Գլխավոր տեղեկություն
Համար
N 684
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.1999-21.12.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.11/27(399)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1999

040.0684.03.11.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 1998 թվականի N 684
քաղ. Երևան

 

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՁԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 2-ի «Հաշմանդամների հիմնահարցերի վերաբերյալ 1997 թվականի տարեկան զեկուցագրի մասին» N 220 որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կանոնադրությունը (կցվում է).

բ) անձին հաշմանդամ ճանաչելու կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ մինչև 1998 թվականի նոյեմբերի 1-ը հաստատել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգումները և հաշմանդամության խմբերի որոշման չափանիշները:

3. Սահմանել, որ մինչև 16 տարեկան երեխաների հաշմանդամությունը 1999 թվականի հուլիսի 1-ից որոշելու են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1985 թվականի հունիսի 21-ի «Բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովների կանոնադրությունները հաստատելու մասին» N 372 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 3-ի N 684 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները (ԲՍՓՀ, այսուհետև հանձնաժողովներ) գործում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության համակարգում:

2. Հանձնաժողովներն ստեղծում, վերակազմավորում և լուծարում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:

3. Հանձնաժողովների թիվը, նրանց մասնագիտական ուղղվածությունը և հաստիքների թիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում:

4. Հանձնաժողովներն իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահական մարմինների, գործատուների ու հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցված:

5. Հանձնաժողովների պահպանման ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

6. Հանձնաժողովներն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց անվամբ կնիք, դրոշմակնիք:

 

II. Հանձնաժողովների իրավասությունները, կառուցվածքը ԵՎ կազմը

 

7. Հանձնաժողովների իրավասություններն են`

ա) անձի հաշմանդամության խմբի, հաշմանդամության պատճառական կապի, տևողության ժամանակաշրջանի և վաղեմության ժամկետի սահմանումը, հաշմանդամի սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերի որոշումը, վերականգնողական անհատական ծրագրերի մշակումը.

բ) հաշմանդամության շարժի (դինամիկա) և դրա առաջացման պատճառների վերլուծությունը.

գ) հաշմանդամների տվյալների հաշվառման պետական համակարգի ձևավորումը:

8. Հանձնաժողովները կազմակերպվում են հանրապետական և տարածքային (առաջնային) հանձնաժողովների կարգավիճակով:

9. Ելնելով բնակչության հիվանդության և հաշմանդամության բնույթից կարող են կազմակերպվել ընդհանուր, խառը և մասնագիտացված հանձնաժողովներ:

10. 7-10 տարածքային հանձնաժողովի առկայության դեպքում կազմակերպվում է մեկ հանրապետական հանձնաժողով:

11. Տարվա ընթացքում 1800-2000 քննվողների կամ 100-120 հազ. բնակչության թվի առկայության դեպքում կազմակերպվում է մեկ տարածքային հանձնաժողով: Տվյալ չափանիշներին չհամապատասխանելու դեպքում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, ելնելով անհրաժեշտությունից, առանձին տարածքներում կարող են կազմակերպվել տարածքային հանձնաժողովներ:

12. Ընդհանուր բնույթի տարածքային հանձնաժողովների կազմում մտնում են վիրաբույժ, թերապևտ և նյարդաբան, իսկ մասնագիտացված հանձնաժողովներում` հանձնաժողովի բնույթին համապատասխանող մասնագիտության երկու բժիշկ, ինչպես նաև թերապևտ կամ նյարդաբան: Հանձնաժողովների կազմում ընդգրկվում են նաև վերականգնողաբան (ռեաբիլիտոլոգ), սոցիոլոգ և հոգեբան, որոնք իրենց իրավասությունների սահմաններում մասնակցում են փորձաքննությանը` խորհրդակցական ձայնի իրավունքով:

Մինչև 16 տարեկան երեխաների բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնելու նպատակով հանձնաժողովում որոշիչ ձայնի իրավունքով ներգրավվում է մանկաբույժ կամ մանկական հիվանդությունների գծով նեղ մասնագետ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության համատեղ հաստատված ցանկի:

13. Տարածքային հանձնաժողովների նախագահներին և անդամներին աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:

14. Հանձնաժողովների աշխատանքներն սպասարկող անձնակազմը (բուժքույր, բուժվիճակագիր, հավաքարար, վարորդ) աշխատանքի նշանակվում և աշխատանքից ազատվում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրենների հրամաններով` հանձնաժողովների նախագահների ներկայացմամբ:

15. Հանրապետական հանձնաժողովի կազմում ընդգրկվում է չորս բժիշկ` թերապևտ, նյարդաբան, վիրաբույժ, իսկ չորրորդ բժշկի մասնագիտությունը որոշվում է հաշվի առնելով սպասարկվող տարածքի յուրահատկությունները, բնակչության հիվանդացության և հաշմանդամության բնույթը: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև վերականգնողաբան, սոցիոլոգ, հոգեբան և այլ մասնագետներ աշխատանքի վարձատրության ժամավճարային կարգով:

16. Մինչև 16 տարեկան անձանց բժշկասոցիալական փորձաքննությունն անցկացնելու համար հանրապետական հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև մանկաբույժ:

17. Տարածքային և հանրապետական հանձնաժողովները ղեկավարում են հանձնաժողովների նախագահները: Որոշումներն ընդունվում են կոլեգիալ հիմունքներով` ձայների պարզ մեծամասնությամբ:

18. Եթե տարածքային հանձնաժողովի նախագահը կամ առանձին անդամներ համաձայն չեն ընդունված որոշմանը, ապա քննման ակտում կատարվում է համապատասխան գրառում և մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում հանրապետական հանձնաժողով` խորհրդատվական եզրակացության համար:

19. Հանձնաժողովի նախագահը կազմակերպում է քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունը, ապահովում դրա իրականացումը և պատասխանատվություն կրում հանձնաժողովի գործունեության համար:

 

III. Հանձնաժողովների պարտականություններն ու իրավունքները

 

20. Տարածքային հանձնաժողովները`

ա) սահմանում են հիվանդների կենսագործունեության սահմանափակման բնույթն ու աստիճանը և նրանց վերականգնողական ներուժը.

բ) արձանագրում են հաշմանդամության առկայությունը, տևողության ժամանակաշրջանը, վաղեմությունը, ժամկետը, սահմանում են հաշմանդամության խումբն ու պատճառական կապը.

գ) որոշում են անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով) աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման դեպքում.

դ) որոշում են տուժած անձի մահվան պատճառական կապը արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու և այլ հանգամանքների հետ, որոնց դեպքում մահացածի ընտանիքի անդամներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, նշանակում են կենսաթոշակ և փոխհատուցում վնասը.

ե) մշակում են հաշմանդամների անհատական վերականգնողական ծրագրեր, որոշում բժշկական, սոցիալական միջոցառումների տեսակներն ու ծավալները, հսկողություն սահմանում դրանց իրագործման ընթացքի նկատմամբ.

զ) ստեղծում են բժշկասոցիալական փորձաքննություն անցած քաղաքացիների տվյալների բանկ.

է) մասնակցում են հաշմանդամության պատճառագիտական գործոնների ուսումնասիրման և հաշմանդամության կանխարգելման ծրագրերի մշակման աշխատանքներին.

ը) զինապարտների և մինչև զինվորական ծառայության զորակոչվելը նախազորակոչային (16-18 տարին լրանալը) և զորակոչային (18-28 տարին լրանալը) տարիքի անձանց հաշմանդամությունը սահմանելու բոլոր դեպքերի մասին տեղեկացնում են տարածքային զինվորական կոմիսարիատներին.

թ) անհրաժեշտության դեպքում քաղաքացուն տեղեկացնում են փորձաքննության կարգի և պայմանների մասին:

21. Հանրապետական հանձնաժողովը`

ա) իրականացնում է տարածքային հանձնաժողովների մասնագիտական, մեթոդական ղեկավարումը և վերահսկողությունը.

բ) իրականացնում է (խորհրդատվական կարգով) հանձնաժողովների կողմից ներկայացված դեպքերի բժշկասոցիալական փորձաքննություն.

գ) անցկացնում է բողոքարկված որոշումների փորձաքննություն.

դ) ստեղծում է հաշմանդամների տվյալների հանրապետական բանկ.

ե) մասնակցում է հաշմանդամություն առաջացնող գործոնների ուսումնասիրմանը և կանխարգելիչ ծրագրերի մշակմանը.

զ) խորհրդատվական օգնություն է ցույց տալիս հանձնաժողովների մասնագետներին, կազմակերպում նրանց ուսուցումը.

է) կազմակերպում է գիտագործնական հանձնաժողովներ:

22. Հանձնաժողովներն իրավասու են`

ա) բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց ուղեկցելու առողջապահական համակարգի բուժհիմնարկներ` լրացուցիչ հետազոտման.

բ) գործատուներից պահանջելու անհրաժեշտ տվյալներ քննություն անցնող անձանց աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ.

գ) աշխատանքի և զբաղվածության տարածքային կենտրոնների հետ համատեղ վերահսկելու հաշմանդամների աշխատանքային պայմանները և վերականգնողական միջոցառումների իրականացումը:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
նոյեմբերի 3-ի N 684 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

անձին հաշմանդամ ճանաչելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) անձին հաշմանդամ ճանաչելիս ելնում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատած` բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգումներից և հաշմանդամության խմբերի որոշման չափանիշներից:

2. Ելնելով օրգանիզմի ֆունկցիաների խանգարման և կենսագործունեության սահմանափակման աստիճանից` հաշմանդամ ճանաչված անձին սահմանվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ կամ 3-րդ), իսկ մինչև 16 տարեկան երեխաներին` մանկուց հաշմանդամ երեխայի կարգավիճակ:

3. Անձի բժշկասոցիալական փորձաքննությունն անցկացնում է նրա բնակության վայրի հանձնաժողովը: Այն դեպքում, երբ առողջապահական հիմնարկի եզրակացությամբ տվյալ անձն առողջական վիճակի պատճառով չի կարող ներկայանալ փորձաքննության, ապա բժշկասոցիալական փորձաքննությունն անցկացվում է տանը կամ հիվանդանոցում, իսկ բացառիկ դեպքերում` քաղաքացու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ` հեռակա կարգով հիմք ընդունելով հիվանդությունը հաստատող փաստաթղթերը:

4. Անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով ապահովել համապատասխան մասնագետի մասնակցությունը:

 

II. Փորձաքննության անցկացումը

 

5. Անձի բժշկասոցիալական փորձաքննությունն անցկացվում է առողջապահական հիմնարկի ուղեգրով, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Որոշակի բնակության վայր չունեցող, ոչ մի տեղ չհաշվառված անձինք առողջական վիճակի խաթարումը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում բժշկասոցիալական փորձաքննություն կարող են անցնել միայն Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության թույլտվությամբ:

6. Հիվանդության, վնասվածքի, արատի հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների դեպքում առողջապահական հիմնարկը սահմանված կարգով անձին բժշկասոցիալական փորձաքննության է ուղարկում անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ առանձին դեպքերում ելնելով տևական բուժման անհրաժեշտությունից` բուժման ընթացքում:

Առողջապահական հիմնարկի ուղեգրում նշվում են քննվող անձի օրգան-համակարգերի ֆունկցիոնալ խանգարման աստիճանն արտացոլող տվյալները և կիրառված վերականգնողական միջոցառումների արդյունքները:

7. Առողջապահական հիմնարկները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում անձին բժշկասոցիալական փորձաքննության անցկացման նպատակով տրված ուղեգրում նշված տվյալների հավաստիության և լիարժեքության համար:

8. Առողջապահական հիմնարկների կողմից անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղարկելը մերժվելու դեպքում անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի ինքնուրույն դիմելու հանձնաժողով` ներկայացնելով հիվանդության, վնասվածքի, արատի հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումը և դրա հետևանքով կենսագործունեության սահմանափակումը հավաստող բժշկական փաստաթղթերը:

9. Անձին հաշմանդամ ճանաչելու համար հիմք են հանդիսանում`

ա) հիվանդության, վնասվածքների և արատների հետևանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումները.

բ) կենսագործունեության սահմանափակումը (ինքնասպասարկման ապահովման ունակության, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, սեփական վարքը հսկելու, հաղորդակցվելու, ուսումնառելու կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության լրիվ կամ մասնակի կորուստ).

գ) անձի սոցիալական պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումները:

Անձին հաշմանդամ ճանաչելու հիմքերից երկուսի առկայությունը բավարար է նրան հաշմանդամ ճանաչելու համար:

10. Բժշկասոցիալական փորձաքննությունն անցկացվում է տվյալ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն` ուղղված հանձնաժողովի նախագահին: Դիմումին կցվում են առողջապահական հիմնարկի ուղեգիրը և առողջական վիճակի խաթարումը հավաստող բժշկական այլ փաստաթղթեր:

11. Բժշկասոցիալական փորձաքննությունն անցկացնող հանձնաժողովի մասնագետներն ուսումնասիրում են ներկայացված տվյալները (կլինիկաֆունկցիոնալ, սոցիալ-կենցաղային, աշխատանքային, մասնագիտական և այլն), զննում անձին, պարզում նրա կենսագործունեության սահմանափակման աստիճանը և կոլեգիալ հիմունքներով որոշում հաշմանդամության խումբը:

12. Բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձին կամ նրա օրինական ներկայացուցչին հաշմանդամության խմբի մասին ընդունված որոշումը հայտարարում է հանձնաժողովի նախագահը` որոշումն ընդունող բոլոր մասնագետների ներկայությամբ, և անհրաժեշտ պարզաբանումներ տալուց հետո նրան է հանձնում հաշմանդամության խմբի վերաբերյալ որոշման պատճենը:

13. Այն դեպքում, երբ հանձնաժողովը դժվարանում է փորձաքննական որոշում ընդունել, անձի քննման արձանագրությունը մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է հանրապետական հանձնաժողով, որը խորհրդատվական կարգով եզրակացություն է տալիս տարածքային հանձնաժողովին` վերջնական որոշում ընդունելու համար:

14. Փորձաքննական-վերականգնողական խորացված, հետազոտման հատուկ եղանակների, ինչպես նաև լրացուցիչ տվյալների անհրաժեշտության դեպքում կազմվում է բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձի լրացուցիչ հետազոտման ծրագիր, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը` դրա մասին տեղյակ պահելով դիմողին:

15. Լրացուցիչ հետազոտման ծրագրով նախատեսված տվյալներն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում հանձնաժողովն ընդունում է անձին հաշմանդամ ճանաչելու կամ մերժելու մասին որոշում:

16. Հաշմանդամության սահմանման սկիզբ է համարվում հաշմանդամ ճանաչելու մասին անձի դիմումը և բժշկասոցիալական փորձաքննության համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնելու օրը:

17. Հաշմանդամության 1-ին խումբը սահմանվում է երկու, իսկ 2-րդ և 3-րդ խմբերը` մեկ տարի ժամկետով: Մանկուց հաշմանդամ երեխայի կարգավիճակ տրվում է 2 տարի ժամկետով կամ երեխայի մինչև 16 տարին լրանալը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատած բժշկական ցուցումների:

18. Հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակային տարիքի հասած անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատած դասակարգումների ու հաշմանդամության խմբերի որոշման չափանիշներին համապատասխան:

19. Հաշմանդամության պատճառներն են`

ա) ընդհանուր հիվանդությունը.

բ) մանկուց հաշմանդամությունը.

գ) աշխատանքային խեղումը.

դ) մասնագիտական հիվանդությունը.

ե) երկրաշարժը և այլ աղետներ.

զ) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդությունը կամ վնասվածքը.

է) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ ստացած հիվանդությունը կամ վնասվածքը.

ը) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ստացած հիվանդությունը կամ վնասվածքը.

