Գլխավոր տեղեկություն
Համար
N 185
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.1997-10.12.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.06.21/14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.12.1998

«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
17 հունիսի 1997 թ.

 

 

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 1997 թվականի N 185
քաղ. Երևան 

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1994 թվականի հունիսի 14-ի «Եկամտահարկի հաստատագրված վճարումներ, ինչպես նաև եկամտահարկի և շահութահարկի հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեության առանձին տեսակների համար հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների համար սահմանել շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումներ:

2. Հաստատել հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումների հաշվարկման և վճարման կարգը (կցվում է):

3. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումների կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը:

4. Որոշման հրապարակումից մեկամսյա ժամկետում սույն որոշման համաձայն հաստատագրված վճարումներ կատարողները պարտավոր են իրենց գրանցման վայրի հարկային մարմիններ ներկայացնել սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան անհրաժեշտ ելակետային տվյալները և ուղղիչ գործակիցները:

5. Սահմանել, որ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար այդ մասով շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի կանխավճարային մուծումներ չեն կատարվում:

6. Սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ հրահանգները, պարզաբանումները սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և (կամ) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ:

7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի «Անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման կարգի մասին» N 300 և 1993 թվականի մայիսի 20-ի «Պետական գրանցում ստացած անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաների սահմանման մասին» N 253 որոշումների գործողությունը եկամտահարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկման առումով չի տարածվում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողների վրա:

8. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 10-ի «Հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկություններից բյուջե գանձումների մասին» N 599 որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 10-ի N 599 որոշումը լրացնելու մասին» N 333 որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 10-ի N 599 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 74 որոշումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունիսի 17-ի N 185 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

 ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ) ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտներ) կողմից սույն կարգի համաձայն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար շահութահարկին (եկամտահարկին) և ավելացված արժեքի հարկին համարժեք հաստատագրված վճարումների (այսուհետև` հաստատագրված վճարումներ) հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը:

2. Հաստատագրված վճարումները կապված չեն տնտեսական գործունեության արդյունքների հետ և որոշվում են սույն կարգով նախատեսված չափերով:

3. Սույն կարգի գործողությունը չի տարածվում հանրակրթական դպրոցներում տեղաբաշխված հանրային սննդի փակ վայրերի վրա:

 

 II. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն կարգի շրջանակներում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

հանրային սնունդ` խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և սպառման կազմակերպում.

խոհարարական արտադրանք` կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսաֆաբրիկատների համախումբ.

հանրային սննդի սպասարկման սրահ` հատուկ կահավորված տարածք` նախատեսված պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար:

 

III. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5. Հաստատագրված վճարումները հաշվարկվում են ելակետային (բազային) ցուցանիշների արտադրյալների նկատմամբ ուղղիչ գործակիցների կիրառման միջոցով:

Ելակետային տվյալներն են`

ա) հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը (ՍՍՄ):

Սեզոնային (բացօթյա) վայրերում սպասարկման մակերեսն ընդունվում է ընդհանուր մակերեսի 70 տոկոսի չափով:

Արտաքին բուֆետների (շարժական և հատուկ սարքավորումներով խոհարարական արտադրանքի պատրաստմամբ և սպասարկմամբ զբաղվող) և սպասարկման սրահ չունեցող այլ վայրերի համար սպասարկման մակերեսն ընդունվում է 20 քառ. մետրի չափով.

բ) Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի (ՍՆԱ) 5 տոկոսը.

գ) ամսվա ընթացքում հանրային սննդի գործունեության իրականացման օրերը:

Ուղղիչ գործակիցներն են`

ա) այն վայրերի համար, որտեղ բացակայում են խոհարարական արտադրանքի ջերմային խոհարարական մշակումը և ալկոհոլային խմիչքները (Գ1)` 0,6.

բ) սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող վայրերի (օբյեկտների) համար (Գ2)` 0,6:

Հաստատագրված վճարման չափը յուրաքանչյուր ամսվա համար որոշվում է հետևյալ բանաձևով`

ՀՎ = ՍՆԱ 5 % x ՍՍՄ x Օր x Գ1 x Գ2:

6. Տնտեսավարող սուբյեկտները հաստատագրված վճարումների հաշվարկումն իրականացնում են ինքնուրույն` ելնելով ելակետային տվյալներից և ուղղիչ գործակիցներից` սույն կարգի 5-րդ կետին համապատասխան:

Հաստատագրված վճարումների գումարի մուծումը կատարվում է ամեն ամսվա համար` մինչև հաջորդ ամսվա 25-ը:

7. Տնտեսավարող սուբյեկտները հանրային սննդի իրականացման վայրում, երևացող տեղում, փակցնում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմնի կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթը (պատճենը)` հաստատագրված վճարումների հաշվարկման համար համապատասխան տվյալներով:

Ելակետային տվյալներում կամ ուղղիչ գործակիցներում փոփոխություններ լինելու կամ գործունեության դադարեցման (այդ թվում` ժամանակավոր), ինչպես նաև գործունեության սկսման (վերսկսման) դեպքերում տնտեսավարող սուբյեկտները համապատասխան փոփոխություններ են կատարում վճարումների հաշվարկներում` այդ մասին նախօրոք գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին:

Ելակետային տվյալները (դրանց փոփոխությունները), ինչպես նաև ուղղիչ գործակիցները (դրանց փոփոխությունները) գրանցվում են (վերագրանցվում են) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմնում` խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող անձնական քարտերում:

Ելակետային տվյալները և ուղղիչ գործակիցները Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմնում պարտադիր վերագրանցվում են տարեկան երկու անգամ` հունվարի 1-ի և հուլիսի 1-ի դրությամբ:

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ այլ տեղեկություններ չներկայացվելու դեպքում յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարումների չափը հաշվարկվում է նախորդ (վերջին) հաստատագրված վճարումների հաշվարկման համար հիմք ընդունված ելակետային և ուղղիչ գործակիցների կիրառմամբ, բացառությամբ հանրային սննդի գործունեության իրականացման օրերի թվի, որն ընդունվում է ամսվա օրացուցային օրերի թվին հավասար:

8. Տնտեսավարող սուբյեկտները սույն կարգի համաձայն հաստատագրված վճարումներով հարկվող հանրային սննդի ոլորտում գործունեության գծով արտադրության և շրջանառության ծախքերին վերաբերող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարված ավելացված արժեքի հարկի գումարները միացնում են արտադրության և շրջանառության ծախքերին, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ կարգ չի նախատեսված:

Սույն կարգի համաձայն հաստատագրված վճարումներ կատարող տնտեսավարող սուբյեկտների կողմից այդ գործունեության գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ավելացված արժեքի հարկի դրույքաչափի և գումարի նշում չի կատարվում:

Հարկի գումարի առանձնացման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում է սահմանված ընդհանուր կարգով, անկախ հաստատագրված վճարումների կատարումից:

9. Սույն կարգին համապատասխան հաստատագրված վճարումներ կատարող տնտեսավարող սուբյեկտները վարում են գործունեության այդ տեսակի համար առանձնացված հաշվապահական հաշվառում, որի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության, շահույթի (եկամտի) ընդհանուր գումարը հարկման նպատակով նվազեցվում է նույն ժամանակաշրջանում հաստատագրված վճարումներով հարկվող հանրային սննդի ոլորտում գործունեության իրականացումից ստացված իրացման շրջանառության, շահույթի (եկամտի) գումարի չափով: Առանձնացված հաշվառման վարման արդյունքներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ ներկայացվող հարկային հաշվարկների (հայտարարագրերի) մեջ:

Տնտեսավարող սուբյեկտները գործունեության մյուս տեսակների համար հարկերն ու այլ պարտադիր վճարումները հաշվարկում և վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

10. Տնտեսավարող սուբյեկտների համար հաստատագրված վճարումներով հարկվող գործունեության այդ մասով կասեցվում են շահութահարկի (եկամտահարկի հարկի) և ավելացված արժեքի հարկի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները:

11. Շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումների մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոսի չափով:

12. Սույն կարգի համաձայն, հաստատագրված վճարումներ կատարող տնտեսավարող սուբյեկտներն այն ժամանակամիջոցի համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի կանխավճարային մուծումներ չեն կատարում:

 

IV. ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Սույն կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Սույն կարգի խախտումներ են համարվում, մասնավորապես, ելակետային տվյալների, ուղղիչ գործակիցների անհամապատասխանելիությունը, ինչպես նաև մինչև հաստատագրված վճարումներով հարկվող հանրային սննդի ոլորտում գործունեություն սկսելը գործունեություն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմնին չտեղեկացնելը:

15. Սույն կարգի համաձայն հաստատագրված վճարումների կատարումը տնտեսավարող սուբյեկտներին չի ազատում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքների (նյութական այլ արժեքների) հաշվառումը վարելու, հանրային սննդի սահմանված կանոնները պահպանելու, ինչպես նաև համապատասխան լիցենզիա (արտոնագիր) ունենալու պարտականություններից: