Գլխավոր տեղեկություն
Համար
N 300
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.1998-26.06.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.30/11(44)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.07.2012

040.0300.19.05.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 1998 թվականի N 300
քաղ. Երևան

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է .

Հաստատել համայնքի ավագանու կողմից գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մայիսի 19-ի N 300 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան` համայնքի ավագանու կողմից գույքահարկի արտոնությունների սահմանման կարգը:

2. Համայնքի ավագանին գույքահարկի արտոնություն է սահմանում առանձին հարկատուների համար տվյալ համայնքի վարչական տարածքում գտնվող և գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող գույքի մասով` արտոնության վերապահման տարվա համայնքի բյուջեի հաստատումից հետո:

3. Հարկատուներին գույքահարկի արտոնություն կարող է սահմանվել`

ա) համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի նախաձեռնությամբ.

բ) հարկատուի հայցմամբ` համայնքի ղեկավարի եզրակացությամբ:

4. Այն դեպքում, երբ արտոնությունը սահմանվում է համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի նախաձեռնությամբ, նախաձեռնողը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում գույքահարկի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ առաջարկությունը` նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարի մեծությունը` հարկային արտոնություն տալու անհրաժեշտության հիմնավորմամբ, ինչպես նաև հարկատուի հարկային արտոնությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տարածքային մարմինների կողմից տրված տեղեկանքը` համաձայն սույն կարգի հավելվածի:

5. Այն դեպքում, երբ արտոնությունը հայցվում է հարկատուի կողմից, հարկատուն համայնքի ղեկավարին է ներկայացնում գույքահարկի գծով արտոնություն ստանալու վերաբերյալ դիմում` նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարը` հարկային արտոնություն ստանալու անհրաժեշտության հիմնավորմամբ:

Արտոնություն հայցող իրավաբանական անձանց կողմից համայնքի ղեկավարին ներկայացվում են նաև`

ա) տեղեկություններ` առաջացած հարկային պարտավորությունը ժամանակին կատարելու անհնարինության մասին հիմնավորմամբ.

բ) տեղեկություններ տույժերի ու տուգանքների առաջացման մասին, որոնք պետք է բովանդակեն դրանց առաջացման պատճառները:

6. Համայնքի ղեկավարը հարկատուի դիմումը և սույն կարգի 5-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո`

ա) հարկային արտոնության տրամադրմանը համաձայնելու դեպքում` մեկամսյա ժամկետում ճշտում է դրանց արժանահավատությունը, հաշվարկում հարկային արտոնության գումարի մեծությունը և իր կարծիքը, ինչպես նաև սույն կարգի 8-րդ կետին համապատասխան տրված տեղեկանքն ու հարկային արտոնություններ տալու վերաբերյալ հարկատուի ներկայացրած փաստաթղթերը ներկայացնում է համայնքի ավագանու քննարկմանը.

բ) հարկային արտոնության տրամադրմանը չհամաձայնելու դեպքում հայցողի ներկայացրած փաստաթղթերը վերադարձնում է հարկատուին` գրավոր նշելով չհամաձայնելու պատճառները:

7. Հարկատուի հարկային պարտավորությունների վերաբերյալ տվյալների արժանահավատությունը և հարկային արտոնության գումարի մեծությունը ճշտելու նպատակով համայնքի ղեկավարը կամ համայնքի ավագանու անդամը գրավոր հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համապատասխան տարածքային մարմնին:

8. Համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի գրավոր հարցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տարածքային մարմինները դիմողին տեղեկանք են տալիս հարկատուի հարկային պարտավորությունների վերաբերյալ` համաձայն սույն կարգի հավելվածի:

9. Եթե հարկատուն սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարից չի ստանում հարկային արտոնության տրամադրմանը չհամաձայնելու մասին գրավոր պատասխան կամ իր փաստաթղթերը համայնքի ավագանուն ուղարկելու վերաբերյալ գրություն, կամ, եթե հարկատուն համաձայն չէ հարկային արտոնության տրամադրմանը` համայնքի ղեկավարի չհամաձայնելու մասին հիմնավորումներին, ապա 20-օրյա ժամկետում համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի կրկնօրինակը` սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին, իսկ արտոնության տրամադրմանը համայնքի ղեկավարի չհամաձայնելու վերաբերյալ գրավոր պատասխանի առկայության դեպքում` այդ պատասխանի վերաբերյալ իր առարկությունները և ավագանուն ուղղված դիմումը ներկայացնում է վերջինիս քննարկմանը:

10. Համայնքի ավագանին սույն կարգի 5-րդ կամ 9-րդ կետերում նշված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց, ինչպես նաև իր նախաձեռնությամբ արտոնության տրամադրման դեպքում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարցը քննարկելուց հետո ընդունում է որոշում` հարկատուին գույքահարկի արտոնություն տրամադրելու կամ արտոնության հարցը մերժելու վերաբերյալ:

11. Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում է`

ա) հարկատուի գրանցման և գույքի գտնվելու հասցեները, հարկատուի անվանումն ու հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

բ) հարկային օրենսդրությամբ սահմանված` տրամադրվող արտոնության տեսակը.

գ) արտոնության գումարի մեծությունը, իսկ հարկի ժամկետային արտոնության տրամադրման դեպքում` հետաձգման ժամկետները:

12. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 2-րդ կետով նախատեսված չափի հաշվարկման նպատակով`

ա) հարկվող օբյեկտի, հարկի դրույքաչափի կամ հարկի նվազեցման գծով արտոնություն սահմանելիս, արտոնության գումարը հաշվարկվում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններում հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված վարկի գումարները, իսկ եթե դա անհնարին է, ապա հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններում հարկատուի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հարկի գումարների մեծությունը.

բ) հարկի հաշվարկման կամ վճարման ժամկետի, ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի ու տուգանքների վճարման ժամկետի գծով արտոնություն սահմանելիս, տվյալ բյուջետային տարում արտոնության գումարը հաշվարկվում է հետաձգվող հարկային պարտավորության գումարի նկատմամբ տվյալ բյուջետային տարվա ընթացքում արտոնության մնացած ժամանակահատվածի համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկի գումարի նկատմամբ հաշվարկվող տույժերի գումարի չափով:

13. Արտոնության տրամադրման դեպքում համայնքի ավագանու որոշումն ընդունելու պահից 10-օրյա ժամկետում որոշման մեկական օրինակ ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ու համայնքն սպասարկող` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տարածքային մարմին:

14. Համայնքի ավագանու կողմից սույն կարգով չնախատեսված կարգով արտոնությունների սահմանումն արգելվում է, այդ թվում նաև` հարկատուների հարկային պարտավորությունների կատարման համար համայնքի բյուջեից փոխհատուցում տրամադրելու միջոցով:

 

Հավելված
Համայնքի ավագանու կողմից
գույքահարկի արտոնություններ
սահմանելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

գույքային հարկերի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ

 

1. Հարկատու _____________________________________________________

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) ___________________________

 

3. Հարկատուի հաշվառման վայրը ____________________________________

 

4. Գույքահարկով հարկվող գույքի գտնվելու վայրը _________________________

 

_______________________________________ 

 

                                 

 Հարկման բազան(դրամ, ձիաուժ)

 Հարկի
գումարը(դրամ)
Առ ______ 199 թ  Ընդամենը 
 ապառքը  տույժը  տուգանքը

 1

31 41   52    62 72
1. Շինություններ                
2. Փոխադրամիջոցներ            

Ընդամենը

              

 

3 և 4 սյունակների տեղեկությունները վերաբերում են ___________________

(ժամանակաշրջանը)

 

Տարածքային հարկային

տեսչության պետ

 ____________ _______________
(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

 __________

1 Լրացվում է ըստ համայնքի ղեկավարի կամ ավագանու հարցման մեջ նշված ժամկետների` հաշվի առնելով սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերը:

2 Լրացվում է հարցման օրվա դրությամբ հարկային տեսչությունում հարկատուի հաշվառման տվյալների հիման վրա: