Գլխավոր տեղեկություն
Համար
N 624
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.1998-08.06.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.17/25(200)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.1998

040.0624.12.10.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 1998 թվականի N 624
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 և 26 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողություն իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 12-ի N 624 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողության խնդիրներն ու իրականացման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` քաղաքաշինական պետական տեսչության միջոցով` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավասությունների սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողությունն իրականացնում են համապատասխան մարզպետները (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը)` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ու «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրերով սահմանված իրավասությունների սահմաններում:

4. Սույն կարգի դրույթները տարածվում են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` քաղաքաշինական գործունեության օբյեկտների և սուբյեկտների վրա:

 

II. Քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողության խնդիրները

 

5. Պետական վերահսկողության են ենթակա քաղաքաշինական գործունեության բոլոր փուլերը` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պահանջների իրականացում, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկում, ճարտարապետահատակագծային առաջադրանքների և նախագծման տեխնիկական պայմանների տրամադրում կառուցապատողներին, ճարտարապետաշինարարական նախագծերի համաձայնեցում, փորձաքննություն ու հաստատում, շինարարության (քանդման) թույլտվություն, շինարարության իրականացում, հեղինակային ու որակի տեխնիկական հսկողություն, շինարարության ավարտական ակտի ձևակերպում, շենքերի ու շինությունների շահագործում:

6. Քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողության խնդիրներն են`

ա) քաղաքաշինական գործունեությունը կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարման ապահովումը քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից.

բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պահանջների կատարման ապահովումը.

գ) աշխատանքներ իրականացնող սուբյեկտների կողմից քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման ապահովումը.

դ) բնակավայրերի և այլ գործառական տարածքների հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինության նպատակով օգտագործումը.

ե) շենքերի և շինությունների շինարարության (քանդման) և շահագործման ընթացքում բնակչության ու շրջակա միջավայրի անվտանգության ապահովումը.

զ) ինքնակամ շինարարության (քանդման) կանխարգելումն ու կասեցումը, դրա հետևանքների սահմանված կարգով վերացումը:

7. Քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողությունն իրականացվում է տեսչական, պլանային, ընթացիկ և ըստ անհրաժեշտության ստուգումների միջոցով:

 

III. Տեսչական ստուգումների իրականացման կարգը

 

8. Տեսչական ստուգումներն անցկացվում են քաղաքաշինական պետական տեսչության կողմից մարզպետարանների քաղաքաշինական բաժիններում (վարչություններում), մարզային ենթակայության ձեռնարկություններում ու կազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» և «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրերին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 19-ի «Հանրապետական գործադիր մարմինների կողմից մարզպետարանների համապատասխան բաժինների, մարզային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեության տեսչական ստուգումների մասին» N 257 որոշմամբ հաստատված կարգով:

9. Տեսչական ստուգման առաջադրանքը կազմում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը`  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի հիման վրա:

10. Տեսչական ստուգման արդյունքում կազմվում է արձանագրություն, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը 10-օրյա ժամկետում որոշում է`

ա) արձանագրությունն ընդունել ի գիտություն.

բ) դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված պաշտոնատար անձանց` իրենց զբաղեցրած պաշտոններից ազատելու վերաբերյալ համապատասխան մարզպետին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին) հաղորդում ներկայացնելու վերաբերյալ առաջարկությամբ.

գ) քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված անձանց նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակել վարչական տույժեր.

դ) հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններ` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար.

ե) պարտադիր կատարման համար տալ հրահանգ կամ ցուցում` քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով:

 

IV. Պլանային ստուգումների իրականացման կարգը

 

11. Պլանային ստուգումներն անցկացվում են մարզպետների (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) որոշմամբ ստեղծված հանձնաժողովների կողմից` քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեությունը վերահսկելու նպատակով:

12. Պլանային ստուգումներն անցկացվում են յուրաքանչյուր համայնքում` տարեկան մեկ անգամ` մարզպետի կողմից հաստատված ժամկետացանկին և ստուգման առաջադրանքին համապատասխան:

13. Պլանային ստուգումները կարող են տևել ոչ ավելի, քան երկու օր: Լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտություն առաջանալիս` ստուգումների ժամկետը մարզպետի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս երկու օրով` դրա մասին տեղեկացնելով համապատասխան համայնքի ղեկավարին:

14. Պլանային ստուգման արդյունքում կազմվում է արձանագրություն և ներկայացվում մարզպետին, որի հիման վրա մարզպետը 10-օրյա ժամկետում որոշում է`

ա) արձանագրությունն ընդունել ի գիտություն.

բ) դիմել համապատասխան համայնքի ղեկավարին` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված պաշտոնատար անձանց` իրենց զբաղեցրած պաշտոններից ազատելու վերաբերյալ առաջարկությամբ.

գ) դիմել քաղաքաշինական պետական տեսչություն` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված պաշտոնատար անձանց նկատմամբ վարչական տույժեր նշանակելու վերաբերյալ առաջարկությամբ.

դ) հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններ` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար.

ե) պարտադիր կատարման համար տալ հրահանգ կամ ցուցում` քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով.

զ) համայնքների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները գանգատարկել դատարանում:

15. Պլանային ստուգման արդյունքում կազմված արձանագրության պատճենը 7-օրյա ժամկետում տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետին:

 

V. Ընթացիկ ստուգումների իրականացման կարգը

 

16. Ընթացիկ ստուգումներն անցկացվում են շինարարության օբյեկտներում` աշխատանքներ իրականացնող լիցենզավորված սուբյեկտների գործունեությունը վերահսկելու, իրականացվող շինարարության որակը, քաղաքաշինական փաստաթղթերի, իրավական ակտերի և նորմատիվ-տեխնիկական պահանջներին դրա համապատասխանությունն ապահովելու նպատակով:

17. Ընթացիկ ստուգումներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների պետերի տված ստուգման առաջադրանքին և հանձնարարաթերթին համապատասխան:

18. Ընթացիկ ստուգման արդյունքում կազմվում է արձանագրություն (խախտումների հայտնաբերման դեպքում), որում նշվում և ամրագրվում են ստուգվող օբյեկտի հասցեն ու բնույթը, շինարարության (քանդման) թույլտվություն տվող իրավասու մարմինը, շինարարություն, հեղինակային ու տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտները, համապատասխան լիցենզիաների առկայությունը և դրանց համարները, շինարարության վարման ընդհանուր մատյանի առկայությունը և գրանցումների համապատասխանությունը գործող կարգին, փորձարկումների, ծածկված ու միջանկյալ աշխատանքների ընդունման ակտերի առկայությունն ու լիարժեքությունը, շինարարական-մոնտաժային աշխատանքներում հայտնաբերված` քաղաքաշինական նորմերի (կանոնների, ստանդարտների) խախտումներն ու դրանց համար պատասխանատու անձինք:

19. Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տրվող ցուցումները, որպես հավելված, կցվում են արձանագրությանը:

20. Արձանագրության հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետը 10-օրյա ժամկետում որոշում է`

ա) արձանագրությունն ընդունել ի գիտություն.

բ) քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված` աշխատանքներ իրականացնող սուբյեկտների նկատմամբ նշանակել վարչական տույժեր` իր իրավասության սահմաններում.

գ) դիմել քաղաքաշինական գործունեության լիցենզավորման իրավասու մարմին` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված` աշխատանքներ իրականացնող սուբյեկտների համապատասխան լիցենզիաների գործողության կասեցման կամ դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկությամբ.

դ) հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններ` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար.

ե) պարտադիր կատարման համար տալ հրահանգ կամ ցուցում` քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով:

21. Ընթացիկ ստուգումների արդյունքում կայացված որոշումը 7-օրյա ժամկետում տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչին` հաստատման:

Հաստատված որոշման պատճենը 7-օրյա ժամկետում ուղարկվում է համապատասխան մարզպետին (Երևանի քաղաքապետին):

 

VI. Ըստ անհրաժեշտության ստուգումների իրականացման կարգը

 

22. Ըստ անհրաժեշտության ստուգումներն անցկացվում են քաղաքաշինական տեսչության և մարզպետների (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) կողմից:

23. Քաղաքաշինական տեսչությունը կարող է ըստ անհրաժեշտության ստուգումներ անցկացնել`

ա) մարզպետարաններում` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքեր հայտնաբերելիս.

բ) տեղական ինքնակառավարման մարմիններում` համապատասխան մարզպետարաններում տեսչական ստուգման ընթացքում անհրաժեշտություն առաջանալիս (փաստաթղթերի համադրում, ընդունված որոշումների կատարման վերահսկողություն և այլն).

գ) կառուցվող ու շահագործվող շենքերում ու շինություններում` վթարային և մարդկանց ու շրջակա միջավայրի անվտանգությանն սպառնացող իրավիճակներում, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքների, հասարակական կազմակերպությունների, հեղինակային ու տեխնիկական հսկողություն իրականացնողների, քաղաքաշինական գործունեության լիցենզավորման իրավասու մարմնի, այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումների (դիմումների) հիման վրա:

24. Մարզպետները կարող են ըստ անհրաժեշտության ստուգումներ անցկացնել տեղական ինքնակառավարման մարմիններում` համապատասխան համայնքի վարչական տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքեր հայտնաբերելիս, ինչպես նաև` քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա:

25. Ըստ անհրաժեշտության ստուգումները չեն կարող դուրս գալ ստուգման պատճառ հանդիսացող խնդրին առնչվող հարցերի շրջանակներից:

26. Ըստ անհրաժեշտության ստուգումները կարող են տևել ոչ ավելի, քան մեկ օր:

Վթարային և մարդկանց ու շրջակա միջավայրի անվտանգությանն սպառնացող իրավիճակներում ստուգումները կարող են շարունակվել մինչև վթարի կամ վտանգի վերացումը:

27. Ըստ անհրաժեշտության ստուգման արդյունքում կազմվում է արձանագրություն, որում նշվում են ստուգման հիմքերն ու ժամանակը, ստուգվող օբյեկտը (սուբյեկտը), ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք), բացահայտված խախտումների պատճառներն ու դրանց համար պատասխանատու անձինք:

28. Արձանագրությունը կազմվում է 3 օրինակից, որոնցից երկրորդ օրինակը տրվում է ստուգվող սուբյեկտին (ստուգվող օբյեկտի պատասխանատու անձին), իսկ երրորդը` համապատասխան մարզպետին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին):

29. Ըստ անհրաժեշտության ստուգման արձանագրության հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը կամ համապատասխան տարածքային ստորաբաժանման պետը կարող է ընդունել որոշում` սույն կարգի համապատասխանաբար 10-րդ և 20-րդ կետերին, իսկ մարզպետը` սույն կարգի 14-րդ կետին համապատասխան:

30. Սույն կարգով նախատեսված արձանագրությունների, ստուգման առաջադրանքների և պարտադիր կատարման համար տրվող ցուցումների ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Շ. Կարամանուկյան