«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 1998 թվականի N 519
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԲԵՐՔԻՑ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող հացահատիկի գնումների գործընթացը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 25-ի «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված գյուղատնտեսական ապրանքների վաճառքի վերաբերյալ համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման կարգի մասին» N 202 որոշման 1-ին կետի «ա» ենթակետի` թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից ներկրվող 90780 տոննան պարենային ցորենից 5,0 հազ. տոննա հատկացնել «Երևանի ալրաղաց գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` մեկ տոննան 200,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով, և պարտավորեցնել նրան գնել հանրապետությունում արտադրված համապատասխան քանակով հացահատիկ:
2. «Երևանի ալրաղաց գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից ցորենի իրացումից գոյացած միջոցները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հատուկ հաշվին փոխանցելու ժամկետ սահմանել մինչև 1998 թվականի հոկտեմբերի 15-ը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում «Երևանի ալրաղաց գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` ցորենի վերամշակումից և իրացումից գոյացած հասույթների հաշվին գնել հանրապետությունում արտադրված համապատասխան քանակով հացահատիկ ու դրա իրացումից գոյացած միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հատուկ հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 25-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|