Գլխավոր տեղեկություն
Համար
N 137
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.1999-10.04.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.15/34(209)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.04.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
5 մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 1999 թվականի N 137
քաղ. Երևան

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մշակութային արժեքների որոշ տեսակների արտահանումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) մշակութային արժեքների (անկախ դրանց ստեղծման ժամանակից և վայրից) ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության կողմից տրվող մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա` համաձայն N 1 հավելվածի.

բ) մշակութային նշանակություն ունեցող սերիական և զանգվածային արտադրության առարկաների ու հուշանվերների ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվում է առանց Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության կողմից տրվող մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրի համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչությանը`

ա) թույլատրել առանց մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրի արտահանել մինչև 50 տարվա վաղեմություն ունեցող գեղանկարչության, քանդակի և դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունները, որոնց վրա առկա են հեղինակի ստորագրությունն ու դրանց ստեղծման տարեթիվը, բացառությամբ անթվակիր, անստորագիր և մահացած հեղինակների ստեղծագործությունների.

բ) պայմանագրային հիմունքներով համապատասխան կազմակերպություններում իրականացնել մշակութային արժեքների արտահանումը թույլատրող ձևակերպումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 5-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 5-ի N 137 որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

մշակութային արժեքների (անկախ դրանց ստեղծման ժամանակից եվ վայրից), որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եվ սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության կողմից տրվող մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա*

 

1. Պետական արժեքներ, այդ թվում` պետության և հասարակության, գիտության ու ճարտարագիտության զարգացմանը, մշակույթի և կենցաղի պատմությանը, նշանավոր անձանց (պետական, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, ազգային հերոսների) կյանքին ու գործունեությանն առնչվող առարկաներ, ինչպես նաև ընտանեկան մասունքներ`

ա) հնագիտական առարկաներ և դրանց բեկորները.

բ) ազգագրական առարկաներ և հավաքածուներ.

գ) գիտական սարքեր

դ) դրամագիտական, բոնիստիկայի, ֆալերիստիկայի, զինագիտական և կնքագիտական առարկաներ ու հավաքածուներ.

ե) տեխնիկայի (այդ թվում` ռազմական) առարկաներ և դրանց բեկորներն ու բաղկացուցիչ մասերը.

զ) փաստավավերագրական նյութեր:

2. Գեղարվեստական արժեքներ (անկախ նյութերից), ինչպես նաև դրանց կրկնօրինակները`

ա) ճարտարապետական, պատմական, մոնումենտալ արվեստի հուշարձաններ, դրանց բաղկացուցիչ մասերը և բեկորները.

բ) ծիսապաշտամունքային նշանակություն ունեցող գեղազարդ առարկաներ, սրբապատկերներ.

գ) գեղանկարչության, քանդակագործության և բեմագրության ստեղծագործություններ.

դ) գրաֆիկական ստեղծագործություններ և դրանց տպագրական վերարտադրությունները.

ե) ժողովրդական ավանդական դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ.

զ) դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ`

կավե, ապակյա և բյուրեղապակյա առարկաներ,

բրոնզե, պղնձե, պողպատե, երկաթյա և մետաղյա այլ առարկաներ, այդ թվում` արծնապատ,

թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներից ու քարերից պատրաստված առարկաներ,

քարից, փայտից, ոսկրից, խեցուց, կաշվից և գործվածքի տարբեր տեսակներից պատրաստված գեղարվեստական հորինվածքներ,

փորագրված, ընդելուզված, ագուցված, դրոշմված և տեխնիկական այլ եղանակներով գեղազարդված առարկաներ,

գոբելեններ, շպալերներ, դաջված գործվածք, ձեռագործ գորգեր.

է) դիզայներական ձևավորումների նախագծեր, ինստալյացիաներ, գեղարվեստական հորինվածքներ (կոմպոզիցիաներ) և սարվածքներ (մոնտաժներ).

ը) նվագարաններ` հայրենական և արտասահմանյան վարպետների պատրաստած.

թ) սառը զենք և հրազեն` հայրենական և արտասահմանյան վարպետների պատրաստած:

3. Տպագիր ստեղծագործություններ`

ա) պատմական, գիտական, գեղարվեստական, գրական հետաքրքրություն ներկայացնող առանձին հրատարակություններ և դրանց հավաքածուները.

բ) հասարակական, քաղաքական, պետական, մշակութային նշանավոր գործիչների կենդանության օրոք տպագրված, ինչպես նաև նրանց ստորագրությամբ, ընծայագրով և նշումներով ստեղծագործությունները (բացառությամբ ժամանակակից գործիչների).

գ) ֆիլատելիստական նյութեր (ներառյալ մինչև 1991 թվականի հրատարակությունները):

4. Գիտական հետաքրքրություն ներկայացնող հավաքածուներ և առանձին առարկաներ (օբյեկտներ)`

ա) կմախքներ, կենդանիների ոսկորներ, հերբարիումներ, խրտվիլակներ և կենդանաբանական այլ նյութեր.

բ) հնէաբանական նյութեր.

գ) մարդաբանական նյութեր.

դ) հանքաբանական նյութեր (բացառությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի):

 

________________

* Սույն ցանկի գործողությունը չի տարածվում մշակութային նշանակություն ունեցող սերիական և զանգվածային արտադրության մինչև 50 տարվա վաղեմություն ունեցող առարկաների վրա, բացառությամբ սույն հավելվածի 3-րդ կետի «գ» ենթակետի:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է. Թադևոսյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 5-ի N 137 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

մշակութային նշանակություն ունեցող սերիական եվ զանգվածային արտադրության առարկաների ու հուշանվերների, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվում է առանց Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եվ սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության կողմից տրվող մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրի*

 

1. Պետական պարգևներ և շքանշաններ, եթե արտահանողը պարգևատրված անձն է և ունի համապատասխան գրքույկ:

2. Ծիսապաշտամունքային նշանակություն ունեցող ժամանակակից առարկաներ` անկախ նյութից`

ա) խաչքարեր` մինչև 80 սմ բարձրության, խաչեր, մոմակալներ, հմայիլներ` ձվեր, դաղդղաններ, ուլունքներ և այլ առարկաներ.

բ) կրոնական գրականություն:

3. Կենցաղային առարկաներ և հայրենական ու արտասահմանյան արտադրության հուշանվերներ` անկախ նյութից`

ա) կահույք (առանձին առարկաներ կամ լրակազմ).

բ) մեքենայական արտադրության գորգեր, կարպետներ և գործվածք.

գ) հագուստ և հագուստի առանձին տարրեր.

դ) սպասք.

ե) արդուզարդի առարկաներ.

զ) խաղի և ժամանցի առարկաներ.

է) խաղալիքներ և արհեստագործական այլ առարկաներ:

4. Տեխնիկական առարկաներ`

ա) ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, հեծանիվներ.

բ) բժշկական և չափիչ սարքեր.

գ) կարի մեքենաներ և գրամեքենաներ.

դ) ժամացույցներ` անկախ ձևից և չափից.

ե) ռադիոսարքավորումներ և մագնիտոֆոններ, նվագարկիչներ ու երաժշտական կենտրոններ.

զ) լուսանկարչական ապարատներ, կինո-տեսախցիկներ և տեսամագնիտոֆոններ.

է) տարբեր տեսակի հեռախոսային սարքավորումներ.

ը) դիտակներ.

թ) համակարգիչներ և դրանց բաղկացուցիչ մասերը.

ժ) էլեկտրական և մեխանիկական կենցաղային սարքեր:

5. Մանրակերտեր (մակետներ և մոդելներ)` անկախ նյութից`

ա) ինքնաթիռների, մեքենաների, նավերի և այլ առարկաների.

բ) պատմաճարտարապետական հուշարձանների:

6. Հայրենական և արտասահմանյան գործարանային արտադրության երաժշտական գործիքներ (որոնք ունեն համապատասխան գործարանային համարանիշ կամ պիտակ, վկայական (անձնագիր), անդորրագիր, դրամարկղային կտրոն)`

ա) ստեղնային. փողային, հարվածային, էլեկտրական նվագարաններ.

բ) բայան, հարմոն, ակորդեոն.

գ) լարային նվագարաններ և աղեղներ:

7. Հայրենական և արտասահմանյան հրատարակություններ`

ա) տարբեր հեղինակների ստեղծագործությունների առանձին ժողովածուներ կամ երկերի ժողովածուներ, ինչպես նաև հրատարակություններ, որոնք արտահանում է դրանց հեղինակը.

բ) պարբերականներ, հրատարակություններ, նոտային, քարտեզագրական, գիտահանրամատչելի գրականություն, գրքույկներ (բրոշյուրներ), գովազդային հրատարակություններ.

գ) մանկական գրականություն, դասագրքեր և ձեռնարկներ, տեղեկատվական գրականություն (բառարաններ, զրուցարաններ, տեղեկատուներ, հանրագիտարաններ, ցուցակներ (կատալոգներ) և այլն).

դ) փաստավավերագրական և տպագիր նյութերի ժամանակակից վերարտադրություն ցանկացած նյութակրի վրա.

ե) ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող անձանց համար ստեղծված տպագիր նյութեր և առարկաներ:

8. Տպագիր գրաֆիկական և լուսանկարչական հրատարակություններ`

ա) վերատպություններ, վիմատպություններ, փորագրանկարներ, բացիկներ, պլակատներ.

բ) լուսանկարչական ալբոմներ և հուշանվերային նշանակություն ունեցող լուսանկարչական արտադրանք:

9. Մանկական ստեղծագործություններ` անկախ նյութից:

10. Հայրենական և արտասահմանյան արտադրության կրծքանշաններ, հուշանվերներ, հոբելյանական դրամներ և հուշադրամներ:

11. Տեսալսողական արտադրանք:

12. Հուշանվերային նշանակություն ունեցող առարկաներ`

ա) բնական և պատմաճարտարապետական հուշարձանների պատկերներ ունեցող առարկաներ` անկախ նյութից և պատրաստման տեխնիկայից.

բ) ասեղնագործ, ժանեկագործ, մաքրամե և այլ տեխնիկայով պատրաստված առարկաներ:

________________

* Սույն ցանկի գործողությունը տարածվում է մինչև 50 տարվա վաղեմություն ունեցող մշակութային նշանակություն ունեցող առարկաների վրա, բացառությամբ սույն հավելվածի 1-ին կետի:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է. Թադևոսյան