«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 1999 թվականի N 66
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հունաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1998 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված սննդամթերքի անվճար առաքման իրականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին (այսուհետև` հուշագիր) համապատասխան ու Հայաստանի Հանրապետություն ներկրված պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
ա) հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարենային ցորենն ամբողջությամբ հատկացվում է «Հայհացահատիկ» գործակալություն» բաց բաժնետիրական ընկերությանը աճուրդային կարգով իրացնելու նպատակով.
բ) պարենային ցորենի մեկ տոննայի աճուրդային վաճառքի մեկնարկային նվազագույն գինը սահմանվում է 116 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ աճուրդի կայացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած դրամի հաշվարկային փոխարժեքին համապատասխան.
գ) պարենային ցորենի աճուրդային վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատած կարգով.
դ) աճուրդային վաճառքի իրականացման գործում «Հայհացահատիկ» գործակալություն» բաց բաժնետիրական ընկերության մատուցած ծառայությունների դիմաց նրան է հատկացվում աճուրդով վաճառված պարենային ցորենի արժեքի 0,5 տոկոսը.
ե) հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարենային ցորենի իրացումից գոյացող միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հատուկ հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում «Հայհացահատիկ» գործակալություն» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր` հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարենային ցորենը պահպանելու և դրա աճուրդային վաճառքն իրականացնելու պայմանների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 11-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|