թ) զինվորական ծառայության ժամանակ ստացած հիվանդությունը կամ վնասվածքը.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր:

Այն դեպքում, երբ փաստաթղթերում բացակայում են մասնագիտական հիվանդության, աշխատանքային խեղման, զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդության կամ վնասվածքի, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հանգամանքների վերաբերյալ տվյալները, հանձնաժողովը հաշմանդամության առաջացման պատճառ է սահմանում ընդհանուր հիվանդությունը:

20. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների կողմից անձի հաշմանդամ ճանաչման դեպքում հանձնաժողովը 10-օրյա ժամկետում մշակում է վերականգնողական անհատական ծրագիր, որը հաստատվում է հանձնաժողովի նախագահի կողմից և մեկ շաբաթվա ընթացքում ուղարկվում համապատասխան մարմին:

21. Անձի բժշկասոցիալական փորձաքննության տվյալները և հանձնաժողովի որոշումը գրանցվում են անձի քննության արձանագրության և նիստերի գրանցման մատյանում, որոնք նույն օրը ստորագրում են հանձնաժողովի անդամները և վավերացնում հանձնաժողովի կնիքով: Բժշկասոցիալական փորձաքննությանը մասնակցած խորհրդատուի եզրակացությունը, որոշման ընդունման համար հիմք հանդիսացող հիմնական տվյալներն ու փաստաթղթերը գրանցվում են քննման արձանագրության մեջ և կցվում դրան:

22. Հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության մասին որոշման քաղվածքը մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է անձի բնակության վայրի կենսաթոշակ նշանակող մարմին:

23. Համաձայն սահմանված կարգի` հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության փաստը հավաստող տեղեկանք և վերականգնողական անհատական ծրագիր: Տեղեկանքի և ծրագրի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:

Հաշմանդամ չճանաչված անձին, նրա պահանջով, տրվում է տեղեկանք քննության արդյունքների վերաբերյալ:

24. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում, անձին հաշմանդամ ճանաչելուց հետո, անաշխատունակության թերթիկում հաշմանդամության խմբի և այն սահմանելու օրվա կամ բուժումը շարունակելու թույլտվության մասին կատարվում է համապատասխան նշում:

 

III. Հաշմանդամի վերափորձաքննությունը

 

25. Հաշմանդամի վերափորձաքննությունն իրականացվում է սույն կարգի 17-րդ կետին համապատասխան:

26. Անժամկետ հաշմանդամ ճանաչված անձանց վերափորձաքննությունը կատարվում է բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու, հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքում կամ անձի դիմումի համաձայն:

27. Հաշմանդամության վաղաժամկետ վերափորձաքննություն անցկացվում է նաև առողջապահական հիմնարկի ուղեգրով, եթե վատթարացել է անձի առողջական վիճակը:

 

IV. Հանձնաժողովի որոշման բողոքարկումը

 

28. Անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը հանձնաժողովի որոշմանը չհամաձայնելու դեպքում մեկամսյա ժամկետում կարող է այն գրավոր բողոքարկել` հանրապետական հանձնաժողով ուղարկելու խնդրանքով դիմելով քննությունն իրականացնող հանձնաժողովին: Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացրած հանձնաժողովը առկա փաստաթղթերը դիմումն ստանալու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում դիմումի հետ միասին ուղարկում է հանրապետական հանձնաժողով:

29. Հանրապետական հանձնաժողովը քաղաքացու դիմումն ստանալուց հետո, ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացնում է անձի բժշկասոցիալական փորձաքննություն և ստացած արդյունքների հիման վրա հաշմանդամության խմբի մասին ընդունում համապատասխան որոշում:

30. Անձը հանրապետական հանձնաժողովի որոշման հետ չհամաձայնելու դեպքում դիմում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն, որը կարող է կազմակերպել նրա վերափորձաքննությունը:

31. Անձը մյուս հանրապետական բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշմանը չհամաձայնելու դեպքում կարող է այն բողոքարկել դատական կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.03.2003, N 254-Ն 12.04.2003, N 684
14.11.2002, N 1822-Ն 21.12.2002, N 684
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան