«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 1997 թվականի N 485
քաղ. Երևան
ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի օգոստոսի 15-ի «Միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկումը բարելավելու միջոցառումների մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկումը բարելավելու ծրագիրը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`
ա) մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ընդունել սույն որոշմամբ հաստատված միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկումը բարելավելու ծրագրի իրականացման ապահովմանն ուղղված համապատասխան գերատեսչական նորմատիվ ակտեր.
բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման խնդիրներին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը.
գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակել սույն որոշմամբ հաստատված միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկումը բարելավելու ծրագրի իրականացման ապահովման միջոցառումներ և հաստատել մատուցվող ծառայությունների հաշվառման ձևը.
դ) մինչև հաջորդ տարվա մարտի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության միայնակ տարեցների և հաշմանդամների հիմնահարցերի վերաբերյալ ամենամյա զեկուցագիր` Հայաստանի Հանրապետության Նախագահին համապատասխան զեկուցագիր ներկայացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 4-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ
Սույն ծրագիրը նախատեսված է միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկումը բարելավելու համար:
I. Ծրագրի նպատակները
Միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկումը բարելավելու ծրագրի (այսուհետև` ծրագիր) հիմնական նպատակներն են`
ա) միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկման բարելավումն ու ընդլայնումը.
բ) տնային պայմաններում սոցիալական սպասարկման հարցերով զբաղվող առանձին կազմակերպությունների աշխատանքների համակարգումը (տեղեկանքը կցվում է).
գ) տնային պայմաններում սոցիալական սպասարկման կարիք ունեցող բոլոր միայնակ տարեցների և հաշմանդամների համար սպասարկման անհրաժեշտ մակարդակի ապահովումը.
դ) տնային պայմաններում կենցաղային, իրավաբանական, բժշկական և սոցիալ-հոգեբանական օգնության կազմակերպումը` ապահովելով սոցիալական սպասարկման մատչելիությունը:
II. Տնային պայմաններում սոցիալական սպասարկման իրականացման կարգը
Տնային պայմաններում սոցիալական սպասարկումն իրականացվում է ինքնասպասարկման և տեղաշարժման ունակության սահմանափակման հետևանքով իրենց հիմնական կենսական պահանջները բավարարելու հնարավորությունից մասամբ կամ լրիվ զրկված հետևյալ անձանց համար`
75-ից բարձր տարիք ունեցող, միայնակ բնակվող քաղաքացիներ.
միայնակ բնակվող 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ.
75-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներից կամ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներից
բաղկացած ընտանիքներ, որոնց կազմում չկան չափահաս, աշխատունակ անդամներ:
Տնային պայմաններում սոցիալական սպասարկումն իրականացվում է քաղաքացիների տված դիմումի հիման վրա` բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովի եզրակացության առկայության դեպքում:
Միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկումն իրականացվում է անվճար:
Նշված պայմանների բացակայության դեպքում միայնակ տարեցների և հաշմանդամների համար նրանց ցանկությամբ կազմակերպվում է վճարովի սոցիալական սպասարկում:
Տնային պայմաններում սոցիալական սպասարկման վճարովի ծառայությունների տեսակները և սակագները տարեկան մեկ անգամ սահմանում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
III. Տնային պայմաններում սոցիալական սպասարկման ծառայությունների տեսակները
Միայնակ տարեցների և հաշմանդամների համար տնային պայմաններում մատուցվում են սոցիալական սպասարկման ծառայությունների հետևյալ տեսակները`
1. Կենցաղային սպասարկում
ա) սպասարկվողի միջոցներով անհրաժեշտ ապրանքների գնումների կատարում, բնակարանի, կոմունալ ծառայությունների դիմաց վարձավճարների մուծումներ, ինչպես նաև բարեգործական ճաշարաններից, առանձին կազմակերպություններից մարդասիրական օգնության կարգով տրված սննդամթերքի և այլ ապրանքների տեղափոխում.
բ) տնային իրերի և կենցաղային առարկաների վերանորոգման, հագուստի քիմիական մաքրման և սպիտակեղենի լվացման աշխատանքների կազմակերպում.
գ) բնակարանի մաքրման և խոհանոցային աշխատանքների կատարում.
դ) ջեռուցման ապահովման և բնակարանի փոքրածավալ վերանորոգման հարցերում աջակցության ցուցաբերում.
ե) տուն-ինտերնատում տեղավորվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման գործում օժանդակում.
զ) ծիսակատարությունների կազմակերպում:
2. Իրավաբանական խորհրդատվություն
ա) բնակարանների սեփականաշնորհման, փոխանակման և կտակի կամ նվիրատվության ու այլ բնույթի փաստաթղթերի ձևակերպման գործում իրավաբանական օգնության կազմակերպում.
բ) գործող օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման համար աջակցության ցուցաբերում:
3. Բժշկական օգնություն
ա) անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնության կազմակերպում.
բ) բուժկանխարգելիչ հիմնարկներում տեղավորման գործում աջակցության ցուցաբերում.
գ) առաջին անհրաժեշտության դեղամիջոցներով և հիգիենիկ պարագաներով ապահովման կազմակերպում.
դ) առողջարանների, հանգստյան տների ուղեգրերի ձեռքբերման գործում օգնության կազմակերպում.
4. Սոցիալ-հոգեբանական օգնություն
ա) հոգեբանական օգնության կազմակերպում (տնային այցելություն, զրույց, հատուկ հեռախոսակապ, հոգեբանի մասնագիտական և, առանձին դեպքերում, հոգևորականների խորհրդատվություններ).
բ) գրքերով, թերթերով, ամսագրերով ապահովման, համերգներ, ցուցահանդեսներ այցելության հարցերում աջակցության ցուցաբերում:
IV. Ծրագրի իրականացումը
Ծրագիրն իրականացվում է հետևյալ 3 փուլով`
1. 1998 թվականից սկսած ծրագիրն իրականացվում է Երևանում, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակառուների սոցիալական սպասարկման կենտրոնի տնային պայմաններում սոցիալական սպասարկման բաժանմունքի միջոցով` սպասարկելով շուրջ 2000 կենսաթոշակառուի:
Աշխատանքները կազմակերպվում են համագործակցելով սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և թաղապետարանների հետ:
Խիստ սահմանափակ ինքնասպասարկման հնարավորություն ունեցող կամ ինքնասպասարկման հնարավորությունից իսպառ զուրկ անձանց տնային պայմաններում սոցիալական սպասարկման աշխատանքներում ներգրավվում են Հայկական կարմիր խաչի ընկերությունը և միայնակ տարեցների ու հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկման աշխատանքներով զբաղվող ոչ պետական կազմակերպությունները («Առաքելություն Հայաստան» բարեգործական միություն և այլն):
Սահմանափակ ինքնասպասարկման հնարավորություն ունեցող անձանց տնային պայմաններում սոցիալական սպասարկման աշխատանքներում ներգրավվում են կամավորները` հիմնականում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները (հետագայում` նաև այլ բուհերի ուսանողները), որոնք տնային պայմաններում միայնակ տարեցներին և հաշմանդամներին սպասարկում են ուսանողական տասնամսյա պրակտիկայի ընթացքում: Յուրաքանչյուր ուսանող սպասարկում է 2-3 անձի:
Ուսանողների կողմից իրականացվող նշված սոցիալական սպասարկման աշխատանքները ղեկավարում և համակարգում են տնային պայմաններում սոցիալական սպասարկման բաժանմունքի հաստիքային աշխատողները: Աշխատանքների նշված ձևով կազմակերպումը հնարավորություն է տալիս ընդլայնելու սպասարկումը` առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների:
2. 1999 թվականից սկսած ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Արարատ, Կապան, Ստեփանավան, Դիլիջան քաղաքներում` դրանց սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում համապատասխան ստորաբաժանումներ ստեղծելու միջոցով:
3. 2000 թվականից սկսած ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մնացած քաղաքներում և գյուղական բնակավայրերում:
1998-2000 թվականներին տնային պայմաններում սոցիալական սպասարկման աշխատանքները Երևանում կազմակերպվում են Երևանի կենսաթոշակառուների սոցիալական սպասարկման կենտրոնի տնային պայմաններում սոցիալական սպասարկման բաժանմունքների միջոցով` սերտորեն համագործակցելով սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների հետ (միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկումը բարելավելու ծրագրի իրականացման սխեման կցվում է): Նախատեսվում է 2000 թվականին միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկման աշխատանքներն աստիճանաբար հանձնել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին:
2000 թվականից սկսած տնային պայմաններում սոցիալական սպասարկման աշխատանքներն ամբողջովին դրվում են մարզերի (Երևան քաղաքի) ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների վրա:
Ծրագրի իրականացման ընթացքում ստեղծվում է տնային պայմաններում սոցիալական սպասարկման կարիք ունեցող միայնակ տարեցների և հաշմանդամների տվյալների բանկ` ըստ ներկայացվող հաշվառման ձևի (սպասարկվողի գրանցման քարտի ձևը կցվում է):
Ծրագրի իրականացման գործում համագործակցություն է կազմակերպվում Հայաստանի Հանրապետությունում գործող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ:
V. Ծրագիրն իրականացնողների ուսուցման կազմակերպումը
Միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկումն իրականացնող աշխատողների համար կազմակերպվում է համապատասխան ուսուցում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հիմքի վրա:
Սոցիալական սպասարկողների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ անցկացվում են պարբերաբար` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հաստատած ծրագրով և կարգով:
VI. Ծրագրի ֆինանսական ապահովումը
Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ոչ պետական միջազգային և տեղական, բարեգործական կազմակերպությունների ու առանձին բարեգործների միջոցների հաշվին (ծրագրի իրականացման 1-ին փուլի (1998 թվական) ֆինանսավորման վերաբերյալ տեղեկանքը կցվում է):
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
N N ը/կ | Սպասարկող կազմակերպության անվանումը | Սպասարկողների թիվը | Սպասարկվողների թիվը | Ֆինանսական ապահովումը | Սպասարկվող կազմակերպության հասցեն |
1. | Երևանի կենսաթոշակառուների սոցիալական սպասարկման կենտրոնի տնային պայմաններում սոցիալական սպասարկման բաժանմունք | 57 | 900 | Հայաստանի Հանրապետության պետական բյուջե | Երևան, Նորք, Ամառանոցային 197 ա |
2. | «Առաքելություն Հայաստան» բարեգործական միություն | 20 | 600 | Արտասահմանյան դոնոր կազմակերպություններ | Երևան, Եղբայրության 22/68 |
3. | Ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի վարչություն (Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների միջոցով) | 300 | 310 | Երևան, Կորյունի 19 ա | |
4. | Հայկական կարմիր խաչի ընկերություն | 35 | 400 | Միջազգային կարմիր խաչի կազմակերպություն | Երևան, Անտառային 188 |
Ս Խ Ե Մ Ա
ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼԻ (1998 ԹՎԱԿԱՆ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տնային պայմաններում սոցիալական սպասարկման ծառայության տեսակը | Թիվը | Տարեկան պահանջվող գումարը (հազ. դրամ) | |
Իրավաբանական ծառայություն | |||
իրավաբան (մեկական հաստիք` յուրաքանչյուր բաժանմունքում) | 2 | 240,0 | |
Բժշկական ծառայություն | |||
բժիշկ (մեկական հաստիք` յուրաքանչյուր բաժանմունքում) | 2 | 247,0 | |
բուժքույր (մեկական հաստիք` յուրաքանչյուր բաժանմունքում) |
2 |
223,0 | |
բժշկական սարքավորումներ և առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ | 3000.0 | ||
Հոգեբանական ծառայություն | |||
հոգեբան (երկուական հաստիք` յուրաքանչյուր բաժանմունքում) |
4 |
495,0 | |
Անհրաժեշտ տրանսպորտային միջոցներ | |||
ավտոմեքենա |
2 |
7000,0 | |
վարորդ (մեկական հաստիք` յուրաքանչյուր բաժանմունքում) |
2 |
250.0 | |
բենզինի և ավտոտեխսպասարկման ծախսեր |
1860,0 | ||
Անհրաժեշտ ֆինանսավորում`
|
13315,0 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|