«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 1998 թվականի N 400
քաղ. Երևան
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՇՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի 11-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել բյուջետային ֆինանսավորման հայտերի ներկայացման և դրանց շուրջ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու հայտատուների միջև առաջացած տարաձայնությունների համաձայնեցման կարգը (կցվում է):
|
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՇՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից (այսուհետև` հայտատուներ) բյուջետային ֆինանսավորման հայտերի (այսուհետև` հայտ) ներկայացման և դրանց շուրջ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետև` նախարարություն) ու հայտատուների միջև առաջացած արձանագրությունների համաձայնեցման կարգը:
2. Սույն կարգում «տարաձայնություն» հասկացությունը նշանակում է հայտատուի ներկայացման ժամկետի, հայտի ձևի և կազմի, հայտում առաջարկված և նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում ընդգրկվող հատկացումների գումարների չափի և դրանց օգտագործման ուղղությունների շուրջ հայտատուի ու նախարարության միջև առաջացած անհամաձայնությունը:
3. Սույն կարգում «ընթացիկ տարի» հասկացությունը նշանակում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման տարի:
4. Նախարարությունը հայտատուից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում հայտն ստանալու դեպքում քննության է առնում այն և մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 2-ը (հայտերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետից մինչև մեկ շաբաթ ուշացումով ստանալու դեպքում` մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը) ներկայացված հայտի ձևի և կազմի, առաջարկվող հատկացումների գումարների, դրանց դասակարգման և օգտագործման ուղղությունների վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնում է հայտատուին (անհրաժեշտության դեպքում` հիմնավորելով այն):
5. Հայտի ստացման օր է համարվում նախարարությունում դրա մուտքագրման օրը:
6. Նախարարությունը հայտատուից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում հայտը չստանալու կամ ոչ լրիվ ծավալով ստանալու (այսուհետև` հայտը չստանալու) դեպքում`
ա) հայտը ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո երկօրյա ժամկետում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և հայտատուին` հայտը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում չստանալու մասին.
բ) հայտը ներկայացնելու ժամկետը լրացնելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում հայտը չստանալու դեպքում ընդունում է որոշում հայտատուի փոխարեն հայտն ինքնուրույնաբար կազմելու նպատակահարմարության մասին և, նպատակահարմար գտնելու դեպքում, ձեռնամուխ է լինում հայտի` ինքնուրույնաբար կազմմանը: Հայտատուներից հայտերի ներկայացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետից մեկ շաբաթից ավելի ուշացումով ստացած հայտերը նախարարությունը վերադարձնում է հայտատուներին` առանց քննարկման: Նախարարությունը հայտատուի փոխարեն իր կազմած հայտը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը ուղարկում է հայտատուին և Հայաստանի Հանրապետության վարչապետին տեղեկացնում հայտատուի հայտն ինքնուրույնաբար կազմելու մասին:
7. Հայտատուն, քննության առնելով իր ներկայացրած հայտի վերաբերյալ նախարարության առաջարկությունները (սույն կարգի 6-րդ կետի «բ» ենթակետում հիշատակված դեպքում` նախարարության կազմած հայտը կամ այն չկազմելու մասին որոշումը), մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ը նախարարությանն է հայտնում իր դիրքորոշումը դրանց նկատմամբ:
8. Մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ը հայտերի հարցում հայտատուների և նախարարության միմյանց հետ համաձայնության գալու կամ նրանց միջև առաջացած տարաձայնությունների չլուծման դեպքում նախարարությունը կազմում է համաձայնության կամ տարաձայնության մասին արձանագրություն (նախարարության սահմանած ձևով) և մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ը դրանք ուղարկում համապատասխան հայտատուներին:
9. Հայտերի շուրջ առաջացած տարաձայնությունների դեպքում նախարարությունն իր կատարած փոփոխություններով ընդունված հայտերի ցուցանիշները ներառում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում և այն, տարաձայնությունների մասին արձանագրության հետ միասին, առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսվելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում տարաձայնությունների մասին արձանագրությունները քննարկվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի հետ միասին` ամբողջական փաթեթով: