Գլխավոր տեղեկություն
Համար
N 34
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.1998-24.02.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.14/3(36)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.1998

040.0034.28.01.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

28 հունվարի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունվարի 1998 թվականի N 34

քաղ. Երևան

 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շարունակվող մասնակի տնտեսական շրջափակումը և դրանով պայմանավորված` հանրապետության տնտեսական դժվարությունները, ինչպես նաև պարենային ցորենի` որպես ռազմավարական հումքի առանձնահատուկ նշանակությունը և դրա պահանջարկի բավարարման հարցում արտաքին շուկայից կախվածությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ պարենային ցորենի պետական պահուստը, բացառությամբ չնվազեցվող պաշարի, կարող է օգտագործվել նաև հացամթերքի արտադրության և իրացման ոլորտում գների կարգավորման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պարենային ցորենի կուտակման ծավալները մինչև 2000 թվականը պետական պահուստում ամբարելու նպատակով յուրաքանչյուր տարի, համամասնորեն, սկսած 1999 թվականից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումներ.

բ) անվերապահորեն ապահովել պարենային ցորենի պետական պահուստի պահպանման, թարմացման, փոխադրման և այլ գործառնությունների հետ կապված ծախսերի փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` համաձայն սահմանված կարգով ներկայացվող հայտերի:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` պայմանագրային հիմունքներով ապահովել պարենային ցորենի պետական պահուստի պահպանումը և անձեռնմխելիությունը համակարգի ձեռնարկությունների պահեստային տարածքում (տարողություններում)` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:

4. Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչությանը` յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամբարված պարենային ցորենի առկայության վերաբերյալ տեղեկություններ:

5. Սահմանել, որ`

ա) սույն որոշման գործողությունը տարածվում է նաև ցանկացած հացահատիկային մշակաբույսերի վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրանց` պետական պահուստում ամբարելու վերաբերյալ համապատասխան որոշում ընդունվելու դեպքում.

բ) այն ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից), որտեղ ամբարվում է պետական պահուստի պարենային ցորենը, հանդիսանում են պատասխանատու պահպանման կետեր և Հայաստանի Հանրապետության պետական պահուստի պահպանման համակարգի բաղկացուցիչ մաս.

գ) պարենային ցորենի պետական պահուստի պատասխանատու պահպանման կետերի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչությունը, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պարենային ցորենի ձեռքբերման, ամբարման, պահպանման, թարմացման, փոխարինման, փոխառման, փոխադրման, վերադարձման և բացթողնման բոլոր գործառնությունները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան