Գլխավոր տեղեկություն
Համար
N 727
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.30/32(65)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.1998

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան 

19 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 1998 թվականի N 727
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությունում գործող տարաբնույթ նպաստների և փոխհատուցումների համակարգից մեկ միասնական նպաստի համակարգի անցնելու և առավել անապահով ընտանիքների նկատմամբ հասցեագրված սոցիալական աջակցության քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1999 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդնել ընտանեկան նպաստի համակարգը:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը մինչև 1998 թվականի նոյեմբերի 15-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընտանեկան նպաստի (անապահովության սահմանային մեծության միավոր, բազային նպաստ և ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելման չափեր) վերաբերյալ:

4. Սահմանել առավել անապահով ընտանիքի քվոտա` յուրաքանչյուր համայնքի նպաստառու ընտանիքների թվի 5 տոկոսի չափով:

5. Ընտանեկան նպաստի համակարգի ներդրման կապակցությամբ 1999 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) հանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» N 172 որոշման 2-րդ կետի «ա», «բ» և 3-րդ կետի «ա», «բ», «գ», «դ» ենթակետերը, ուղղ. իսկ 2-րդ կետի «գ» և 3-րդ կետի «ե» ենթակետերից համապատասխանաբար «գործազուրկի կարգավիճակ ունեցող», «կամ գործազուրկի կարգավիճակ ունեցող» բառերը: 

բ) հանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի N 349, 1997 թվականի սեպտեմբերի 8-ի N 367, 1998 թվականի մարտի 17-ի N 175 որոշումների խմբագրությամբ) 1-ին կետի «գ» ենթակետը և 3-րդ կետը.

գ) հանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» N 562 որոշման 1-ին և 5-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 19-ի N 727 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի (այսուհետև` նպաստ) նշանակման և վճարման կարգը:

2. Նպաստի վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Նպաստ նշանակելու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը ներկայացնում է դիմում փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (այսուհետև` կենտրոն):

4. Կենտրոնը նպաստ նշանակելու մասին դիմումը քննարկում է ոչ ուշ, քան դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:

5. Նպաստի նշանակումը մերժելու դեպքում կենտրոնը 5-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմողին` նշելով մերժման պատճառը:

6. Նպաստ նշանակող մարմնի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

II. ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

7. Նպաստ ստանալու իրավունք ունեն`

ա) ընտանիքի անապահովության աստիճանի գնահատման «Փարոս» համակարգում (այսուհետև` «Փարոս») հաշվառված այն ընտանիքները, որոնց անապահովության աստիճանի գնահատման միավորը բարձր է անապահովության սահմանային մեծության միավորից.

բ) այն ընտանիքները, որոնք ընդգրկվել են համայնքի ղեկավարի կողմից հաստատված և համապատասխան կենտրոն ներկայացված ցուցակներում` համայնքներին հատկացված առավել անապահով ընտանիքների քվոտայի սահմաններում:

8. Համայնքի ղեկավարը համայնքին հատկացված առավել անապահով ընտանիքների քվոտայի սահմաններում կազմում է «Փարոսում» հաշվառված այն առավել անապահով ընտանիքների ցուցակները, որոնց անապահովության աստիճանի գնահատման միավորը ցածր է անապահովության սահմանային մեծության միավորից:

Համայնքի ավագանու նիստում քննարկվելուց և համայնքի ղեկավարի կողմից հաստատվելուց հետո այդ ցուցակները ներկայացվում են կենտրոն, որտեղ դրանք ընդգրկվում են նպաստի վճարման ցուցակներում` պահպանելով «Փարոսի» հաշվառման կանոնները:

9. Համայնքների ղեկավարներն ապահովում են սույն կարգի 8-րդ կետի համաձայն կազմված առավել անապահով ընտանիքների ցուցակների հրապարակայնությունը` այդ նպատակով օգտագործելով տեղեկատվության բոլոր միջոցները (լրատվության տեղական միջոցներ` թերթ, ռադիո, հեռուստատեսություն, ժողովներ, դիտողական նյութեր և այլն):

10. Նպաստը հաշվարկվում է բազային նպաստին ավելացնելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:

11. Յուրաքանչյուր տարվա համար անապահովության սահմանային մեծության միավորը, բազային նպաստի, ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելման և համայնքներին հատկացվող առավել անապահով ընտանիքների քվոտայի չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

III. ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

12. «Փարոսում» հաշվառված այն ընտանիքներին, որոնց անապահովության աստիճանի գնահատման միավորը բարձր է անապահովության սահմանային մեծության միավորից, և որոնք նպաստի նշանակման համար դիմել են մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը, նպաստ նշանակվում է տարեսկզբից: Ապրիլի 1-ից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

13. «Փարոսում» չհաշվառված ընտանիքները դիմումի հետ միասին կենտրոն են ներկայացնում նաև «Փարոսում» հաշվառվելու համար սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը: Եթե նշված ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման միավորը բարձր է անապահովության սահմանային մեծության միավորից, ապա դրանց նպաստ նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

14. «Փարոսում» հաշվառված և ընտանիքի կազմի, դրա նյութական, բնակարանային պայմանների փոփոխությունների հետևանքով նպաստի նշանակման համար դիմած ընտանիքներին նպաստ նշանակվում է սույն կարգի 13-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում:

15. Համայնքին հատկացված առավել անապահով ընտանիքների քվոտայի սահմաններում նպաստ նշանակվում է հունվարից, եթե նշված ընտանիքների ցուցակները կենտրոն են ներկայացվել մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը: Նշված ժամկետից հետո նպաստ նշանակվում է ցուցակները ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

16. Ընտանիքի կազմում փոփոխություն կատարվելու դեպքում նպաստը վերահաշվարկվում և վճարվում է կատարված փոփոխությունների մասին դիմելու ամսվան հաջորդող ամսվանից:

17. Նպաստը վճարվում է ոչ ավելի, քան մինչև օրացուցային տարվա վերջը: Եթե ընտանիքում կան այնպիսի անդամներ, որոնց սոցիալական որևէ խմբի պատկանելու ժամկետը լրանում է տվյալ օրացուցային տարվա ընթացքում, ապա նպաստը վճարվում է այդ ժամկետը լրանալու ամիսը ներառյալ: Տվյալ ժամկետը լրանալուց հետո նպաստը վճարվում է սույն կարգի 14-րդ կետի համաձայն:

Համայնքի ներկայացրած ցուցակում ընդգրկված ընտանիքներին նպաստ վճարվում է վեց ամիս, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ օրացուցային տարվա վերջը:

 

IV. ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ձևաթղթերը հաստատում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:

19. Նպաստ նշանակելու և վճարելու համար ներկայացված փաստաթղթերը պահվում են կենտրոնում:

20. Նպաստը նշանակվում և վճարվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկին` մյուս չափահաս անդամների փոխադարձ համաձայնությամբ: Անհամաձայնության դեպքում ընտանիքի չափահաս անդամի պահանջով նրան կարող է նպաստ նշանակվել իր բաժնեմասով:

21. Ընտանիքի այն անդամի բացակայության դեպքում, որի անվամբ նշանակված է նպաստ, այն վճարվում է ընտանիքի այլ չափահաս անդամի:

22. Կենտրոնի նշանակած նպաստի վճարումը կատարվում է «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների միջոցով:

23. Ընտանիքի բնակության վայրի փոփոխության դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է և այդ պահից այն վերսկսվում է նոր բնակավայրի կենտրոնի կողմից:

Այս դեպքում նպաստի գործը, նպաստ ստացողի դիմումի համաձայն, ուղարկվում է ընտանիքի նոր բնակության վայրի կենտրոն` նշելով նպաստի վճարման դադարեցման ամիսը:

24. Նշանակված, բայց չստացված նպաստի գումարը վճարվում է միայն անցած երեք ամսվա ժամանակահատվածի համար: Կենտրոնի կամ դուստր ընկերության մեղքով չվճարված գումարը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման:

 

V. ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

25. Նպաստի վճարումը դադարեցվում է դրա իրավունքը կորցնելու ամսվա հաջորդ ամսվանից:

26. Նպաստ ստացողի կողմից ակնհայտ սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացվելու, եկամուտները և ընտանիքում կատարված փոփոխությունները թաքցվելու դեպքերում նպաստի վճարումը դադարեցվում է դրանց հայտնաբերման ամսվանից, և ընտանիքը մեկ տարի ժամկետով զրկվում է նպաստ ստանալու իրավունքից: