Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-527
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.11.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2005/ 1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
05.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1970 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

5 նոյեմբերի 2004 թ.


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. նախագահող` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1970 թվականի հունիսի 22-ին Ժնևում ընդունված` Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.


1. Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1970 թ. հունիսի 22-ին Ժնևում` անհիմն ցածր աշխատավարձով աշխատող վարձու աշխատողների պաշտպանության նպատակով:

Կոնվենցիան ուժի մեջ է 1972 թ. ապրիլի 29-ից:

2. Սույն կոնվենցիան լրացնում է «Նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի մասին» 1928 թ., «Գյուղատնտեսության մեջ նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգի մասին» 1951 թ., «Հավասար վարձատրության մասին» 1951 թ. (ՀՀ-ն միացել է 21.12.1993 թ.) կոնվենցիաներին:

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- սահմանել վարձու աշխատողների բոլոր խմբերն ընդգրկող նվազագույն աշխատավարձի սահմանման համակարգ,

- ապահովել, որպեսզի սահմանվեն վարձու աշխատողների այն խմբերը, որոնց վրա տարածվում է նվազագույն աշխատավարձի սահմանման համակարգը,

- ապահովել, որպեսզի նվազագույն աշխատավարձը չնվազեցվի, ինչպես նաև ստեղծել ազգային պայմաններին և պահանջներին հարմարեցված այնպիսի ընթացակարգ, որը թույլ կտա ժամանակ առ ժամանակ վերանայել վարձու աշխատողների խմբերի նվազագույն աշխատավարձը,

- կոնվենցիայի կիրառման մասին իր առաջին զեկույցում նշել վարձու աշխատող անձանց այն բոլոր խմբերը, որոնց վրա չի տարածվում կոնվենցիայի 1 հոդվածի դրույթների գործողությունը` նշելով դրանք չտարածելու պատճառները, այդպիսի խմբերի վերաբերյալ իր օրենսդրության և փորձի վիճակի մասին,

- ձեռնարկել համապատասխան միջոցներ նվազագույն աշխատավարձի վերաբերյալ բոլոր դրույթների արդյունավետ կիրառումն ապահովելու համար:

4. Ըստ կոնվենցիայի` նվազագույն աշխատավարձը սահմանող դրույթն ունի օրենքի ուժ: Կոնվենցիան նախատեսում է նաև այն գործոնները, որոնք Կողմերը կարող են հաշվի առնել նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս:

5. Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 1 և 29 հոդվածներում ամրագրված սկզբունքներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.


1. 1970 թ. հունիսի 22-ին Ժնևում ընդունված` Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Նախագահող

Գ. Հարությունյան


5 նոյեմբերի 2004 թվականի
ՍԴՈ-527

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան