Գլխավոր տեղեկություն
Համար
N 63
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.03.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.24/16(471)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.02.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող
Վավերացման ամսաթից
06.02.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության Նախագահի
պաշտոնակատար Ռ. Քոչարյան
6 փետրվարի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 1998 թվականի N 63
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 568 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի, դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման միասնական ստանդարտների հաստատման մասին» N 568 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը

ա) որոշմամբ հաստատված ստանդարտներից հանել 6-րդ կետը.

բ) ստանդարտները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր III բաժնով.

 

«III. Արժեթղթերի պատրաստմանը ներկայացվող պահանջները

 

15. Արժեթղթերի ձևաթղթերի (բլանկներ) պատրաստման համար օգտագործվող թուղթը

 

Արժեթղթերի ձևաթղթերը պետք է պատրաստված լինեն 80-120 գ/մ2 զանգված ունեցող թղթից, ունենան ջրանիշ և A4 կամ A5 չափսեր:

Արժեկտրոնային արժեթղթերի ձևաթղթերը պետք է ունենան A4+A5 կամ A4+1/2A4 կամ A5+1/2A5 չափերը:

Թղթի բաղադրությունը (կազմը) պետք է պարունակի բամբակյա և (կամ) վուշե թելիկներ, որոնց քանակը կախված է արժեթղթերի շրջանառության մեջ գտնվելու ժամկետից:

Մեկ տարուց պակաս գործողության ժամկետ ունեցող արժեթղթերը պետք է պարունակեն 10-25 տոկոս բամբակյա և (կամ) վուշե թելիկներ, իսկ մեկ տարուց ավելի գործողության ժամկետ ունեցող արժեթղթերը` 25-50 տոկոս բամբակյա և (կամ) վուշե թելիկներ:

 

16. Արժեթղթերի ձևաթղթերի պատրաստման համար օգտագործվող ներկերը

 

Արժեթղթերի ձևաթղթերը պետք է տպագրվեն պոլիգրաֆիական ներկերով, որոնց գունագեղական առանձնահատկությունները դժվարացնում են դրանց վերարտադրումը հայտնի լուսանկարչական և վերարտագրության (ռեպրոգրաֆիական) մեթոդներով: Արժեթղթերի ձևաթղթերի տպագրության համար կարող են օգտագործվել հատուկ ներկեր, որոնց ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո ունեն տեսանելի լուսարձակում:

 

17. Արժեթղթերի ձևաթղթերի տպագրության եղանակները

 

Արժեթղթերի ձևաթղթերի (այդ թվում` նաև կիսապատրաստվածքների լրատպագրման) համար կարող են կիրառվել հետևյալ տպագրական եղանակները`

ա) օֆսետային,

բ) մետաղաբանական (մետալոգրաֆիական),

գ) ուռուցիկ,

դ) բարձր,

ե) օրլովյան:

Յուրաքանչյուր ձևաթուղթ պետք է պատրաստված լինի երկուսից ոչ պակաս տպագրական եղանակով:

 

18. Արժեթղթերի ձևաթղթերի պաշտպանվածությունը

 

Արժեթղթերի ձևաթղթերն իրենց արտաքին տեսքով պետք է ունենան ամենաքիչը երեք գիլիոշիրային տարրեր, որոնցից մեկն ունի գծերի պոզիտիվ, իսկ մյուսները` նեգատիվ օգտագործում:

Խորքային (ֆոնային) ցանցերի գունավոր գամման արժեթղթերը պետք է պաշտպանի ֆոտոբաժանումից:

Արժեթղթերի ձևաթղթերի խորքային ցանցերի տպագրությունը համարվում է պարտադիր, անկախ այն բանից` արժեթղթեր պատրաստող կազմակերպությունը դրանք պատրաստում է ամբողջությամբ, թե կիսապատրաստվածք ձևաթղթերը լրացնելու միջոցով: Բացառություն են կազմում կիսապատրաստվածքների եզրերը, որոնք ունեն խորքային ցանց:

Խորքային ցանցերն իրենց չափային բնութագրերով և գույներով չպետք է կրկնօրինակվեն և արտատպվեն:

Միկրոտեքստի տպագրությունը համարվում է պարտադիր, որը կատարվում է օֆսետային եղանակով. պոզիտիվ օգտագործման դեպքում այն պետք է ունենա 200-250 միկրոն, իսկ նեգատիվ օգտագործման դեպքում` 250-300 միկրոն տպատառի (շրիֆտ) բարձրություն:

Յուրաքանչյուր թողարկողի համար արժեթղթերի ձևաթղթերը պետք է ունենան անհատական դիզայն: Արժեթղթերի ձևաթղթերի միասնականացված (ունիֆիկացված) կիսապատրաստվածքների օգտագործման դեպքում դրանց անհատականացումն ապահովվում է տեքստային բովանդակությամբ, համարակալմամբ, քիմիական պաշտպանվածության տարրերով կամ անհատական գիլիոշիրային տարրերի օգտագործմամբ»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան