Գլխավոր տեղեկություն
Համար
N 216
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.1998-27.06.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.04.30/9(42)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
31.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.06.2013

040.0216.31.03.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

31 մարտի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 1998 թվականի N 216
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ՋՐԱՏԱՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում ստորերկրյա ջրերի հանքավայրերի և ջրատար հորիզոնների շահագործման, պետական հաշվառման, պահպանման և հատուկ ջրօգտագործման թույլտվություն տալու հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում ստորերկրյա ջրերի հանքավայրերի և ջրատար հորիզոնների շահագործման, պետական հաշվառման, պահպանման և հատուկ ջրօգտագործման թույլտվություն տալու կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը`

ա) վերահսկում և պետական կառավարում է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում ստորերկրյա ջրերի հանքավայրերի և ջրատար հորիզոնների շահագործման, պետական հաշվառման, ռացիոնալ օգտագործման, դրանք սպառումից և աղտոտումից պահպանման բնագավառում.

բ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործվող պաշարների պետական հաշվառումը, ինչպես նաև դրանց ռացիոնալ օգտագործման, շահագործման ռեժիմի և որակի վերահսկումը.

գ) ստորերկրյա ջրերի պետական հաշվառման նյութերի հիման վրա, սահմանված կարգով ապահովում է կառույցների և այլ օբյեկտների նախագծման, շինարարության և շահագործման համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական կանխագուշակումների մասին ստորերկրյա ջրերի դիտանցի (մոնիտորինգ) համառոտ տվյալների տրամադրումը ջրօգտագործողներին.

դ) պարբերաբար ապահովում է ջրերի աղտոտման աստիճանի և տեխնածին գործընթացների ազդեցության տակ դրանց հնարավոր փոփոխման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը ջրօգտագործողներին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 25-ի «Հանրապետությունում ստորերկրյա ջրերի օգտագործումը բարելավելու միջոցառումների մասին» N 17 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 31-Ի N 216 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ՋՐԱՏԱՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործման տրամադրման, պահպանման, ինչպես նաև պետական հաշվառման և ռացիոնալ օգտագործման նկատմամբ վերահսկողության կարգը:

2. Ստորերկրյա ջրերի օգտագործումը վճարովի է և իրականացվում է սույն կարգին համապատասխան:

 

II. ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

3. Ստորերկրյա ջրերի հաստատված պաշարներով հանքավայրերը թույլատրվում են շահագործման Հայաստանի Հանրապետության հատկապես լիազորված պետական մարմնի կողմից տրված արտոնագիր ունեցող ջրօգտագործողի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 15-ի «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքից օգտվելու կարգի մասին» N 374 որոշմամբ հաստատված կարգով կնքված պայմանագրերի հիման վրա:

4. Ջրամատակարարումը թույլատրվում է սահմանված կարգով չհաստատված, ինչպես նաև հաստատված (եթե դա չի ազդում ստորերկրյա ջրերի հանքավայրի շահագործման ռեժիմի վրա) պաշարներով ստորերկրյա ջրերի հանքավայրերում միայն հատուկ ջրօգտագործման թույլտվության հիման վրա, ջրօգտագործման պայմանների համաձայնեցման դեպքում`

ա) պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների հետ բոլոր դեպքերում.

բ) պետական անասնաբուժական ծառայության մարմինների հետ` ստորերկրյա ջրերն անասնաբուծության, ձկնաբուծության ու կենդանական ծագում ունեցող սննդամթերք և հումք մթերող ու վերամշակող ձեռնարկությունների կարիքների համար օգտագործելու դեպքերում.

գ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ` ստորերկրյա ջրերը բուժիչ և առողջարարական նպատակներով օգտագործելու դեպքերում.

դ) Հայլեռտեխհսկողության հետ` ստորերկրյա ջրերը լեռնաարդյունաբերական ձեռնարկությունների կողմից օգտագործվելու դեպքում (լեռնահատկացման սահմաններում).

ե) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ` բնակավայրերում ջրհաններ կառուցելու դեպքում.

զ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ` ստորերկրյա ջրերը գյուղատնտեսական արտադրության ոլորտում օգտագործելու դեպքում:

5. Հատուկ պաշտպանական նշանակություն ունեցող օբյեկտների, զինվորական միավորումների ջրօգտագործման պայմանների և թույլտվության ձևակերպումն իրականացվում է համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների համաձայնությամբ:

6. Առաջնային ջրօգտագործողները, որոնց անջատ ջրօգտագործման թույլտվություն է տրված, իրավունք ունեն թույլատրելու երկրորդային ջրօգտագործում` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ:

7. Ստորերկրյա քաղցրահամ ջրերն օգտագործման են տրամադրվում բնակչության խմելու և կենցաղային կարիքները բավարարելու նպատակով: Այն տարածաշրջաններում, որտեղ առկա են բավարար քանակությամբ ստորերկրյա ջրերի պաշարներ, իսկ մակերևութային ջրեր չկան, ժամանակավորապես թույլատրվում է ստորերկրյա ջրերի օգտագործումը` տեխնիկական և այլ նպատակներով:

 

III. ՋՐՀԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

8. Ստորերկրյա ջրերի ջրհանները (հորատանցքերը) կառուցում և շահագործում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգի մասնագիտացված ձեռնարկությունները կամ սահմանված կարգով լիցենզիա ստացած այլ ձեռնարկություններ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համաձայնությամբ:

9. Ստորերկրյա ջրերի շահագործական հորատանցքերը հորատվում են սույն կարգի 4-րդ կետում նշված ջրօգտագործման պայմանների կատարումից հետո` ջրհանի նախագծի առկայության դեպքում: Շահագործական հորատանցքերի վերականգնման և նորոգման աշխատանքների նախագծերը համաձայնեցվում, իսկ կատարման ընթացքը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից:

10. Կենտրոնացված ջրամատակարարման համար ջրհան կառույցները տեղադրվում են հաստատված պաշարներով հանքավայրերի` այդ նպատակով հատուկ առանձնացված տեղամասերում: Ոչ կենտրոնացված ջրամատակարարման համար ջրհան կառույցները (հորատանցքերը, կապտաժները) տեղադրվում են հատուկ ջրօգտագործման թույլտվությամբ:

 

IV. ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

11. Ստորերկրյա ջրերի հանքավայրերի պաշարների պետական հաշվառումը պետք է ապահովի ընթացիկ և հեռանկարային ծրագրավորման, ջրապահպանման միջոցառումների անցկացման, ստորերկրյա ջրերի օգտագործման համալիր գծապատկերի կազմման, ինչպես նաև ստորերկրյա ջրերի ռացիոնալ օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումը:

12. Հանքավայրից արտամղվող ջրի քանակը սահմանված կարգով հաշվառում է ընդերքօգտագործողը: Հաշվառման նյութերը, բացի տարեկան 2-տա ձևից, վիճակագրական հաշվետվությունից, ներկայացվում են ընդերքտրամադրող նախարարություն` ըստ անհրաժեշտության, վերջինիս պահանջով:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՌԱՑԻՈՆԱԼ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Ստորերկրյա ջրերի որակի, վիճակի, աղտոտման և սպառման մասին պարբերաբար տեղեկատվություն ստանալու, այդ գործընթացների կանխագուշակումների և բոլոր ջրօգտագործողների կողմից ստորերկրյա ջրերի պահպանման կարգն ապահովելու, կանխարգելող միջոցառումներ մշակելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն իրականացնում է վերահսկողություն`

ա) խոշոր արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտների շրջաններում, կոյուղի և մաքրման կայաններ չունեցող տեղամասերում տեղադրված ջրհան կառույցներում ստորերկրյա ջրերի որակի և վիճակի նկատմամբ.

բ) բոլոր ջրօգտագործողների կողմից ջրհաններում կատարվող անհրաժեշտ դիտարկումների և չափումների, ինչպես նաև օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի հանձնարարականների կատարման նկատմամբ.

գ) ստորերկրյա ջրերի ջրհանների շինարարությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից կատարվող հորատման և փորձնական հիդրոերկրաբանական աշխատանքների որակի, ինչպես նաև ջրի առանձին հորատանցքերի հորատման և նորոգման վիճակի նկատմամբ.

դ) ստորերկրյա ջրերի հետախուզված և շահագործվող հանքավայրերի տվյալների համապատասխանության նկատմամբ:

14. Վերահսկողության և պահպանման հիմնական օբյեկտներ են շահագործվող ջրատար հորիզոնների խմելու, տնտեսական ու հանքային ջրերի ջրամատակարարման ջրհանները: