«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 1998 թվականի N 320
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 609 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի «Ֆիրմային անվանումների և ապրանքային նշանների մեջ որոշ անունների և անվանումների օգտագործման կարգը հաստատելու մասին» N 609 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ֆիրմային անվանման գրանցման հայտ ներկայացնելիս այդ անվանման մեջ «Հայաստան», «հայ», «հայկական», «հանրապետություն», «հանրապետական» բառերի և դրանց թարգմանությունների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունը թույլատրում է դրանց օգտագործումը ֆիրմային անվանման մեջ, եթե հայտին կից ներկայացվել է նաև այդպիսի թույլտվության համար նախատեսված տարեկան տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ:
Տարեկան տուրքի վճարման ժամկետի սկիզբը հաշվարկվում է թույլտվություն տալու օրվանից:
Սույն կետով նախատեսված թույլտվությունն ստանալուց հետո ֆիրմային անվանման մեջ համապատասխան բառերը և դրանց թարգմանությունները յուրաքանչյուր հաջորդ տարվա ընթացքում կարող են օգտագործվել միայն այդ տարվա համար նախատեսված պետական տուրքը նախօրոք վճարելու դեպքում:
Նշված բառերը ֆիրմային անվանումներում կարող են օգտագործվել առանց թույլտվության, եթե, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության եզրակացության համաձայն, դա պայմանավորված է միայն տվյալ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ֆիրմային անվանման մեջ Հայաստանի Հանրապետությունում գրանցված նրա հիմնադիր անվանման օգտագործման անհրաժեշտությամբ».
բ) հանել կարգի 3-րդ կետը.
գ) կարգի 7-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նշված անձանց մահվան և ժառանգներ չունենալու դեպքում նրանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարներն ու ֆաքսիմիլեներն ապրանքային նշանների մեջ կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության թույլտվությամբ»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |