Գլխավոր տեղեկություն
Համար
N 196
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.1999-21.04.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.15/9(75)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.1999

040.0196.31.03.99

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 1999 թվականի N 196
քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «DCA» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել ադամանդի հումք` ձեռքբերման 2,5 մլն ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժեքով, և այն հանձնել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարան:

2. Սահմանել «DCA» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը 1150000000 դրամ, որը համապատասխանում է 1150 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000000 դրամ անվանական արժեքով:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մինչև 1999 թվականի ապրիլի 3-ը սահմանված կարգով գրանցել «DCA» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը` կապված կանոնադրական կապիտալի նվազեցման հետ:

4. «Ամիո-Էքսկօ Հայաստան» աուդիտորական ընկերության կողմից գնահատված 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ 3697025 հազ. դրամ ակտիվներ ունեցող «DCA» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Ֆուրֆանո Լիմիթիդ» ընկերությանը (այսուհետև` գնորդ):

5. Սահմանել ընկերության մասնավորեցման գինը` 3,3 մլն ԱՄՆ-ի դոլար, որից 1,5 մլն ԱՄՆ-ի դոլարը ենթակա է վճարման մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ 1,8 մլն ԱՄՆ-ի դոլարը` մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը:

6. «DCA» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 63476 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 19386 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 6175 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 37915 հազ. դրամ:

7. Մասնավորեցման գինը վճարվում է ԱՄՆ-ի դոլարով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հատուկ հաշվին:

8. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «DCA» պետական փակ բաժնետիրական ընկերության համար կատարել հողահատկացում և մինչև 1999 թվականի ապրիլի 5-ը կնքել վարձակալության պայմանագիր 99 տարի ժամկետով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` մինչև 1999 թվականի ապրիլի 7-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել «DCA» պետական փակ բաժնետիրական ընկերության վարձակալության իրավունքը վարձակալված հողատարածքների նկատմամբ, ինչպես նաև շենքերի և շինությունների սեփականության իրավունքը:

10. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`

ա) գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր ընկերության ակտիվների և պարտավորությունների հաշվարկում հաշվի առնելով մինչև 1999 թվականի ապրիլի 1-ը ընկերության գործունեության արդյունքում կատարված փոփոխությունները հաստատված աուդիտորական ընկերության կողմից.

բ) պայմանագրում նախատեսել կետ, ըստ որի գնորդը կպարտավորվի շարունակել ադամանդի հումքի մատակարարմամբ իրականացվող օժանդակությունը` Հայաստանի Հանրապետությունում ադամանդի մշակմամբ զբաղվող «Փունջ» (քաղ. Երևան), «Ադամանդ-99» (քաղ. Երևան), «Ավա» (Վայոց ձորի մարզ, գ. Մալիշկա), «Ուրարտու» ձեռնարկություններին, ինչպես նաև մինչև 1999 թվականի վերջը սկսել և հետագա առնվազն 3 տարվա ընթացքում շարունակել ադամանդի հումքի մատակարարմամբ օժանդակությունը ևս երկու ձեռնարկության:

11. Թույլատրել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանին սույն որոշման 1-ին կետի համաձայն իրեն հանձնված ադամանդի հումքը 2,5 մլն ԱՄՆ-ի դոլարով վաճառել «Ֆուրֆանո Լիմիթիդ» ընկերությանը նշված գումարը հաշվեգրելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 31-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան