040.0228 ա.27.06.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
27 հունիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 1997 թ. N 228 ա
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԱՅՐ (ՏՈՆԱՎԱՃԱՌ, ՇՈՒԿԱ ԵՎ ԱՅԼՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ) ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ) ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի կազմակերպման վայր (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպող ֆիզիկական անձանց (անհատ ձեռներեցների) և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումներ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի կազմակերպման վայր (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպող ֆիզիկական անձանց (անհատ ձեռներեցների) և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումների հաշվարկման ու վճարման կարգը (կցվում է):
3. Ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից առևտրի կազմակերպման վայրերում գործունեություն իրականացնելու համար կազմակերպիչներին վճարվող վարձակալական վճարների գումարներն առևտրի կազմակերպման վայրերի մեկ քառակուսի մետրի հաշվով ամսվա համար սույն որոշմամբ հաստատված կարգում նշված հաստատագրված վճարումների գումարների հնգապատիկը գերազանցելու դեպքում սույն որոշմամբ հաստատագրված կարգի 5-7-րդ կետերի համապատասխան հաշվարկված հաստատագրված վճարումների գումարներն ավելացվում են 80 տոկոսով:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի «Անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման կարգի մասին» N 300 և 1993 թվականի մայիսի 20-ի «Պետական գրանցում ստացած անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաների սահմանման մասին» N 253 որոշումների գործողությունը եկամտահարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկման առումով չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի կազմակերպման վայր (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպող անհատ ձեռներեցների և անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների վրա:
5. Առևտրի կազմակերպման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) համար վճարվող շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումների կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը:
6. Սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ հրահանգները, պարզաբանումները սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
7. Սույն որոշման հրապարակումից մեկշաբաթյա ժամկետում հաստատագրված վճարումներ կատարողները պարտավոր են իրենց գրանցման վայրի հարկային տեսչության մարմիններ ներկայացնել սույն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան անհրաժեշտ ելակետային տվյալները:
8. Սույն որոշման համաձայն հաստատագրված վճարումներ կատարողներն այդ ժամանակաշրջանի համար շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարային մուծումներ չեն կատարում:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԱՅՐ (ՏՈՆԱՎԱՃԱՌ, ՇՈՒԿԱ ԵՎ ԱՅԼՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ) ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ) ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի կազմակերպման վայր (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպող ֆիզիկական անձանց (անհատ ձեռներեցների) և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից) համար սահմանված շահութահարկին (եկամտահարկին) և ավելացված արժեքի հարկին համարժեք միասնական հաստատագրված վճարումների (այսուհետև` հաստատագրված վճարումներ) հաշվարկման ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը:
Ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից առևտրի կազմակերպման վայրերում գործունեություն իրականացնելու համար կազմակերպիչներին վճարվող վարձակալական վճարների գումարների առևտրի կազմակերպման վայրերի մեկ քառակուսի մետրի հաշվով ամսվա համար սույն կարգում նշված հաստատագրված վճարումների գումարների հնգապատիկը գերազանցելու դեպքում սույն կարգի 5-7-րդ կետերին համապատասխան հաշվարկված հաստատագրված վճարումների գումարներն ավելացվում են 80 %-ով:
2. Առևտրի կազմակերպման վայրը (տոնավաճառ, շուկա և այլն) որոշակի կահավորանքով կամ առանց կահավորանքի, ֆիզիկական անձանց (անհատ ձեռներեցների) և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին (այսուհետև` առևտուր իրականացնողներ) առևտրական գործունեություն իրականացնելու (ծավալելու), ինչպես նաև սեփական արտադրության արտադրանքի, այլ ապրանքների վաճառքի համար վարձավճարի դիմաց սահմանված չափերի մակերեսների (տարածքների) տրամադրման վայր է:
3. Առևտրի կազմակերպման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպիչներ են հանդիսանում այն ֆիզիկական անձինք (անհատ ձեռներեցները) և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետև` կազմակերպիչներ), որոնք սեփականության, ինչպես նաև ժամանակավոր կամ մշտական օգտագործման իրավունքով իրենց պատկանող կամ վարձակալած տարածքներում սույն կարգի 2-րդ կետի պայմաններին համապատասխան կազմակերպում են գործունեություն:
4. Կազմակերպիչներն առևտրի կազմակերպման վայրում (տոնավաճառ, շուկա և այլն) առևտուր իրականացնողներին տարածքներ (տեղեր) տրամադրելիս գործող կարգի համաձայն կազմում են համապատասխան փաստաթղթեր:
II. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
5. Առևտրի կազմակերպման վայրի ընդհանուր (հատկացված) մակերեսը, Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը և ամսվա ընթացքում կազմակերպչի կողմից գործունեության իրականացման օրերը (օրերի թիվը) հանդիսանում են ելակետային տվյալներ:
Կազմակերպիչների համար հաստատագրված վճարման օրական մեծություններ սահմանում է առևտրի կազմակերպման վայրի ընդհանուր (հատկացված) մակերեսի (քառակուսի մետրերով) և Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 8 տոկոսի արտադրյալին հավասար գումարի չափով:
6. Երևան քաղաքում և Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում (Վաղարշապատի խճուղու և «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի երթևեկելի մասերում) սույն կարգի համաձայն կազմակերպվող առևտրի կազմակերպման վայրերի համար սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված հաստատագրված վճարումների գումարներն ավելացվում են 25 տոկոսով:
7. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների, աղետի գոտու, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի*, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղերի** համար հաստատագրված վճարման օրական մեծությունը սահմանվում է առևտրի կազմակերպման վայրի ընդհանուր (հատկացված) մակերեսի (քառակուսի մետրերով) և Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 4 տոկոսի արտադրյալին հավասար գումարի չափով:
8. Կազմակերպիչները հաստատագրված վճարումների հաշվարկումն իրականացնում են ինքնուրույն` սույն կարգի 1-ին, 5-7-րդ կետերին համապատասխան:
9. Հաստատագրված վճարումների գումարի մուծումը կատարվում է ամեն ամսվա համար` մինչև հաջորդ ամսվա 25-ը:
Հետագա ժամանակաշրջանում ելակետային տվյալներում փոփոխություններ լինելու կամ գործունեության դադարեցման (այդ թվում` ժամանակավոր), ինչպես նաև գործունեության սկսման (վերսկսման) դեպքերում կազմակերպիչները համապատասխան փոփոխություններ են կատարում հաստատագրված վճարումների հաշվարկներում` դրա մասին նախօրոք գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին:
Ելակետային տվյալները (դրանց փոփոխությունները) գրանցվում են (վերագրանցվում են) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմնում` խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող անձնական քարտերում:
Ելակետային տվյալները Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունում պարտադիր վերագրանցվում են տարեկան երկու անգամ` հունվարի 1-ի և հուլիսի 1-ի դրությամբ: Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ ելակետային տվյալների մասին այլ տեղեկություններ չներկայացվելու դեպքում յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարումների չափը հաշվարկվում է նախորդ տարվա (վերջին) հաստատագրված վճարումների հաշվարկման համար հիմք ընդունված ելակետային տվյալների կիրառմամբ` բացառությամբ օրերի թվի, որն ընդունվում է ամսվա օրացուցային օրերի թվին հավասար:
10. Կազմակերպիչը սույն կարգի համաձայն հաստատագրված վճարումներով հարկվող գործունեության գծով արտադրությանը և շրջանառությանը վերաբերող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարված ավելացված արժեքի հարկի գումարները միացնում են արտադրության և շրջանառության ծախքերին:
11. Գործունեության մի քանի տեսակներ իրականացնելու դեպքում սույն կարգին համապատասխան հաստատագրված վճարումներ կատարող կազմակերպիչները վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում, որի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության, շահույթի (եկամտի) ընդհանուր գումարը հարկման նպատակով նվազեցվում է նույն ժամանակաշրջանում հաստատագրված վճարումներով հարկվող գործունեության իրականացումից ստացված իրացման շրջանառության, շահույթի (եկամտի) գումարի չափով: Առանձնացված հաշվառման վարման արդյունքներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ ներկայացվող հարկային հաշվարկների (հայտարարագրերի) մեջ:
Կազմակերպիչները գործունեության մյուս տեսակների համար հարկերն ու այլ պարտադիր վճարումները հաշվարկում և վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
12. Կազմակերպիչների համար հաստատագրված վճարումներով հարկվող գործունեության մասով կասեցվում են շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները:
13. Շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումների մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40, իսկ շահութահարկի (եկամտահարկի) հաշվարկային մեծությունը` 60 տոկոսի չափով:
III. ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
14. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Սույն կարգի պահանջների խախտումներ են համարվում, մասնավորապես, ելակետային տվյալների անհամապատասխանությունը, ինչպես նաև մինչև հաստատագրված վճարումներով հարկվող գործունեություն սկսելու (վերսկսելու) գործունեություն սկսելու (վերսկսելու) մասին Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմնին չտեղեկացնելը:
__________________
* Աղետի գոտու, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի որոշման համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 25-ի N 636 և 1993 թվականի հունիսի 16-ի N 306 որոշումներով հաստատված ցանկերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:
** Հիմք են ընդունվում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածի` Հայաստանի Հանրապետության համայնքների և բնակավայրերի ցանկում նշված գյուղերը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.11.1998, N 708 | 10.12.1998, N 228 ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|