Գլխավոր տեղեկություն
Համար
N 189
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.1999-13.03.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.08.15/41.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.1999

040.0189.30.03.99

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 մարտի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 1999 թվականի N 189
քաղ. Երևան

 

ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ԹՈՒՆԵԼԻ ԱՆԽԱՓԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Արփա-Սևան թունելի հետագա անխափան շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակը գնահատող հանձնաժողովի եզրակացությունը (կցվում է):

2. Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակը գնահատող հանձնաժողովին` շարունակել Արփա-Սևան թունելի փորձագիտական ուսումնասիրությունները և դրանց արդյունքները պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3. Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակը գնահատող հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության (Հայլեռտեխհսկողություն) վարչությանը և «Հայհիդրոէներգանախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք Արփա-Սևան թունելի շահագործման վերահսկողության և տեխնիկական վիճակի դիտանցի արդյունքների վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) ձեռնարկել համապատասխան միջոցներ Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակը գնահատող հանձնաժողովի կողմից առաջարկված ժամանակավոր միջոցառումների իրականացման համար.

բ) Արփա-Սևան թունելի վերանորոգման-վերականգնման, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկատրանսպորտային և այլ արտադրական մեխանիզմների բազայի վերազինման աշխատանքներն իրականացնել համապատասխան ժամանակացույցի համաձայն ու Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով Արփա-Սևան թունելի վերանորոգման համար նախատեսված միջոցների սահմաններում.

գ) 1999 թվականի ընթացքում Սևանա լիճ ջրերի տեղափոխումն իրականացնել առավելագույն թողունակությամբ` միաժամանակ ապահովելով Արփա-Սևան թունելի անվտանգ շահագործումը.

դ) 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Արփա-Սևան թունելի շահագործման կանոններում.

ե) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակը գնահատող հանձնաժողովի վերջնական եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 24-ի «Արփա-Սևան թունելի անխափան ու անվտանգ շահագործման և նրա տեխնիկական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 360 որոշմամբ հաստատված ծրագրում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ և 20-օրյա ժամկետում սահմանված կարգով` տեղեկանք նշված որոշումը չկատարելու պատճառների մասին.

զ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ լուծել Արփա-Սևան թունելի պահպանության ֆինանսավորման հարցը:

5. Արփա-Սևան թունելի վերանորոգման և շահագործման ապահովման աշխատանքների պատասխանատուներ համարել`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչությունը` ժամանակավոր ամրակապերի տեղադրման և պատվիրատուի պարտականությունների կատարման համար.

բ) «Արփա-Սևան» փակ բաժնետիրական ընկերությունը` հորանների վերականգնման համալիր աշխատանքների կատարման համար.

գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Կենտրոնական էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը` բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի և ենթակայանների վերականգնման համար.

դ) «Հայհիդրոէներգանախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը` նախագծային և ինժեներահետազոտական աշխատանքների համար.

ե) Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակը գնահատող հանձնաժողովը և «Հայհիդրոէներգանախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը` Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակի դիտանցի իրականացման համար.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության (Հայլեռտեխհսկողություն) վարչությունը` Արփա-Սևան թունելի անվտանգ շահագործման վերահսկողության համար:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) Արփա-Սևան թունելի վերանորոգման-վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը սկսած 1999 թվականի մարտ ամսից, իրականացնել առաջնահերթության կարգով.

բ) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված օբյեկտի հետագա ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցների չափի և աղբյուրների վերաբերյալ` ելնելով Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի միջոցների սահմանված կարգով վերաբաշխման հնարավորությունից.

գ) 7-օրյա ժամկետում ճշտել և կազմել ժամանակացույց նշված օբյեկտի 1998 թվականի պարտքերի մարման վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք Որոտան-Արփա-Սևան թունելի շահագործման համար 1994-1999 թվականներին ծախսված միջոցների և կատարված հատկացումների մասին.

բ) 10-օրյա ժամկետում լուծել Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակը գնահատող հանձնաժողովի աշխատանքների ֆինանսավորման հարցը:

8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ուժեղացնել հսկողությունը թունելի շահագործման և սպասարկման համար նախատեսված գույքի ու սարքավորումների հափշտակման դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով նախաքննության նկատմամբ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի «Հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանության մասին» N 599 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 3-ի N 123 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված ցանկի 7-րդ կետում «Արփա-Սևան ջրային թունելի 3 տեղամասեր» բառերը փոխարինել «Արփա-Սևան ջրային թունել» բառերով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 30-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան