաբերական ձեռնարկությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավարներին` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը` սահմանված կարգով մշակել և հաստատել արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագիրը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` եռամսյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ, հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի մշակման կարգը, որի համար հիմք են հանդիսանում վտանգավոր արտադրությունների նույնականացման սկզբունքները, վտանգավոր օբյեկտների ցանկը.

բ) տեղանքի` վտանգավոր նյութերով վարակվածության հաշվարկի մեթոդիկան.

գ) արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի փորձաքննության կարգը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 11-ի N 702 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության վտանգավոր արդյունաբերական օբյեկտի, որն իր կազմում ունի մեկ կամ մի քանի վտանգավոր արտադրություններ և տեղադրված է մեկ միասնական տարածքում, անվտանգության վկայագրի (այսուհետև` վկայագիր) մշակումը կատարվում է օբյեկտում անվտանգության նկատմամբ վերահսկողության ապահովման, արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումների մշակման ու դրանց արդյունավետության գնահատման նպատակներով:

2. Սույն կանոնադրության գործողության ոլորտը չի տարածվում միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ նյութեր վերամշակող ձեռնարկությունների, ռազմական օբյեկտների վրա:

3. Արդյունաբերական օբյեկտի վտանգավորության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության սահմանած կարգով, որում հաշվի են առնվում այնտեղ օգտագործվող, արտադրվող, վերամշակվող, պահվող վտանգավոր նյութերի, արգասիքների, թափոնների քանակները, թունավորման աստիճանը, ֆիզիկաքիմիական հատկությունները, տեղի բնակլիմայական պայմանները, օբյեկտի տեղը բնակավայրում:

4. Վկայագրում արտացոլվում և ամփոփվում են տվյալներ օբյեկտում հնարավոր արտակարգ իրավիճակների բնույթի, մասշտաբների և դրանց կանխարգելման ու վերացման միջոցառումների, ինչպես նաև աշխատողների ու շրջակայքի բնակիչների վրա վտանգավոր գործոնների հնարավոր ազդեցության մասին:

5. Վկայագիրը պետք է բնութագրի օբյեկտի անվտանգությունը` դրա շահագործման հանձնելու, շահագործելու և շահագործումը դադարեցնելու փուլերում և պարունակի`

ա) տեղեկություններ դրա տեղաբաշխման, ինժեներական սպասարկման տեղամասերի, օբյեկտի տեխնոլոգիական գործընթացների հիմնական բնութագրերի և առանձնահատկությունների, անձնակազմի թվի, թողարկվող արտադրանքի ու բնակլիմայական պայմանների վերաբերյալ.

բ) արդյունաբերական օբյեկտում բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկի վերլուծությունը` ընդգրկելով վտանգի աղբյուրները, արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների զարգացման պայմանները, այդ թվում` տվյալներ շրջակա միջավայր վտանգավոր նյութերի արտահոսքի, արտանետման, արտադրության անվտանգության վերահսկման համակարգի, արտակարգ իրավիճակների կանխարգելման կազմակերպական և տեխնիկական միջոցառումների վերաբերյալ.

գ) տեղեկություններ արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ օբյեկտի անձնակազմի և բնակչության իրազեկման տեղական համակարգ ստեղծելու և գործուն վիճակում պահելու վերաբերյալ.

դ) տեղեկություններ արդյունաբերական օբյեկտում արտակարգ իրավիճակների կանխարգելման համար օգտագործվող ուժերի և միջոցների ստեղծման միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում օբյեկտի աշխատողների ուսուցման, պաշտպանության եղանակների ու գործողությունների կարգը.

ե) տեղեկություններ արտակարգ իրավիճակների վերացման համար անհրաժեշտ նյութական և ֆինանսական պահուստային պաշարների ծավալների և անվանացանկի վերաբերյալ.

զ) արտակարգ իրավիճակների առաջացման ու դրանց հետևանքների կանխատեսման մասին բնակչությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը և տարածքային կառավարման մարմիններին իրազեկելու կարգը.

է) օբյեկտի նախագծի սանիտարահիգիենիկ փորձաքննության արդյունքները:

6. Գործող արդյունաբերական օբյեկտների համար վկայագիրը մշակում է տվյալ օբյեկտը (ձեռնարկություն, հիմնարկ և կազմակերպություն), իսկ նախագծվող արդյունաբերական օբյեկտների համար` նախագծող կազմակերպությունը` մինչև դրանք շահագործման հանձնելը:

7. Վկայագրի նախագիծը փորձաքննության համար ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը 10-օրյա ժամկետում քննության է առնում ներկայացված վկայագրի նախագիծը և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչություն` փորձաքննության:

9. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունից վկայագրի նախագիծն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում քննարկում են այն և համապատասխան եզրակացություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունից և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունից փորձաքննության ներկայացված վկայագրի նախագծի վերաբերյալ եզրակացությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում իր եզրակացությունն է ներկայացնում վկայագիրը ներկայացնող կազմակերպություն:

11. Վկայագիրը ներկայացնող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության դրական եզրակացությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում հաստատում է վկայագիրը:

12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը վկայագրի նախագծի վերաբերյալ տալիս է բացասական եզրակացություն, եթե դրա բովանդակությունը չի համապատասխանում սույն կանոնադրության 4-րդ կետի և վկայագրի մշակման կարգի պահանջներին:

13. Արդյունաբերական օբյեկտը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության բացասական եզրակացության մեջ նշված թերությունները վերացնելուց հետո վկայագրի նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է կրկնակի փորձաքննության:

14. Վկայագիրը մշակող, փորձաքննող և հաստատող անձինք պատասխանատվություն են կրում վկայագրում առկա տեղեկատվության ամբողջականության, բավարարության և հավաստիության համար:

15. Վկայագիրը կազմվում է հինգ օրինակից և հաստատվելուց հետո ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչություն և համապատասխան տարածքային կառավարման մարմին: Վկայագրի առաջին օրինակը պահվում է վկայագիրը հաստատող կազմակերպությունում:

16. Վկայագիրը վերանայվում և վերահաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության համատեղ որոշմամբ`

ա) ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ.

բ) եթե փոխվել են արդյունաբերական օբյեկտի անվտանգության ապահովման, արտակարգ իրավիճակների տեղափակման ու վերացման, ինչպես նաև տարածքի և բնակչության պաշտպանության պահանջները.

գ) եթե փոխվել են արդյունաբերական օբյեկտին վերաբերող անվտանգության նորմերի և կանոնների պահանջները:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 702
25.09.2014, N 1039-Ն 09.10.2014, N 702
29.05.2009, N 582-Ն 11.06.2009, N 702
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան