040.0327.08.08.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
8 օգոստոսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 1997 թվականի N 327
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կարգը:
2. Հայաստանի Հանրապետությունում շնորհվում են գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճաններ` ըստ գիտության բնագավառների:
Գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն (եռաստիճան բարձրագույն կրթական համակարգում` մագիստրոսի որակավորում), գիտության որոշակի բնագավառում` գիտական ավանդ և հանձնել են որակավորման քննություններ` Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի (այսուհետև` ԲՈՀ) սահմանած կարգով:
3. Գիտական աստիճան շնորհում է մասնագիտական խորհուրդը` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը:
4. Գիտական աստիճանի վկայագիր հանձնում է ԲՈՀ-ը:
5. Օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցնում է ԲՈՀ-ը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի սահմանված:
II. ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
6. Ատենախոսությունը հեղինակի գիտական հետազոտությունների հիման վրա կազմված աշխատություն է, որը ներկայացվում է գիտական աստիճանի հայցման համար:
7. Թեկնածուի գիտական աստիճանի (առաջին գիտական աստիճան) հայցման համար ներկայացված ատենախոսությունն աշխատություն է, որը կարող է գնահատվել իբրև գիտության տվյալ բնագավառում կարևոր նշանակություն ունեցող խնդրի լուծում կամ նոր խնդրի առաջադրում և կամ կիրառական կարևոր խնդրի լուծումն ապահովող գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական կամ տեխնոլոգիական մշակում:
8. Դոկտորի գիտական աստիճանի (երկրորդ` բարձրագույն գիտական աստիճան) հայցման համար ներկայացված ատենախոսությունն աշխատություն է, որը կարող է գնահատվել իբրև էական նվաճում գիտության տվյալ բնագավառում կամ գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական, տեխնոլոգիական այնպիսի լուծում, որը հիմնավորապես կնպաստի գիտատեխնիկական առաջընթացին:
9. Ատենախոսության թեման հաստատում է համապատասխան մասնագիտական հիմնարկը` համաձայն ԲՈՀ-ի սահմանած կարգի:
10. Ատենախոսության հիմնական արդյունքները և դրույթները մինչև ատենախոսության պաշտպանությունը պետք է հրատարակվեն միջազգային նշանակություն ունեցող գրախոսվող գիտական հրատարակություններում, միջազգային գիտական համաժողովների (կոնֆերանս) թեզիսների ժողովածուներում կամ ԲՈՀ-ի սահմանած ցուցակում ընդգրկված գիտական հրատարակություններում:
Հրատարակված աշխատություններում նյութի ընդգրկման լիարժեքությունը գնահատում է մասնագիտական խորհուրդը:
11. Ատենախոսության մեջ հայցողը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր:
12. Ատենախոսությանը հավասարազոր են սույն կանոնակարգի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին համապատասխանող մենագրությունը, գիտության դոկտորի աստիճանի համար` նաև հրատարակված գիտական աշխատանքների հիման վրա կազմված ամփոփ գիտական զեկուցումը:
Գիտական զեկուցման ձևով ատենախոսությունը տվյալ բնագավառում գիտական և կիրառական մեծ նշանակություն ունեցող, լայն ճանաչում ստացած տպագիր աշխատանքների ամփոփ շարադրանքն է: Գիտական զեկուցման ձևով ատենախոսության պաշտպանության թույլտվությունը տալիս է ԲՈՀ-ը` համապատասխան մասնագիտական խորհրդի ներկայացմամբ:
13. Ատենախոսությունը պետք է ունենա համառոտ շարադրանք` սեղմագիր: Սեղմագիրն արտացոլում է ատենախոսության հիմնական դրույթներն ու եզրահանգումները, արդյունքների նորությունը, կիրառական նշանակությունը: Սեղմագիրը տպագրվում է մասնագիտական խորհրդի թույլտվությամբ` թեկնածուի գիտական աստիճանի համար` մինչև մեկ, դոկտորի գիտական աստիճանի համար` երկու տպագրական մամուլ ծավալով: Հասարակական գիտությունների գծով ատենախոսության սեղմագրի ծավալը կարելի է ավելացնել 30 տոկոսով: Սեղմագիրը տպագրվում է խորհրդի սահմանած քանակով` առնվազն 50 օրինակ: Գիտական զեկուցման ձևով ատենախոսության համար սեղմագիր չի կազմվում, այն ընդունվում է որպես սեղմագիր:
14. Ատենախոսությունը և սեղմագիրը ներկայացվում են հայերեն: Մասնագիտական խորհրդի համաձայնությամբ դրանք կարելի է ներկայացնել այլ լեզվով:
Սեղմագրի վերջում տրվում է ռուսերեն ամփոփագիր (հայերեն ամփոփագիր, եթե սեղմագիրն այլ լեզվով է): Անհրաժեշտության դեպքում, մասնագիտական խորհրդի որոշմամբ, սեղմագրի տպաքանակի մի մասը կարող է լինել նաև այլ լեզվով:
III. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
15. Մասնագիտական խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) ստեղծվում և գործում է ըստ ԲՈՀ-ի հաստատած մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգի:
16. Խորհուրդ ստեղծում է ԲՈՀ-ը` գիտական և բարձրագույն կրթական այն հաստատություններում, գիտաարտադրական, գիտատեխնիկական ձեռնարկություններում, որոնք համապատասխան բնագավառներում հայտնի են գիտական նվաճումներով: Խորհուրդ ստեղծվում է հիմնարկի հայտով և համապատասխան նախարարության, գերատեսչության կամ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջնորդությամբ` խորհրդի անհրաժեշտության, տվյալ հիմնարկում գործունեության նպատակահարմարության հիմնավորմամբ և աշխատանքային պայմանների երաշխավորմամբ:
Հիմնարկի հայտին և միջնորդությանը կցվում են խորհրդի անդամների մասին տվյալները:
Խորհուրդն օգտագործում է տվյալ հաստատության (ձեռնարկության) կնիքը և բլանկը:
17. Սույն կանոնակարգով սահմանված կարգը պարբերաբար խախտելու, ատենախոսությունների պաշտպանության պատշաճ որակ չապահովելու դեպքում ԲՈՀ-ը կարող է վերակազմավորել կամ լուծարել խորհուրդը:
18. Խորհրդում ատենախոսության պաշտպանության, ինչպես նաև սեղմագրի տպագրության ծախսերը հատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից այդ նպատակով ԲՈՀ-ին հատկացված միջոցների հաշվին:
IV. ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
19. Գիտական աստիճանի հայցորդը ԲՈՀ-ի հաստատած հանձնաժողովներում պետք է հանձնի որակավորման քննություններ` մասնագիտությունից, փիլիսոփայությունից և օտար լեզվից, ինչպես նաև ստուգարք` ինֆորմատիկայից (տեղեկաբանություն):
20. Այն հիմնարկը, որտեղ հաստատվել է ատենախոսության թեման, ատենախոսության նախնական փորձաքննությունից հետո տալիս է իր եզրակացությունը` նշելով հեղինակի կոնկրետ մասնաբաժինը ստացված արդյունքներում, հետազոտության արդյունքների հավաստիությունը, նորությունը, կիրառական նշանակությունը, ատենախոսությանը համապատասխանող մասնագիտությունն ըստ գիտական աստիճանաշնորհման անվանացանկի, հեղինակի հրատարակած աշխատություններում հետազոտման արդյունքների ընդգրկման լիարժեքությունը:
Եզրակացությունը հայցորդին պետք է տրվի ատենախոսությունը նախնական փորձաքննության հանձնելուց հետո` թեկնածուի գիտական աստիճանի համար` երկու, դոկտորի գիտական աստիճանի համար` երեք ամսվա ընթացքում:
21. Անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում ատենախոսությունն ընդունվում է խորհուրդ` նախնական քննարկման: Նախնական քննարկումը կազմակերպվում է թեկնածուի գիտական աստիճանի համար` երկու, դոկտորի գիտական աստիճանի համար` երեք ամսվա ընթացքում, համաձայն խորհրդի աշխատանքի կանոնակարգի:
22. Ատենախոսությունը պաշտպանության ընդունելու դեպքում խորհուրդը նշանակում է ատենախոսության պաշտոնական ընդդիմախոսներ` գիտական աստիճան ունեցող, գիտության տվյալ բնագավառի մասնագետ գիտնականների, թեկնածուի գիտական աստիճանի համար` երկու ընդդիմախոս (ընդ որում, նրանցից առնվազն մեկը` գիտության դոկտոր), դոկտորի գիտական աստիճանի համար` երեք ընդդիմախոս (գիտության դոկտորներ):
Տվյալ ատենախոսությունը պաշտպանության ընդունած խորհրդի անդամ, որպես կանոն, կարող է լինել ընդդիմախոսներից միայն մեկը:
Պաշտոնական ընդդիմախոսներ, որպես կանոն, չեն կարող լինել ԲՈՀ-ի աշխատողները, ատենախոսությունը պաշտպանության ընդունած խորհրդի նախագահը և գիտական քարտուղարը, հայցորդի գիտական ղեկավարը, ատենախոսության թեմայով հրատարակված աշխատանքների համահեղինակները, այն հիմնարկների ղեկավարները, որտեղ հաստատվել է ատենախոսության թեման և կամ որտեղ կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ, որոնց պատվիրատուն կամ կատարողը հայցորդն է:
Պաշտոնական ընդդիմախոսը, ուսումնասիրելով ատենախոսությունը և այդ թեմայով հրատարակված աշխատանքները, խորհրդին, վերջինիս սահմանած ժամկետում, ներկայացնում է կարծիք, որտեղ գնահատում է ատենախոսության թեմայի արդիականությունը, գիտական դրույթների և եզրահանգումների ճշտությունը, նորությունը և հիմնավորման աստիճանը, ատենախոսության համապատասխանությունը սույն կանոնակարգի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերին:
Խորհուրդը պաշտոնական ընդդիմախոսների կարծիքների պատճենները հայցորդին է հանձնում ատենախոսության պաշտպանությունից առնվազն տասն օր առաջ:
Խորհուրդն իրավասու է պաշտոնական ընդդիմախոսին վերադարձնելու կարծիքը` վերամշակման, եթե այն չի համապատասխանում նշված պահանջներին:
23. Ատենախոսության պաշտպանությունը կարող է կայանալ նաև ընդդիմախոսներից մեկի բացակայության դեպքում, եթե առկա է բացակա ընդդիմախոսի գրավոր կարծիքը, որը հրապարակվում է խորհրդի նիստում:
24. Խորհուրդն ատենախոսությունը կարծիքի է ուղարկում գիտության տվյալ բնագավառում հայտնի` առաջատար հիմնարկ, որը գնահատում է ատենախոսությունը, նշում արդյունքների նշանակությունը գիտության և արտադրության ոլորտներում, տալիս հանձնարարականներ` դրանք օգտագործելու համար: Կարծիքը հաստատում է առաջատար հիմնարկի ղեկավարը: Խորհուրդը կարծիքի պատճենը հայցորդին է հանձնում ատենախոսության պաշտպանությունից առնվազն տասն օր առաջ:
Խորհուրդն իրավասու է փոխելու առաջատար հիմնարկը կամ վերադարձնելու առաջատար հիմնարկի կարծիքը, եթե այն չի համապատասխանում նշված պահանջներին:
25. Ատենախոսության պաշտպանությունը, ինչպես խորհրդի բոլոր նիստերը, անցկացվում է հայերեն:
26. Խորհրդի նիստի ժամանակ ատենախոսության պաշտպանության ընթացակարգը սահմանվում է խորհրդի աշխատանքի կանոնակարգով:
27. Հայցորդն իրավունք ունի գրավոր դիմումով հանելու ատենախոսությունը պաշտպանությունից` մինչև գաղտնի քվեարկությունն սկսվելը:
Եթե առանց սկզբնաղբյուրները նշելու այլ հեղինակներից օգտագործվել են որոշակի դրույթներ և նյութեր, խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, ատենախոսությունը հանում է պաշտպանությունից` առանց տվյալ ատենախոսության նոր պաշտպանության իրավունքի և ԲՈՀ է ուղարկում իր որոշումը` սեղմագրի և նիստի սղագրության հետ միասին: Նման դեպքում ատենախոսությունը պաշտպանությունից հանելու մասին հայցորդի դիմումը չի ընդունվում:
28. Ատենախոսության պաշտպանությունից հետո գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը խորհուրդն ընդունում է գաղտնի քվեարկությամբ:
29. Գաղտնի քվեարկությունից հետո, դրական որոշման դեպքում, խորհուրդը բաց քվեարկությամբ ընդունում է ատենախոսության մասին եզրակացություն: Եզրակացության մեջ պետք է արտացոլվեն ատենախոսության էական գիտական արդյունքները, դրանց նորության, հավաստիության գնահատականը, տեսական և կիրառական նշանակությունը, պետք է տրվեն հանձնարարականներ` դրանք օգտագործելու համար, պետք է նշվի, թե սույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ կետի որ պայմանին (պայմաններին) են համապատասխանում ատենախոսությունը, ինչպես նաև գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը:
30. Դրական որոշման դեպքում խորհուրդը ԲՈՀ է ուղարկում որակավորման գործը, որն ընդգրկում է ատենախոսությունը, սեղմագիրը և խորհրդի աշխատանքի կանոնակարգով սահմանված փաստաթղթերը: Բացասական որոշման դեպքում խորհուրդն այդ մասին գրավոր հայտնում է ԲՈՀ-ին և հայցորդին է տալիս քաղվածք խորհրդի նիստի արձանագրությունից` գաղտնի քվեարկության արդյունքների մասին:
Հայցորդը խորհրդի բացասական որոշումը կարող է գանգատարկել ԲՈՀ` վերջինիս սահմանած կարգով:
V. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԲՈՀ-ՈՒՄ
31. ԲՈՀ-ը ուսումնասիրում է որակավորման գործը` ատենախոսության ձևավորման համապատասխանությունը ԲՈՀ-ի սահմանած պահանջներին, ինչպես նաև գիտական աստիճանաշնորհման ընթացակարգի և ատենախոսության համապատասխանությունը սույն կանոնակարգի պահանջներին:
ԲՈՀ-ը ատենախոսությունների մի մասը, իր ընտրությամբ և իր սահմանած կարգի համաձայն, տալիս է փորձաքննության` սույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ կետի պահանջներին ատենախոսության համապատասխանությունն ստուգելու նպատակով:
32. Սույն կանոնակարգի պահանջներին որակավորման գործի համապատասխանության դեպքում ԲՈՀ-ը հանձնում է սահմանված ձևի գիտական աստիճանի վկայագիր` հիմք ընդունելով խորհրդի որոշումը և որակավորման գործի ուսումնասիրության արդյունքը:
33. ԲՈՀ-ը, ելնելով որակավորման գործի ուսումնասիրության արդյունքներից, կարող է մերժել խորհրդի` գիտական աստիճանի վկայագիր հանձնելու միջնորդությունը` բեկանելով գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը:
34. Եթե որակավորման գործի ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են սույն կանոնակարգի այնպիսի խախտումներ, որոնք հնարավորություն չեն տալիս գիտական աստիճանի վկայագիր հանձնելու մասին վերջնական որոշում ընդունելու, ԲՈՀ-ը աշխատանքը վերադարձնում է խորհուրդ` կրկնական քննարկման, որի կարգը սահմանվում է խորհրդի աշխատանքի կանոնակարգով:
35. Գիտական աստիճանի վկայագիրը հանձնելուց հետո ԲՈՀ-ը ատենախոսությունն ուղարկում է Հայաստանի ազգային գրադարան:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.11.2023, N 1901-Ն | 04.11.2023, N 327 | |
21.02.2019, N 119-Ն | 07.03.2019, N 327 | |
25.02.2016, N 260-Ն | 27.03.2016, N 327 | |
26.02.2015, N 214-Ն | 28.03.2015, N 327 | |
21.10.2010, N 1436-Ն | 04.12.2010, N 327 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|