ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
10 մայիսի 2010 թ. |
թիվ 2 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Զ» ԵՎ «Ժ» ԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը և հաշվի առնելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի «զ» և «ժ» կետերի պարզաբանման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է.
Օրենքի 3-րդ հոդվածի «զ» և «ժ» կետերով նախատեսված վճարահաշվարկային գործիքների՝ վճարային քարտերի քլիրինգը և պրոցեսինգն իրենց մեջ ի թիվս այլ ծառայությունների ներառում են սույն պարզաբանման 1-ից 10-րդ կետերով սահմանված ծառայությունները, որոնք մատուցվում են հանրային նշանակություն ունեցող համակարգի օպերատորին կամ նրա կողմից։ Համակարգը հանրային նշանակություն ունեցող է ճանաչվում, եթե համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մասին» թիվ 342-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մասին» ուղեցույցի 6-րդ կետին։
1. Վճարային փաստաթղթերի և վճարային քարտերով կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, մշակում և ուղարկում հաշվարկի մասնակիցներին, այդ թվում՝ վերջնահաշվարկի գծով դիրքերի ձևավորում,
2. վճարային քարտերի թողարկման նպատակով էմբոսինգի և կոդավորման իրականացման, ՊԻՆ ծրարների և կլիշեների ձևավորում,
3. քարտապանների կողմից գործառնություններ իրականացնելու արդյունքում ձևավորված էլեկտրոնային վճարային փաստաթղթերի ընդունում, կատարում և փոխանցում,
4. ապրանքներ վաճառողների, ծառայություններ մատուցողների, աշխատանքներ կատարողների (այսուհետ՝ ապրանքներ վաճառողներ) և քարտապանների նույնականացում,
5. էլեկտրոնային վճարային փաստաթղթերի ամբողջականության ստուգում և հավաստագրում,
6. հաշվարկային բանկին ուղղված էլեկտրոնային վճարային փաստաթղթերի փոխանցում և ներկայացում (մարշրուտիզացիա),
7. քարտապանների կողմից կատարված գործառնությունների արդյունքում ապրանքներ վաճառողներին վճարելու կամ վճարումը մերժելու վերաբերյալ հավաստագրման հարցումների և պատասխանների ընդունում և տրամադրում, այդ թվում՝ լիմիտների վարում,
8. ապրանքներ վաճառողներին ուղղված վճարումների կատարման կամ մերժման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում սպասարկող բանկին,
9. վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու նպատակով մասնագիտացված ծրագրային ապահովման արտոնագրերի և/կամ հավաստագրերի տրամադրում,
10. վճարային քարտերը սպասարկող սարքավորումների ծրագրային ապահովման և պրոցեսինգային կենտրոնների աշխատանքն ապահովող ծրագրերի և համակարգերի ուղեկցում։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2010 թ. մայիսի 11 ք. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|