040.0589.19.09.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 1998 թվականի N 589
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության անտառներում հրդեհային անվտանգության կանոնները (կցվում է):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության անտառներում հրդեհավտանգ ժամանակաշրջանն ընդգրկում է անտառում ձյունածածկի վերացման պահից մինչև նոր ձյունածածկ գոյանալը, իսկ առավել հրդեհավտանգ ժամանակաշրջանը` հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը:
3. Հայաստանի Հանրապետության անտառներում հրդեհային անվտանգության կանոնների վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
I. Հրդեհային անվտանգության ընդհանուր կանոնները
1. Հրդեհավտանգ ժամանակաշրջանում արգելվում է`
ա) փշատերև տնկարկներում, հին հրդեհատեղերում, ծառատապալ անտառամասերում, հատումների մնացորդներ և փայտանյութ թողնված հատատեղերում, չորացած խոտածածկով տեղերում, ինչպես նաև ծառերի սաղարթների տակ`
կրակ վառելը,
վառվող լուցկի և ծխախոտի մնացորդ գցելը,
որսի ժամանակ դյուրավառ կամ մարմանդ վառվող նյութերից պատրաստված խցկաններ օգտագործելը,
յուղով ներծծված կամ բենզինով, նավթով և այլ վառելանյութերով հագեցված լաթեր թողնելը,
ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լցավորելը, անսարք սնման համակարգ ունեցող մեքենաներ օգտագործելը, ինչպես նաև լցավորվող մեքենաների մոտ ծխելը կամ բաց կրակից օգտվելը,
բ) անտառային ֆոնդի խոտհարքներում չոր խոտ և խոզան հրդեհելը:
2. Առավել հրդեհավտանգ ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը և դրա համակարգի ձեռնարկությունները, համապատասխան տարածքային կառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում որոշակի անտառամասերում կարող են արգելել կրակ վառելը` այդ անտառամասերում համապատասխան ցուցանակ տեղադրելով և դրա մասին մամուլով ու զանգվածային լրատվության մյուս միջոցներով իրազեկելով բնակչությանը:
3. Անտառային ֆոնդի այլ տարածքներում կրակ վառելը թույլատրվում է միայն մեկ մետրից ոչ պակաս լայնությամբ հանքայնացված (մինչև հողի հանքային շերտը թաղիքից մաքրված) հրապարակներում: Կրակի անհրաժեշտությունը վերանալուց հետո այն պետք է խնամքով ծածկել հողով կամ հանգցնել ջրով` մինչև վերջնականապես մարելը:
4. Անտառային ֆոնդի տարածքում աշխատանքներ իրականացնողները պարտավոր են`
ա) ճանապարհ, գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման, կապի, ռադիոֆիկացման գծեր և հաղորդակցուղիներ կառուցելու ժամանակ, ըստ անտառատնտեսությունների սահմանած կարգի ու ժամկետների, հավաքել և անտառից դուրս բերել փայտանյութի բոլոր մնացորդներն ու դյուրավառ նյութերը.
բ) հրդեհավտանգ ժամանակաշրջանում աշխատանքներ իրականացնելու ընթացքում վառելանյութերն ու քսանյութերը պահել փակ տարաներում, դրանց պահպանման վայրերը մաքրել բուսական ծածկույթից, փայտանյութի մնացորդներից` տարածքը շրջափակելով 1,5 մետրից ոչ պակաս լայնությամբ հանքայնացված շերտով.
գ) պայթեցման աշխատանքներ կատարելու դեպքում դրանց իրականացման տեղի և ժամանակի մասին նախապես տեղյակ պահել անտառային տնտեսություն վարող համապատասխան ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին (այսուհետև` անտառատնտեսություն).
դ) աշխատանքների իրականացման վայրերում, օբյեկտներում կամ կուլտուր-մասսայական և այլ միջոցառումների իրականացման գոտիներում անտառային հրդեհների մարման համար պատրաստ վիճակում ունենալ անհրաժեշտ հակահրդեհային սարքավորումներ ու առաջին անհրաժեշտության գործիքներ (ջրով լի տակառներ, ավազով լի արկղեր, կրակմարիչներ, կացիններ, բահեր և այլն).
ե) հրդեհավտանգ ժամանակաշրջանում օժանդակել անտառատնտեսություններին և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին` անտառում աշխատանք կատարող անձանցից կամավոր հրշեջ ջոկատներ կազմակերպելու գործում:
5. Անտառներում աշխատանքներ կատարողները կամ օբյեկտներ ունեցողները, ինչպես նաև կուլտուր-մասսայական և այլ միջոցառումներ կազմակերպող պատասխանատու անձինք պարտավոր են բանվորներին, ծառայողներին, միջոցառումների մասնակիցներին անտառ մտնելուց առաջ հրահանգավորել անտառում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, անտառային հրդեհների կանխման, ինչպես նաև դրանց մարման եղանակների մասին:
II. Հրդեհային անվտանգության ապահովումն անտառահատման աշխատանքներ կատարելու ժամանակ
6. Անտառահատման աշխատանքներ կատարողները, անկախ անտառի հատման ձևերից և ժամանակից, պարտավոր են հատումից հետո հատատեղերը մաքրել փայտանյութի մնացորդներից: Յուրաքանչյուր առանձին դեպքում հատատեղի մաքրման եղանակները նշվում են անտառատնտեսությունների կողմից տրվող անտառահատման տոմսերում:
7. Բոլոր տեսակի հատումների ժամանակ անտառմթերողները պարտավոր են`
ա) կատարել հատատեղերի գարնանային լրացուցիչ մաքրում (եթե անտառի հատումն ու մաքրումը կատարվել է ձմռանը).
բ) հատումից հետո փայտանյութի մնացորդները դասավորել կույտերով կամ թմբերով (տեղափոխելու համար), կամ մանրացված վիճակում հավասարաչափ շաղ տալ հատատեղերում:
գ) հատված ծառերը հրդեհավտանգ ժամանակաշրջանում հատատեղերում թողնելու դեպքում մաքրել ճյուղերից և հավաքել դարսակներով:
III. Հրդեհային անվտանգության կանոններն անտառային տարածքներով անցնող երկաթուղային, ավտոմոբիլային ճանապարհների, էլեկտրահաղորդման, կապի, ռադիոֆիկացման գծերի ԵՎ խողովակաշարերի համար
8. Այն ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, որոնց տնօրինության տակ գտնվում են անտառային տարածքներով անցնող`
ա) երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ` պարտավոր են դրանց օտարման շերտերը մաքուր պահել թափուկից, փայտանյութի մնացորդներից և այլ դյուրավառ նյութերից.
բ) էլեկտրահաղորդման, կապի, ռադիոֆիկացման գծեր` պարտավոր են հրդեհավտանգ ժամանակաշրջանում ապահովել փայտասյուների և կայմերի անվտանգությունը` դրանք շրջափակելով հանքայնացված հողաշերտով.
գ) խողովակաշարեր` պարտավոր են ապահովել առանձնացման շերտի և պաշտպանական գոտու անվտանգությունը` խողովակաշարերի հորերի շրջակայքը հանքայնացնելով 2-2,5 մետր լայնությամբ հողաշերտով:
IV. Հրդեհային անվտանգության ապահովումը գիտահետազոտական, նախագծահետախուզական եվ այլ աշխատանքներ կատարելու ժամանակ
9. Հրդեհավտանգ ժամանակաշրջանում անտառի տարածքում գիտահետազոտական, նախագծահետախուզական և այլ աշխատանքներ կատարող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպություններն ու քաղաքացիները մինչև աշխատանքներն սկսելը պարտավոր են անտառատնտեսություններին իրազեկել աշխատանքների տեղամասերի, հիմնական բազաների տեղադրման վայրերի, երթուղիների ուղղությունների մասին:
V. Հրդեհային անվտանգության ապահովումն անտառներում կուլտուր-մասսայական եվ ռեկրեացիոն միջոցառումներ իրականացնելու ժամանակ
10. Անտառներում կուլտուր-մասսայական և ռեկրեացիոն միջոցառումներ իրականացնողները պարտավոր են միջոցառումների իրականացման վայրերում անտառատնտեսությունների ցուցումով կահավորել աղբ հավաքելու և խարույկ վառելու համար նախատեսված տեղերը:
VI. Հրդեհային անվտանգության ապահովումը գյուղատնտեսական նպատակով կատարվող այրումների ժամանակ
11. Անտառային ֆոնդի տարածություններին կից գյուղատնտեսական հանդակներում չոր խոտի, խոզանի այրումները կատարվում են վաղ գարնանը և ուշ աշնանը` այրման տեղի ու ժամանակի մասին տեղյակ պահելով համապատասխան անտառատնտեսություններին և կից հողօգտագործողներին:
12. Գյուղատնտեսական նպատակով այրումներ կատարողները պարտավոր են`
ա) այրում կատարելուց առաջ անտառային տեղամասերի սահմաններով հողը վարելու միջոցով ստեղծել 10 մետրից ոչ պակաս լայնությամբ հանքայնացված շերտեր.
բ) այրումը կատարել ոչ քամոտ եղանակին.
գ) այրումը կատարել տարածքի եզրամասերից կենտրոնի ուղղությամբ.
դ) այրման ժամանակ կրակն անտառում չտարածվելու նպատակով կազմակերպել անտառի սահմանի պահպանումը.
ե) այրումն ավարտելուց հետո հայտնաբերել և հանգցնել մնացած այրվող ու ծխացող օջախները:
VII. Հրդեհային անվտանգության ապահովումն անտառատնտեսությունների կողմից
13. Անտառատնտեսությունները պարտավոր են`
ա) հրդեհավտանգ ժամանակաշրջանում անտառների առավել հրդեհավտանգ տեղամասերում սահմանել պարետային ծառայություն, մշտական հսկողություն և հերթապահություն.
բ) անտառներում կառուցել հակահրդեհային մեկուսիչ գոտիներ, ճանապարհներ, պաշտպանական հանքայնացված շերտեր, ջրավազաններ, անտառները մաքրել փայտանյութի թափոններից և դյուրավառ նյութերից, իրականացնել հրդեհային անվտանգությունն ապահովող այլ անտառատնտեսական միջոցառումներ.
գ) հրդեհի մարման համար ունենալ անհրաժեշտ թվով կրակմարիչներ, վառելանյութի պահեստային անձեռնմխելի ֆոնդ, պատրաստի վիճակում պահել հակահրդեհային տեխնիկական, տրանսպորտային միջոցները.
դ) անտառում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների աշխատողների, բնակչության և դպրոցականների շրջանում բացատրական աշխատանքներ տանել կրակի հետ զգույշ վարվելու և հրդեհները մարելու հարցերի վերաբերյալ.
ե) առավել հրդեհավտանգ անտառային ճանապարհների երկայնքով տեղադրել անտառներում կրակի հետ զգույշ վարվելու և հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու մասին նախազգուշացնող ցուցանակներ.
զ) ստեղծել կրակ վառելու և աղբ հավաքելու կահավորմամբ հանգստի վայրեր.
է) հսկողություն իրականացնել անտառային ֆոնդի տարածքում ոչ անտառային գործունեությամբ զբաղվողների կողմից հակահրդեհային կանոնների պահպանման նկատմամբ.
ը) հրդեհների բռնկման դեպքում կազմակերպել հրդեհների մարման միջոցառումներ, հրդեհների մասին անհապաղ տեղյակ պահել համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:
VIII. Հրդեհային անվտանգության ապահովումն անտառային հրդեհները մարելու ժամանակ
14. Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և քաղաքացիներն իրենց մեղքով անտառում բռնկված հրդեհի դեպքում պարտավոր են իրենց ուժերով անհապաղ ձեռնարկել հրդեհի մարման միջոցներ և անհրաժեշտության դեպքում հրդեհի մասին տեղյակ պահել տվյալ անտառատնտեսությանը, համապատասխան տարածքային կառավարման մարմիններին:
15. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից անտառում բռնկված հրդեհի հայտնաբերման դեպքում նրանք պարտավոր են դրա մասին անհապաղ իրազեկել համապատասխան իրավասու մարմիններին:
IX. Պատասխանատվությունն անտառներում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար
16. Անտառներում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: