Գլխավոր տեղեկություն
Համար
N 525
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.1998-30.10.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.10/21(54)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

040.0525.25.08.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 1998 թվականի N 525
քաղ. Երևան

 

ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 1-ին կետին, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի պահանջներն ու նպատակ ունենալով ուժեղացնելու վերահսկողությունը հարկ վճարողների (այդ թվում` ֆիզիկական անձանց) կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի շրջանառության օրինականության նկատմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նյութական և ոչ նյութական ակտիվների, ապրանքանյութական պաշարների ձեռքբերման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջների սահմանման և այդ փաստաթղթերի կազմման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ`

ա) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները համարվում են բավարարված, եթե դրանք որպես ծախս հաշվեգրելու համար ակտիվների ձեռքբերման գծով իրականացված տնտեսական գործառնությունները հարկ վճարողի մոտ ձևակերպված են սկզբնական հաշվառման (հաշվապահական) փաստաթղթերով (հաշվարկային ու այլ փաստաթղթերով), և եթե ծախս ձևակերպող հարկ վճարողների մոտ փաստացի կատարված գործառնություններին վերաբերող առկա սկզբնական հաշվառման (հաշվապահական) փաստաթղթերն ունեն հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենքներով ու իրավական այլ ակտերով ծախսերի (ծախսումների) հավաստիության (հիմնավորվածության) նկատմամբ ներկայացվող պահանջներն ապահովելու համար անհրաժեշտ տվյալները և տարրերը, իսկ սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված` նյութական ու ոչ նյութական ակտիվների, ապրանքանյութական պաշարների, այլ ակտիվների ձեռքբերման դեպքում` նաև այլ անհրաժեշտ տվյալներ ու տարրեր.

բ) սույն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան կազմված ծախսերը հիմնավորող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չլինելու դեպքում, համարվում է նաև այլ հարկ վճարողի եկամուտները հիմնավորող փաստաթուղթ.

գ) սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.

դ) սույն որոշման դրույթները տարածվում են որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի վրա:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով` երկշաբաթյա ժամկետում հաստատել բանկային համակարգում սույն որոշմամբ հաստատված կարգի կիրառման առանձնահատկությունները:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշմամբ հաստատված կարգը կիրառելու նպատակով մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն փաստաթղթերի երաշխավորված ձևերի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
օգոստոսի 25-ի N 525 որոշմամբ

Կ Ա Ր Գ

 

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՈՒ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

I. Ծախսերը հիմնավորող փաստաթղթերին ներկայացվող պահանջները

 

1. Նյութական (և այլ համանման) ծախսերի հաշվեգրման համար նյութական ու ոչ նյութական ակտիվների (հիմնական միջոցներ, անավարտ կապիտալ ներդրում և այլն), ապրանքանյութական պաշարների (նյութեր, փոքրարժեք ու արագամաշ առարկաներ, անավարտ արտադրանք, պատրաստի արտադրանք, շրջանառության ծախսեր, ապրանքներ և այլն, այսուհետև` ակտիվ) ձեռքբերման (մուտքագրման, ընդունման) ժամանակ իրականացված գործարքները, գործառնությունները հավաստող փաստաթղթեր են համարվում` մասնավորապես, ապրանքատրանսպորտային բեռնագիրը, պահեստի ելքի անդորրագիրը (ապրանքագիրը), հաշիվ-ապրանքագիրը, ծառայությունների մատուցումն ու աշխատանքների կատարումը (այսուհետև` ծառայությունների մատուցում) հաստատող ակտը և այլ տիպի կատարողական փաստաթուղթը, ինչպես նաև մանրածախ առևտրի (ապրանքների ցուցադրման ու անմիջական վաճառքի այլ վայրի) և սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից տրված` ակտիվների (մատուցված ծառայությունների) գնման չեկը (այսուհետև սույն կետում նշված հավաստող փաստաթղթերի ամբողջությունն անվանվում է նաև հաշվարկային փաստաթուղթ):

2. Հաշվարկային փաստաթուղթը հարկ վճարողի իրականացրած գործարքը հաստատող` հարկման հիմք հանդիսացող (ծախսերը հիմնավորող) հաշվարկային փաստաթուղթ է, որում արտացոլված են (ներառված են ըստ էության) հետևյալ վավերապայմանները`

ա) հաշվարկային փաստաթղթի հերթական համարը և դուրսգրման ամսաթիվը.

բ) ակտիվներ առաքող (վաճառող, տրամադրող) կամ ծառայություն մատուցող հարկ վճարողի`

- իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումը, կնիք կամ դրոշմակնիք ունենալը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր լինելու դեպքում` հարկ վճարողի կնիքը կամ դրոշմակնիքը, գտնվելու վայրը (հասցեն), ղեկավարի (սահմանված դեպքերում այլ պաշտոնատար անձի կամ անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը,

- ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի, իսկ չափահաս և (կամ) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալու դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ստորագրությունը, իսկ անհատ ձեռներեց լինելու դեպքում` նաև «անհատ ձեռներեց» նշումը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունենալը պարտադիր լինելու դեպքում` հարկ վճարողի ՀՎՀՀ-ն.

գ) ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի`

- իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումը, կնիք կամ դրոշմակնիք ունենալը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր լինելու դեպքում` հարկ վճարողի կնիքը և (կամ) դրոշմակնիքը, գտնվելու վայրը (հասցեն), ղեկավարի (սահմանված դեպքերում` այլ պաշտոնատար անձի կամ անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը,

- ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի, իսկ չափահաս և (կամ) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալու դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ստորագրությունը, իսկ անհատ ձեռներեց լինելու դեպքում` նաև «անհատ ձեռներեց» նշումը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի հաշվառման համար ունենալը պարտադիր լինելու դեպքում` նաև հարկ վճարողի ՀՎՀՀ-ն.

դ) ակտիվների անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայությունների տեսակն ու ծավալը,

ե) ակտիվների միավորի գինը և ընդհանուր արժեքը կամ մատուցվող ծառայությունների սակագինն ու հատուցման ենթակա ընդհանուր գումարը:

 

II. ԾախսերԸ հիմնավորող հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջների առանձնահատուկ դեպքերը

 

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի առկայության, հաշվարկային փաստաթղթերում չնշված որոշ վավերապայմաններ պայմանագրում ներառված լինելու (հաշվարկային փաստաթղթերում այդ պայմանագրի, համարի և ամսաթվի վրա ուղղակիորեն հղում կատարած լինելու) դեպքերում սույն կարգի 2-րդ կետի «բ» և «ե» ենթակետերի պահանջները համարվում են բավարարված հաշվարկային փաստաթղթում բացակայող այդ որոշ վավերապայմաններն առկա պայմանագրերում արտացոլված լինելու դեպքում:

4. Ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջները բավարարված են համարվում նաև այն դեպքերում, եթե`

ա) ակտիվներ առաքող (վաճառող, տրամադրող) հարկ վճարողի եկամուտները հիմնավորված համարվելու համար` հաշվարկային փաստաթղթերում առկա են սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ», «դ», «ե» ենթակետերով նախատեսված վավերապայմանները և ակտիվներ ստացող (գնող) հարկ վճարողի կնիքն ու ՀՎՀՀ-ն.

բ) ակտիվներ ստացող (գնող) հարկ վճարողի ծախսերը հիմնավորված համարվելու համար` հաշվարկային փաստաթղթերում առկա են սույն կարգի 2-րդ կետի «ա», «գ», «դ», «ե» ենթակետերով սահմանված վավերապայմանները և ակտիվներ առաքող հարկ վճարողի կնիքն ու ՀՎՀՀ-ն:

5. Մանրածախ առևտրի (ապրանքների ցուցադրման ու անմիջական վաճառքի) այլ վայրի և սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների տրամադրած ապրանքների (մատուցած ծառայությունների) վերաբերյալ հաշվարկային փաստաթղթերը (մասնավորապես, գնման չեկերը, կտրոնները) ընդունվում են որպես հարկ վճարողի ծախսերը հիմնավորող փաստաթղթեր (բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի)` դրանցում արտացոլված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան 50,0 հազ. դրամը, եթե դրանք պարունակում են սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ», «դ», «ե» ենթակետերում նշված տվյալները: Այդ դեպքում սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված տվյալները և տարրերը լրացվում են ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից ինքնուրույնաբար` ակտիվները մուտքագրելուց (ծառայությունների ընդունումը ձևակերպելուց) առաջ:

Տարվա ընթացքում ակտիվներ առաքող (ծառայություն մատուցող) նույն հարկ վճարողից գնումների (ձեռքբերումների) գումարը (ներառյալ անուղղակի հարկերը) մեկ մլն դրամը գերազանցելու դեպքում մեկ մլն դրամը գերազանցող գումարի մասով կազմվում է հաշվարկային փաստաթուղթ:

Հաշվարկային փաստաթուղթ դուրս է գրվում (լրացվում է) նաև ակտիվ կամ ծառայություն ստացողի պահանջի դեպքում` անկախ գումարի չափից:

 

III. Ծախսերը հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված չլինելը

 

6. Ծախսերը հաշվարկային փաստաթղթերով հարկման նպատակով հիմնավորված չեն համարվում (և, համապատասխանաբար, հարկային պարտավորությունը հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով հաշվարկելու համար անհրաժեշտ չափով հիմք չեն հանդիսանում), եթե էականորեն խախտվել են սույն կարգի 2-րդ և 5-րդ կետերի պահանջները:

 

IV. Ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը կազմելը (լրացնելը)

 

7. Ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը կազմվում են առնվազն երկու օրինակից (օրենսդրությամբ, մասնավորապես, բանկային գործառնությունները կարգավորող, նախատեսված լինելու դեպքերում` նաև ավելի), որոնք պետք է լինեն նույնական (առանձին-առանձին կնքված կամ դրոշմակնքված ու ստորագրված): Դրա մի օրինակը պետք է գտնվի ապրանքն առաքող կամ ծառայությունը մատուցող հարկ վճարողի, իսկ մյուսը` ապրանքներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի մոտ: Գործարքի իրականացման պահին բնօրինակի չտրամադրման դեպքում այն ուղարկվում է փոստով:

8. Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարող հանդիսացող անձանց միջև ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը լրացվում են հայերեն: Գնորդի (ծառայությունից օգտվողի) համաձայնությամբ (պահանջով) նրանց կարող է տրվել այդ փաստաթղթի օտար լեզվով լրացված օրինակ:

9. Հանձնարարության պայմանագրերի համաձայն` գործարք իրականացնելու ժամանակ երրորդ կողմի (կողմերի) առկայության դեպքում ծախսերը հիմնավորող փաստաթղթերը լրացնելիս առանձին նշվում են հանձնարարության պայմանագրի և երրորդ կողմի (կողմերի) տվյալները:

10. Ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը կարող են լրացվել (կազմվել)` ներառելով նաև այլ (սույն կարգի 2-րդ կետում չնշված) տվյալներ ու տեղեկություններ (մասնավորապես, սահմանված դեպքերում` նշում անուղղակի հարկերի մասին, անհատ ձեռներեցի պետական գրանցման վկայականի համարը և այլն):