Գլխավոր տեղեկություն
Համար
N 361
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.07.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.07.19/16(114)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 4 հուլիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հուլիսի 2000 թվականի N 361
քաղ. Երևան

«ՇՈՂԱԿՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 5-ի «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին» N 225 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Տավուշի արտադրամասը և դրա գույքի ներդրմամբ ստեղծել «Թագազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը:

2. «Թագազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը:

3. «Թագազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 310451200 (երեք հարյուր տասը միլիոն չորս հարյուր հիսունմեկ հազար երկու հարյուր) դրամի չափով:

«Թագազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել 80 հիմնական միջոց (սարքավորումներ)` 12242500 դրամ հաշվեկշռային արժեքով` համաձայն բաժանիչ հաշվեկշռի:

4. «Թագազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության իրավունքների և պարտականությունների իրավահաջորդը` համաձայն բաժանիչ հաշվեկշռի:

5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`

ա) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Թագազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժանիչ հաշվեկշիռներն ու կանոնադրությունները և վերջիններս սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.

բ) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Սապֆիր» փակ բաժնետիրական ընկերության գույքի ու տարածքների տարանջատումը:

«Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել «Սապֆիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող գույքը և այն սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության տնօրինությանը.

գ) 10-օրյա ժամկետում «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ավտոճանապարհը, կամուրջը, երկու բնակելի շենքերի անավարտ շինարարությունները և դրանք սեփականության իրավունքով, անհատույց հանձնել Նոր Հաճնի քաղաքային համայնքին:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` 10-օրյա ժամկետում «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել «Ագրոբանկ» բաց բաժնետիրական ընկերության` 145757 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով 242928 բաժնետոմսը, արտահաշվեկշռային հաշիվներում առկա անհուսալի դեբիտորական պարտքերը և դրանք հանձնել (փոխանցել) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը:

7. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 10-օրյա ժամկետում ավարտել «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքագրման աշխատանքները:

8. Հաշվի առնելով սույն որոշման 1-7-րդ կետերի պահանջները` 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային մեթոդով 520900000 դրամ գնահատված արժեք ունեցող «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Լ.Լ.Դ. Դայմընդս Լթդ» («L.L.D. DIAMONDS Ltd») ընկերությանը (այսուհետև` գնորդ)` բաժնետոմսերի փաթեթի վաճառքի գինը սահմանելով 370000 ԱՄՆ-ի դոլար կամ դրան համարժեք դրամ:

Բաժնետոմսերի փաթեթի վաճառքի գումարը գնորդի կողմից ամբողջովին պետք է վճարվի մասնավորեցման պայմանագրի կնքման պահից 10-օրյա ժամկետում:

9. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագրում նախատեսել հետևյալ պայմանները`

ա) ընկերության աշխատողների թիվը մասնավորեցումից`

9 ամիս հետո` 269 աշխատողից ոչ պակաս,

18 ամիս հետո` 538 աշխատողից ոչ պակաս,

30 ամիս հետո` 1330 աշխատողից ոչ պակաս.

բ) միջին ամսական աշխատավարձը մասնավորեցումից`

9 ամիս հետո` 150 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

18 ամիս հետո` 200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

30 ամիս հետո` 300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

գ) վերամշակվող հումքի քանակը մասնավորեցումից`

9 ամիս հետո` 3000 կարատ/ամիս,

18 ամիս հետո`10000 կարատ/ ամիս,

30 ամիս հետո` 30000 կարատ/ամիս.

դ) ներդրումների չափը մասնավորեցումից հետո` 30 ամսվա ընթացքում` 2262630 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

10. Վճարումները կատարել արտարժույթով կամ Հայաստանի Հանրապետության արժույթով:

11. Առաջարկել Նոր Հաճնի քաղաքային համայնքին 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել ընկերության կողմից զբաղեցված հողի օգտագործման մասին պայմանագիր` 99 տարի ժամկետով:

12. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` երկշաբաթյա ժամկետում իրականացնել սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը:

13. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության ջրօգտագործման, ջրահեռացման ու արտանետումների սահմանաքանակները և նրա հետ կնքել համապատասխան պայմանագրեր:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 4-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան